‘Արմեն Բադալյան. Սերժ Սարգսյանը փորձում է հետ պահել հնարավոր նախընտրական և հետընտրական ակտիվությունից ‘

949

Սերժ Սարգսյանը հասարակության մի մասին փորձում է հետ պահել հնարավոր նախընտրական և հետընտրական ակտիվությունից՝ պատճառաբանելով, որ այդ ակտիվությունը, հնարավոր է՝ օգտագործվի Ադրբեջանի կողմից, ու պատերազմ լինի: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի մասին:

«Այսինքն՝ վախի սինդրոմի վրա խաղալու քայլ է ներքին լսարանի դեմ: Չեմ կարծում՝ դա արդյունք տա, որովհետև գիտակից մասը լավ էլ հասկանում է, որ պատերազմը Ադրբեջանի ցանկությամբ չի սկսվելու, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն դեպքում, երբ աշխարհի խաղացողների կողմից դրա համաձայնությունն ունենա, ես կարծում եմ՝ նա այդ համաձայնությունը չունի, ու ոչ մեկին էլ ձեռք չի տալիս պատերազմը: Առավել ևս՝ Ադրբեջանին, որը տեսնում է, թե ինչպես է Հայաստանի բնակչությունը արտագաղթում և, բնականաբար, թուլանում: Ինչո՞ւ պատերազմ սկսել, եթե կարելի է, ենթադրենք, 10 տարի հետո առանց պատերազմի այդ նույն ամեն ինչը վերցնել»,- պարզաբանեց Բադալյանը՝ նշելով, թե դա թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար անիմաստ փիառ մեսիջներ են:

Ինչ վերաբերում է քաղաքականությամբ չհետաքրքրվողներին, ապա, ըստ Բադալյանի, նրանք սոցիալական խնդիրների լուծմամբ են զբաղված, ու նրանց այլ խնդիրներ են հետաքրքրում:

«Շատ փոքր մասը կարող է հավատալ այդ պատերազմի հնարավոր ծագմանը: Նման դեպքում արժի՞ այդքան ռեսուրս ծախսել՝ բնակչության գուցե 1-2 տոկոսին ինչ-որ բան հազմոզելու համար»,- հարց է տալիս Բադալյանը:

Անդրադառնալով արտաքին լսարանի վրա հնարավոր ազդեցությանը՝ փորձագետը կարծիք հայտնեց, թե նման հայտարարությունները բնական են, քանի որ Սերժ Սարգսյանը միջազգային մամուլին Ադրբեջանը պետք է ներկայացնի որպես ապակառուցողական դաշտ, ինչը և նա անում է:

«Նմանապես՝ Ադրբեջանի նախագահն էլ տարբեր լսարաններում նույն պատասխանն է տալիս՝ ներկայացնելով, որ ապակառուցողական Հայաստանը օկուպացրել է, դեմ է բանակցային գործընթացին և այլն: Երկուստեք միջազգային լսարանին փորձում են համոզել, որ իրենք ճիշտ են, սխալը մրցակիցն է: Միջազգային լսարանը լավ էլ գիտի, ամենայն հավանականությամբ, լավ էլ հասկանում է իրար դեմ ուղղված այդ փիառ բողոքների իմաստը»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հարցազրույց էր տվել Reuters-ին՝ մեղադրելով Ադրբեջանին նոր պատերազմի սպառնալիք ստեղծելու համար:

Նախորդ հոդվածը‘ Տայսոնի գոլը համարել են դարի գոլ’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Երբ Շարմազանովը սկսի բան հասկանալ քաղաքականությունից, կարելի է հանգիստ սրտով մեռնել’