‘
iLur.am-ի զրուցակիցն է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
— Ամռան այս օրերին ներքաղաքական կյանքը կարծես թե կանգնել է: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ, թե՞ դա միայն առաջին տպավորություն է:
— Ներքաղաքական կյանքը պետք է սնուցվի հասարակությունից եկած ազդակներով: Իսկ եթե հասարակությունից ազադակներ չեն գալիս, ինչո՞վ սնուցվի ներքաղաքական կյանքն ու ինչպես առաջ շարժվի: Իհարկե, հիմա իշխանության ներսում տարբեր խմբավորումների միջեւ գործընթացներ են ընթանում: Բայց դա չի կարելի համարել ներքաղաքական կյանք, դրանք իշխանության ներսում երեւացող ու չերեւացող պայքարի դրսեւորումներ են: Իսկ ներքաղաքական կյանքն ակտիվ չէ, քանի որ հասարակությունը ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո կարծես թե հուսալքվել է, առավել եւս` գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից ու դրան հետեւող թանկացումներից հետո, երբ մարդիկ հասկացան, որ երկիրն ուղղահայաց անկում է ապրում, ուստի եւ գերադասում են հեռանալ այստեղից: Մարդիկ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեն, նրանք հիմա արտագաղթում են:
— Եւ այս իրավիճակը երկա՞ր կտեւի, թե՞ սեպտեմբերին հնարավոր է ակտիվացում` կապված, մի կողմից՝ արձակուրդային սեզոնի ավարտի, մյուս կողմից՝ սակագների բարձրացման հետ:
— Սեպտեմբերին քաղաքական ակտիվություն սկսեց դրսեւորվել 2008թ.-ից, երբ Հայ Ազգային Կոնգրեսը փորձում էր ակտիվ պահել քաղաքական դաշտը`մինչև 2012թ,. արդյունքներ գրանցելու համար: Սակայն տեսանք, որ Կոնգրեսը չհասավ այն արդյունքին, որին ձգտում էր. խոսքը իշխանափոխության մասին է: Այնպես որ, նախորդ տարիներին աշնանը տեղի ունեցած քաղաքական սրացումները պայմանավորված էին հենց այդ հանգամանքով: Հիմա առջեւում ընտրություններ չեն սպասվում, ուստի ակտիվանան մարդիկ, որ ի՞նչ անեն:
Բայց նաեւ նշեմ, որ ես համաձայն չեմ տեսակետի հետ, թե հասարակությունն ակտիվ չէ: Հասարակությունը լավ էլ ակտիվ է, բայց ոչ թե փողոցում, այլ` սահմանակետերում: Գնացեք օդանավակայան, գնացեք Բագրատաշենի սահմանակետ, գնացեք Վերին-Լարս եւ կտեսնեք` հասարակությունը որքան ակտիվ է: Այսօր հայ հասարակության ակտիվությունը դրսեւորվում է ոչ թե Երեւանի կամ մյուս բնակավայրերի փողոցներում, այլ սահմանային անցակետերում: Ինչպես տեսանք՝ Հարսնաքարում տեղի ունեցած սպանության առաջին տարելիցի առիթով կազմակերպված բողոքի ակցիային հազիվ հիսունից հարյուր հոգի էր մասնակցում` Երեւանի քաղաքականապես ակտիվ բնակչության չնչին մասը: Իմ հաշվարկներով՝ Երեւանում քաղաքականապես ակտիվ 100 հազար մարդ կա: Հիմա ինքներդ պատկերացրեք` որտեղ 100 հազարը, որտեղ 100 հոգին: Ասվածը վերաբերում է նաեւ մյուս դեպքերին հաջորդած արձագանքներին` Սյունիքի մարզում կատարվածը, օֆշորային պատմությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումները, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, Գյումրիի կրակոցները եւ այլն, եւ այլն: Այս ամենի մասին գրում են լրագրողները, խոսում են լրագրողներն ու քաղաքական գործիչները` մասնագիտական պարտականություններից ելնելով, եւ վերջ: Իսկ հասարակությունը չի ցանկանում արձագանքել այս ամենին, ավելին` արդեն չի ցանկանում մասնակցել կատարվողին: Այնպես որ, եթե հասարակությունը չի ցանկանում քաղաքական գործընթացների մասնակցել, սեպտեմբերին ակտիվանա, որ ի՞նչ անի:
— Սոցիալական վիճակի վատթարացումն է՞լ չի ստիպի մարդկանց ակտիվանալ, փողոց դուրս գալ:
— Սոցիալական վիճակը երբեք չի ստիպել մարդկանց փողոց դուրս գալ: Դրա օրինակն էլ կա. Արմավիրում մայիսին տեղի ունեցած կարկտահարությունը, որը եւս սոցիալական վիճակի վատթարացում է: Մարդիկ մեկ օր դուրս եկան փողոց, ճանապարհը փակեցին, այն էլ` ոչ թե քաղաքական հարցեր բարձրացնելու համար, այլ` ասում էին մեզ փող տվեք, մի կերպ ապրենք: Նրանք արդյունքի չհասան. ոստիկանությունը նրանց դեմ դուրս եկավ, իսկ երեկոյան, ըստ ինձ հասած լուրերի, ոստիկանները, մեկ առ մեկ այցելելով մարդկանց, սպառնացել են: Արդյունքում՝ այդ մարդիկ պարզապես գնացին ՌԴ` արտագնա աշխատանքի: Այնպես որ, սոցիալական հարցերը եւս մարդկանց հազիվ թե փողոց հանեն: Մի մասի մոտ աշխատում է արտագաղթողի հոգեբանությունը, եւ երբ մյուսները, տեսնելով, որ մարդիկ հեռանում են երկրից, իրենք էլ չեն ցանկանում որեւէ առնչություն ունենալ իշխանությունների հետ, որովհետեւ հասկանում են` ակտիվ պայքարը կարող է ազդի իր անձնական անվտանգության վրա: Այս իրավիճակում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը կամ իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն ինչ կարող են անել, եթե չկա հասարակության աջակցությունը: Զուտ իրենց կուսակցական մի քանի հազար հոգով ի՞նչ կարող են անել: Ի միջի այլոց, հասարակությանն էլ պետք է հասկանալ. մարդիկ մեկ կյանք են ապրում եւ չեն կարող ամբողջ կյանքը պայքարել, 20 տարի շարունակ պայքարել: Սա՝ առավել եւս ինտերնետի դարաշրջանում, երբ կարելի է տեսնել, թե ուրիշ երկրներում մարդիկ ինչպես են ապրում: Այդ դեպքում մարդիկ կարող են պարզապես գնալ ուրիշ երկրում ապրելու:
— Իսկ ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը:
— Իրավիճակից դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ երբ գոնե մեկ-երկու անգամ ազնիվ ու արդար ընտրություններ անցկացնեն: Բայց քանի որ մոտակա ընտրությունները 2017-2018թթ են լինելու, մարդիկ իրավիճակից դուրս գալու արտագաղթի ելքն են ընտրում: Եվ հետո, իշխանափոխությունն էլ պետք է լինի ազնիվ ու արդար, որպեսզի իշխանությունները դրանից հետո գնան կտրուկ բարեփոխումների՝ ինչպես Վրաստանում արեց Սահակաշվիլին: Դրանից հետո էլ պետք է անցնի մի քանի տարի, որ մարդիկ տեսնեն այդ փոփոխությունները, փոփոխությունների հետեւանքները, որից հետո հասարակության գիտակցությունը փոխվի: Ես, իհարկե, նկատի չունեմ ֆորս-մաժորային իրավիճակները, որոնք կարող են լինել ոչ թե հասարակության ներսից թելադրված, այլ` դրսից խթանված:
— Կխնդրեի անդրադառնալ նաեւ ներիշխանական դաշտում տեղի ունեցող վերջին իրադարձություններին` Ս.Սարգսյանի վերջին խորհրդակցությունը, որտեղ նա անդրադարձավ ՎՊ հաշվետվությանը, քննադատեց ՎՊ նախագահին: Սա ի՞նչ էր նշանակում:
— Որտեղ կա իշխանություն, կա նաեւ ներքին պայքար: Այդպես է նաեւ նորմալ, ժողովրդավարական երկրներում: Ժողովրդավարական երկրներում պայքարը գնում է տարբեր կուսակցությունների միջեւ: Ավելին, մրցակցություն ու պայքար կա նաեւ հենց կուսակցությունների ներսում: Իսկ ոչ ժողովրդավարական երկրներում մի փոքր այլ է: ՀՀԿ-ում կան ոչ թե թեւեր, այլ` խմբավորումներ, որոնց մեջ պայքար է ընթանում պարզապես կուսակցությունում եւ կուսակցության միջոցով պետական կառավարման համակարգում սեփական դիրքը ամրապնդելու համար: Շատ են ասում, որ ՀՀԿ-ում կան թեւեր, բայց ես այդ ձեւակերպման հետ համաձայն չեմ, որովհետեւ` թեւերը ենթադրում են գաղափարաքաղաքական հոսանքներ: Իսկ ՀՀԿ-ում գաղափարաքաղաքական հոսանքներ չկան, նրանց մեջ կան միայն խմբավորումներ, որոնք իրարից ոչնչով չեն տարբերվում: Եթե Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի տեղերը փոխեն, կամ ասենք վարչապետ նշանակեն Սամվել Ալեքսանյանին, դա ոչինչ չի փոխի: Այս երկրում ամեն ինչ կախված է մեկ մարդուց` Սերժ Սարգսյանից, որն էլ թելադրում է ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այնպես որ, քանի դեռ Ս.Սարգսյանը չի փոխվել, ցանկացած պաշտոնյայի փոփոխություն զրոյական նշանակություն է ունենալու երկրի զարգացման համար:
— Իսկ իշխանության ներսում միմյանց դեմ պայքարն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
— Այդ ամենը ոչ մի լուրջ հետեւանք չի կարող ունենալ. մի խմբավորումը կթուլանա, մյուսը կուժեղանա, միգուցե թուլացածը հետո կրկին ուժեղանա եւ այսպես շարունակ: Արդյունքում, որեւէ էական բան չի փոխվի, քանի որ այդ խմբավորումների մոտ տարբեր են միայն անուն-ազգանունները, եւ վերջ: Նրանք բոլորն էլ նույն մտածելակերպն ունեն, եւ պարբերաբար տեղի ունեցող այդ դրսեւորումներով նրանցից յուրաքանչյուրը փորձում է պարզապես ամրապնդել դիրքերն իշխանության ներսում, որպեսզի ինքն ավելի շատ իշխանություն ունենա, օգտվի տնտեսական լծակներից: Սա է խնդիրը:
Հնարավո՞ր է, որ այդ ներիշխանական պայքարի արդյունքում ՀՀԿ տարբեր խմբավորումներ սեպարատ դաշինքների մեջ մտնեն, ասենք, մի կողմից՝ ԲՀԿ- հետ, մյուս կողմից՝ «քաղաքացիական սեկտորի» ու «Ժառանգության» հետ:
Դժվար է, ասել՝ նման բան տեղի կունենա, թե ոչ, բայց եթե տեղի ունենա, ապա՝ ոչ շուտ, քան 2016թ աշնանը — 2017թ գարնանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ: Մինչ այդ դա անիմաստ կլինի:
— Ձեր կարծիքով, Ս.Սարգսյանն ինչո՞ւ է մտնում այդ ներքին խմբավորումների պայքարի մեջ:
— Սա նշանակում է, որ Ս.Սարգսյանն իրեն համարում է այդ խմբավորումների քաղաքական ղեկավար: Եվ հիմա ցանկանում է, որ այդ խմբավորումներն իրար չոչնչացնեն, կայունությունը պահպանվի, մինչեւ ավարտվի իր պաշտոնավարման ժամկետը:
Արման Գալոյան
‘