‘Արմեն Գեւորգյանը պնդում է, որ Արագածոտնում նոր ՀԷԿ կառուցելու մասին «խոսք չի գնում»’

882

Ներկայում Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու մասին խոսք չի գնում: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով` ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ է լիցենզիա, որը տրամադրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: «Այս պահին գործընթաց է գնում այդ լիցենզիան ստանալու համար, որը տրամադրվում է ջրի օգտագործման թույլտվությունը ստանալուց, տարբեր բնապահպանական և այլ փորձաքննություններ անցնելու հետո: Մեր նախապայմանը եղել է հետևյալը` անկախ նրանից` ՀԷԿ-ը կկառուցվի թե ոչ` մենք ջուր օգտագործելու թույլտվություն տալիս ենք միայն արագահոս համակարգի վերակառուցման դեպքում, որով ջուր է մատակարարվում Արարատյան դաշտին: Անկախ էներգետիկ ծրագրի իրականացումից` արագահոս համակարգը պետք է վերակառուցվի»,- ասել է Գևորգյանը:

Նշենք, սակայն, որ փոխվարչապետը, ըստ էության չի բացառել, որ տարածքում ՀԷԿ է կառուցվելու: Այս ընթացքում այդ տեղեկատվությունը չեն հերքել ոչ ՏԻՄ ներկայացուցիչները, ոչ Արագածոտնի մարզպետը:

Արմեն Գեւորգյանը նշել է նաեւ, որ Ապարանի 90 մլն խմ տարողությամբ ջրամբարում տարեկան կուտակվում է 60-80 մլն խմ ջուր: Այն օգտագործվում է երկու նպատակով` ջուր մատակարարել գյուղատնտեսությանը, իսկ լրացուցիչ ջուրը որպես դոտացիոն ռեսուրս տեղափոխվում է Արարատյան դաշտ Արզնի-Շամիրամ ջրամբարով: Ըստ Գևորգյանի` ջրամբարին հարակից համայնքների այգիներին տարեկան մատակարարվում է ընդամենը 18 մլն խմ ջուր:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող գյուղացիները պնդում են, որ Ապարանի ջրամբարում կուտակվող ջուրը ոչ ջրառատ տարիներին հաճախ չի բավականացնում` ոռոգմանաշխատանքները ավարտին հասցնել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի, Նոր Երզնկա, Սաղմոսավան, Արտաշավան գյուղերի բնակիչները դեռեւս փետրվարից բողոքում են Ապարանի ջրամբարից հոսող ոռոգման ջրի վրա ՀԷԿ-ի շինարարության դեմ: Գյուղացիները վստահ են, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուրը կնվազի, եւ դեռեւս 1970-ականներին տնկված հանրահայտ «Դեմիրճյանի այգիները» կչորանան:    Այսօր 6 գյուղերի բնակիչները ի նշան բողոքի մի քանի ժամ շարունակ փակ են պահել Երեւան-Վանաձոր ավտոմայրուղին:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները կրկին բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է Երևան’