‘Արմեն Գրիգորյան. Սահմանադրական փոփոխությունների դեպքում Հայաստանը բռնելու է Հյուսիսային Կորեայի ճանապարհը’

1096

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի՝ սահմանադրական փոփոխությունները հանդիսանում են Հայաստանի պետականության կայացման ամենամեծ մարտահրավերից մեկը:  «Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները ավելի շատ խնդիրներ են ստեղծելու Հայաստանի համար, քան լուծելու: Որեւէ մեկը կասկած չունի, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության վերարտադրումն է, իսկ վերարտադրության համար կառավարման համակարգի ձեւախեղումը խորացնելու է Հայաստանի ներկայիս ճգնաժամը, որի արդյունքում մենք կկանգնենք ոչ միայն Արցախի կորստի վտանգի առաջ, այլև ի հայտ կգա, որ Հայաստանը կանգնած է գոյության խնդրի առջեւ: Սահմանադրական փոփոխությունների այն փաթեթը, որն առաջարկվել է հանրությանը, իր մեջ պարունակում է ավտորիտարիզմը ուժեղացնող տարրեր, որը Սերժ Սարգսյանի համար ցմահ կառավարելու նախադրյալներ է ստեղծելու»,- նշեց Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովին:

Նա հայտարարեց նաեւ, որ Սահմանադրական փոփոխությունների փաթեթում հնչեցված մտքերից երեւում է, որ դրանք գրվել են կա՛մ իրական նպատակը թաքցնելու, կա՛մ տող լրացնելու համար: «Վառ օրինակն այն է, որ հանձնաժողովի անդամները երկար աշխատանքից հետո եկել են այս եզրահանգմանը. «Արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ»: Սահմանադրական հայեցակարգում նման միտք գրելը հաստատում է, որ սահմանադրագետները զբաղված են կեղծիքով եւ տող լրացնելու համար գրում են ցանկացած միտք»,- նշեց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ սահմանադրագետների աշխատանքը հիշեցնում է հայտնի մուլտֆիլմը, ըստ որի՝ ամռանը պետք է տաք լինի, իսկ ձմռանը ցուրտ. ավելի լավ է լինել առողջ եւ հարուստ, քան հիվանդ եւ աղքատ: «Բոլորին պարզ է, որ առանց սահմանադրական փոփոխությունների էլ հնարավոր է իրականացնել անկախ եւ անկողմնակալ արդարադատություն, եթե, իհարկե, գոյություն ունի քաղաքական կամք: Իսկ սահմանադրական փոփոխությունները այս տարբերակով իրականացնելու դեպքում Հայաստանը բռնելու է Հյուսիսային Կորեայի ճանապարհը»,- ընդգծեց նա: 

Նախորդ հոդվածը‘Պերմյակովը Գյումրի ուղարկվելուց առաջ մի ամիս բուժվել է հոգեբուժարանում’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Խնդիրների լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանափոխությունը’