‘Արմեն Գևորգյանն արտագաղթի դեմ պայքարի մասին. Այո՛, այն, ինչ կատարվում է, բավարար չէ’

1067

Ես կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արտագաղթի խնդիրը կրում է տնտեսական բնույթ, այսինքն՝ աշխատատեղերի կամ եկամտի աղբյուր ունենալու խնդիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում սահմանամերձ գյուղերում արտագաղթի տեմպերը նվազեցնելու համար: Գևորգյանի խոսքով՝ այդ համայնքերի հիմնական խնդիրը գյուղատնտեսությունն է: Միայն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար մարզերին երկու տարվա ընթացքում հատկացվել է 40 մլրդ դրամ: Նախարարի պնդմամբ՝ այդ գումարի մեծ մասն ուղղվել է նաև այդ համայքներում հրատապ խնդիրները լուծելուն:

«Բացի դրանից, մենք այս տարի առաջին անգամ տարվա ընթացքում նպատակային երկու ծրագիր իրականացրինք: Խոսքը պարարտանյութի և դիզվառելիքի սուբսիդավորման մասին է: Այն արդյունքները, որ մենք ունեցանք այդ ծրագրերի իրականացման առումով, վկայում է այն մասին, որ, իրոք, ծրագրերը օգտակար էին ու գյուղացիները օգտվեցին: Մենք 2013 թվականի նախատեսել ենք նախարարության ու կառավարության գործունեության ծրագրով, որ, այնուամենայնիվ, նոր մոտեցումներ, նոր առաջարկություններ պետք է ներկայացնենք հանրապետության նախագահին՝ սահմանամերձ գյուղերի հոգսերը թեթևացնելու առումով»,- ասաց Գևորգյանը:

Ըստ նախարարի՝ կապիտալ ծրագրերի իրականացումը, գյուղատնտեսության օժանդակությունը և այլն, հնարավորություններ պետք է ստեղծեն, որ մարդիկ կարողանան իրենց բնակավայրում աշխատանք ունենան ու կարողանան նաև  եկամուտ ապահովել:

«Ցավոք սրտի, այլ մեխանիզմ դեռ չկա դրա դեմն առնելու: Այո՛, այն ինչ կատարվում է, բավարար չէ: Համոզված եմ, որևէ մեկին չեք գտնի, որ ինքը բավարարված լինի, բայց կատարվում է ամեն ինչ, ինչ որ նախատեսված է, ինչ որ հնարավորություն են տալիս պետական ռեսուրսները: Համոզված եղեք, որ առաջնահերթ խնդիրը, իհարկե, աշխատատեղերի ստեղծումն է»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ վիճակագրությանը՝ Գևորգյանն ասաց, թե վիճակագրական տվյալների վերաբերյալ մեծ վեճ կա, թե որքանով են այդ թվերը ճշգրիտ արտացոլում պատկերը: Այդ պատճառով այս տարի համապատասխան միջոցներ են հատկացվել ԱԱԾ-ին, այսպես կոչված, սեկտա համակարգը ծրագրային առումով կատարելագործելու համար:

«Ես հուսով եմ, որ մենք հաջորդ տարվանից այդ համկարգը կունենանք ներդրված և այդ թվերը ավելի պարզորոշ ու հիմանվորված կլինեն»,- եզրափակեց Գևորգյանը:

Նախորդ հոդվածը‘Ձմեռ պապ և Ձյունանուշ լինելու համար արտոնագիր է պահանջվում ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Արթուր Մինասյան. Մակեյանի հարցազրույցը ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում’