‘Արմեն Մարտիրոսյանը՝ ՀՀԿ երիտթեւի իր «կոնտակտներին» չի բացահայտում’

1691

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» նախընտրական դաշինքի ցուցակը գլխավորո Արմեն Մարտիրոսյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանրահավաքներից մեկում իր հնչեցրած այն մտքին, թե «Հանրապետական կուսակցության երիտասարդների մեջ կան ողջախոհ գործիչներ, որոնք հակված են ընդդիմության հետ երկխոսության»:

Պարզաբանելով այս հայտարարությունը, Մարտիրոսյանը նշեց, որ նկատի է ունեցել ոչ միայն ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներին, այլեւ այն անդամներին, որոնք «անցյալի ծանր բեռը չեն կրում եւ պետական մտածողություն ունեն»:  

«Մտքերի փոխանակությունը, քաղաքական զրույցները արգելված չեն, իմ նախորդ գործունեության (ԱԺ պատգամավոր եղած տարիներին-խմբ) արդյունքում ունեմ այդ աղբյուրները, որոնք օգտագործում եմ: Խոհրդապահական զրույցներ են, եւ անուններ հնչեցնելու կարիք չկա», — ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ ՀՀԿ-ում իր «կոնտակտների» մեջ չկան ոչ Միքայել Մինասյանը, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանը:   

«Ժառանգության» փոխնախագահը անդրադարձավ նաեւ ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ մասնակցությամբ ընտրությունները վերահսկելու միասնական մարմին ստեղծելու հնարավորությանը:

«Բովանդակային, իրական քայլեր կողմնակից ենք, եւ եթե տեսնենք, որ կա բովանդակային քայլերի կամքը, կանենք, բայց եթե պետք է լինի 2012-ի շտաբի նման… որեւէ իմիտացիոն գործընթացի, կեղծ ընդդիմադիր խաղալու գործընթացին չենք նպաստելու», — նշեց նա:

Հիշեցնենք, որ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները ընտրությունների ընթացքը վերահսկող շտաբ էին կազմել: «Ժառանգությունը» շուտով հրաժարվեց մասնակցել շտաբի աշխատանքներին՝ որպես պատճառ բերելով այն փաստը, որ ԲՀԿ-ը այդ ժամանակ ֆորմալ առումով իշխանական կոալիցիայի մաս էր կազմում:

Իսկ, այն, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմությունը չկարողացավ միասնական ցուցակով հանդես գալ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, պատճառը կրկին ԲՀԿ կեցվածքն էր:  

«Իմ հարգելի գործընկեր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ միավորման առանցքը պետք է լինի ԲՀԿ-ը: Մենք որեւէ մեկի շուրջը միավորվելու խնդիր չունենք, որեւէ մեկի առանցքի շուրջը պտտվելու խնդիր չունենք», — նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, թե ՀՅԴ, թե Կոնգրեսի հետ համագործակցության դաշտը բաց է:

Նախորդ հոդվածը‘Վարդան Բոստանջյան. Մեկ միլիոն եվրոն զավեշտալի ու ծիծաղելի թիվ է’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը ամենաաղքատ մարդը չի, սակայն կառավարությունից 50 հազար դոլար է ստանում’