‘Արմեն Մարտիրոսյան. Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ում մեր եղբայրներն ու հարազատներն են ծառայում’

1051

Երբ ժողովուրդը ելնում է պայքարի, որեւէ մեկի արտահայտություններին ուշադրություն չի դարձնում, iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխ նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հայտարարությունը՝ իշխանափոխության փորձերը «վճռականորեն կանխելու» մասին:  

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ բոլոր իրավիճակներում, երբ ժողովուրդը դուրս է եկել իշխանությունների դեմ պայքարի, ուժային կառույցները մեծամասամբ ժողովրդի կողքին են եղել: «Նույն էլ լինելու է Հայաստանում: Այդ նույն ուժային կառուցներում մեր բարեկամներն են աշխատում, մեր եղբայրները, հարազատները: Նույնիսկ  2008-ին, մեծ հաշվով, ուժային կառուցները չեն  բռնությունների գնացել ժողովրդի դեմ: Բոլորս էլ գիտենք, թե որտեղից եւ ինչ ձեւով է տեղի ունեցել այդ ամենը», — ասաց նա:

Ընդհանրապես, Մարտիիրոսյանը մտահոգված չէ Գորիկ Հակոբյանի հայտարարությամբ: Նրա խոսքով, այդ հայտարարությամբ պարզ է դառնում, որ Անվտանգության ծառայությունները շատ լավ պատկերացնում են երկրի վիճակը եւ գիտեն, որ ժողովուրդը Նոր տարուց հետո ընդվզելու է վերջին շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումների, գնաճի եւ այլ գործոնների պատճառով:

«ԱԱԾ-ում էլ հասկանում են, թե ինչ տեսակի իշխանություն է՝ ե՛վ խորհրդարանն է կեղծիքով ձեւավորվել, եւ նախագահական ընտրություններն են կեղծվել: Բացի դրանից, գիտեն գործող իշխանությունների կոռումպացվածության աստիճանը մեզանից ավելի լավ: Մենք ընդամենը այսբերգի վերեւի ամսն ենք տեսնում, որն արդեն շատ մեծ է: Դե պատկերացրեք, որ անվտանգության ծառայությունները գիտեն այդ ամենի մասին ամենայն խորությամբ: Եվ վերջապես, ԱԱԾ աշխատակիցները մեզ նման սովորական քաղաքացիներ են, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում երկրում», — նշեց մեր զրուցակիցը:

Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Գորիկ Հակոբյանը խոսել է ո՛չ սեփական նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ ԱԱԾ պետին «խոսափող տալով»՝ քաղաքական իշխանությունները որոշակի խնդիր են լուծում՝մանավանդ, որ ԱԱԾ ղեկավարությունը անկախության հռչակումից ի վեր երբեւիցե քաղաքական հայտարարություններով  հանդես չի եկել: «Բայց հիմա վիճակն իրենց համար այնքան վատթար է, որ ստիպված իրեն են «առաջարկել» խոսել», — նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Թուրք հնագետները ցանկություն են հայտնել մասնակցելու Մեծամորի պեղումներին’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն կնպաստի Մինսկում անցկացվող բանակցություններին’