‘Արմեն Մարտիրոսյան. Եթե կարծում եք՝ տապոռը վերցնելու ենք, ընկնենք ՀՀԿ-ի հետևից, սխալվում եք’

1471

Հնարավոր է՝ սահուն ճանապարհով իշխանության հանձնումն իդեալիստական մոտեցում է, բայց ավելի լավ է՝ նման մոտեցումը կյանքի կոչվի, քան ռեալիստական մոտեցումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մեզ համար այդ մոտեցումը ցանկալի է: Բոլոր ուժերով ձգտելու ենք այդ մոտեցմանը: Մենք ոչ թե ընդդեմ պայքար ենք տանում, մենք հանուն Հայաստանի պայքար ենք տանում, Հայաստանի քաղաքացու պայքարն ենք տանում»,- ասաց Մարտիրոսյանը:

Ասուլիսի սրահում նրա առջև դրված բաժակի վրա գրված էր՝ «Դեպի ապահով Հայաստան»: Լրագրողները նրան տեղյակ պահեցին: «Եթե կարծում եք՝ տապոռը վերցնելու ենք, ընկնենք Հանրապետական կուսակցության հետևից, սխալվում եք»,- ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ քաղաքական օրակարգ չի առաջարկում, Մարտիրոսյանն ասաց, թե այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը երբեմն շատ-շատերը չեն ուզում հասկանալ, նորություն չէ, ու ժամանակը ապացուցել է, որ իր խոսքը միշտ հստակ է եղել:

«Պետք չէ անհստակություններ փնտրել: Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ ինքը կողմ է երկխոսությանը և պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Դա եղել է հրապարակային: Հստակ ասել է, որ ցանկանում է, որ գործող իշխանությունն ընդունի պարտությունը, և սահուն իշխանափոխություն տեղի ունենա»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրան հասնելու միջոցներն՝ այլ հարց է, իսկ դրանցից մեկը, օրինակ, այն է, որ քաղաքացիները փորձում են իրենց ձայնին տեր կանգնել:

 

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Եթե կոալիցիա մտնենք ինքնանպատակ, դա քաղաքական ինքնասպանություն կլինի’
Հաջորդ հոդվածը‘Նա գնաց մենակ’