‘Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմության պահանջների հստակությունը «չտեսնելը» քաղաքական ցինիզմ է ‘

1359

Այն, որ իշխանության ներկայացուցիչները «հստակություն չեն տեսնում» ընդդիմության պահանջների մեջ, քաղաքական ցինիզմի դրսեւորում է, iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մեկնաբանելով նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արած հայտարարությունն այն մասին, թե «մինչ օրս հստակ չէ, թե ընդդիմությունն ինչ պահանջներ է ներկայացնում», Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ Սահակյանի պատասխանը նորմալ է, «քանի որ նա իշխանությունն է ներկայացնում»:

«Քանի դեռ իրենք իշխանություն են, ցանկացած մեկնաբանութուն անելու հնարավորություն ունեն, անկախ այդ մեկնաբանության քաղաքական ցինիզմի աստիճանից: Մեր խնդիրն է՝ նրանց այդ ցինիզմի դաշտից ետ բերել, որովհետեւ անպատժելիությունն այս տարիներին բերել է դրան», — ասաց ընդդիմադիր գործիչը:

Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջների հստակությանը, ապա, ըստ Մարտիրոսյանի, առնվազն վերջին տարվա ընթացքում բազմաթիվ հստակ պահանջներ են արվել ինչպես կոնկրետ ոլորտներում, այնպես էլ` համակարգային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:

«Եղել է եւ՛ գազի գների հետ կապված, եւ՛ կուտակային համակարգի հետ կապված` 12 կետերում ամփոփված պահանջները: Հիմա արդեն մենք Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված պահանջ ունենք, եւ վերջապես՝ արտահերթ ընտրությունների պահանջը: Ուզում ենք իշխանություններից այնպիսի քայլեր տեսնել, որոնք առանց ցնցումների արտահերթ ընտրությունների կբերեն», — նշեց Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ իշխանության ներկայացուցիչներն այդ պահանջներին պատասխան չունեն, դա է պատճառը, որ «չեն տեսնում» դրանք:

 

Նախորդ հոդվածը‘Մեքսիկական Մեռելոց. Ամբողջ երկիրը լցված է ուրախությամբ և դրական լիցքերով ‘
Հաջորդ հոդվածը‘Արսենի Յացենյուկը կմնա Ուկրաինայի վարչապետի պաշտոնում’