‘
Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ադրբեջանցի գործընկերներից հետ մնալ երկրում քաղբանտարկյալների թվով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռը:
«Եթե իշխանությունները շարունակեն այնպիիսի «բարեփոխումները», որոնց համաձայն, Շանթ Հարությունյանի նման քաղաքացիները պահվեն կալանքի տակ, իսկ Սուրիկ Խաչատրյանի նմանները նշանակվեն մարզպետ, ապա շատ շուտով Հայաստանը կգլորվի ֆեոդալական կարգերի շրջան», — նշել է քաղաքական գործիչը: Դրան դիմակայելու համար, Մարտիրոսյանի կարծիքով, հարկավոր է հասարակության բոլոր շերտերի համախմբում` կառավարող վարչախմբից շուտափույթ ձերբազատվելու նպատակով:
Նա նշել է, որ դատարանի որոշումն անընդունելի է, հատկապես` Հարությունյանի որդու` Շահենի մասով: «Յուրաքանչյուր հայր հպարտ կլիներ այդպիսի որդի ունենալ, ով անհրաժեշտւոթյան դեպքում իրեն պաշտպաներ, հատկապես, եթե իր որդին գործում է օրենքի եւ բարոյական նորմերի շրջանակներում», — նշել է Մարտիրոսյանը: Քաղաքական գործիչը նաեւ ընդգծել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումը Ոստիկանության աշխատակիցների սադրիչ գործողությունների արդյունք է, որոնք, շրջանցելով օրենքը, քաղաքացիական հագուստով եղել են Շանթ Հարությունյանի կողմնակիցների մեջ: «Նրանք իրավունք չունեին այնտեղ գտնվել քաղաքացիական հագուստով, եւ եթե անգամ օպերատիվ գործունեություն էին իրականացնում, ապա չպետք է միջամտեին իրավիճակին», — եզրափակել է կուսակցության փոխնախագահը:
Հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա որդի Շահեն Հարությունյանին` 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ: Ավելի խիստ պատժի է դատապարտվել Վահե Մկրտչյանը` 7 տարի ազատազրկման: Այդ գործով մյուս ամբաստանյալներից Ալբերտ Մարգարյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Սեւակ Մնացականյանը` 5,5 տարի ազատազրկման, պահեստի գնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը եւ Ավետիս Ավետյանը դատապարվել են 5 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանը` 4,5 տարի ազատազրկման, Ալեքս Պողոսյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը` 4 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայոց բանակում, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ Տիգրան Պետրոսյանի համար սահմանվել է ամենամեղմ պատիժը` 1 տարի ազատազրկում։
‘