‘Արմեն Մարտիրոսյան. Ոչ լեգիտիմ իշխանությունները իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու’

634

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ոչ լեգիտիմ իշխանությունները հասարակության մոտ չունեն վստահություն և իրավունք էլ չունեն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու: Արմեն Մարտիրոսյանը ելույթից մի հատված ներկայացնում ենք ստորև, ամբողջությամբ՝ տեսանյութում.

Երևի թե ես իմ խոսքը սկսեմ պարոն Հրիսթեայի ասած այն մտքից, որ ժողովուրդը պետք է դիրիժորը լինի այս փոփոխությունների: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, լիովին: Բայց ցավոք սրտի՝ այսօր դիրիժորը համերգասրահից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է, որովհետև այն երաժիշտները, որոնք պետք է այս պարտիան,  երաժշտությունը նվագեն, նրանք, ըստ էության, ոչ թե երաժիշտներ են,  այլ ամեն ինչ են՝ բացի երաժիշտներից:

Ուստի և ժողովուրդը բացարձակ հետաքրքրված չէ: Ցավում եմ, որ սահմանադրական այս փոփոխությունների աշխատանքային խմբի ղեկավարը Սահմանադրական դատարանի նախագահն է: Ես կարծում եմ, որ իմ երկրի Սահմանադրական դատարանի նախագահը որպես անկախ, ամենակարևոր մարմնի ղեկավար՝  ինքը չպետք է մասնակից լիներ քաղաքական պրոցեսներին, իսկ սահմանադրական փոփոխությունները  քաղաքական պրոցեսներ են,  և ինքը շահերի բախում չպետք է ունենար:

Սահմանադրական դատարանը, իր նախագահով, բնականաբար, կարող է  իր պրակտիկայից ելնելով՝ մոտեցումներ ունենալ, ինքը կարող է դա թղթով հանձնել  այդ աշխատանքային խմբին:

Մեկ այլ հարց: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու իրավունք են ունենում ընդհանրապես այն իշխանությունները,  որոնք վայելում են ժողովրդի վստահությունը: Ցավոք սրտի՝ մենք երկու ընտրական փուլ ենք անցել, և երկուսի դեպքում էլ բացառիկ կեղծիքներով են անցել դրանք, և Հայաստանում, ըստ էության, չակերտավոր «քվեարկել» են այն անձինք, ովքեր Հայաստանում չեն բնակվում, էլ չեմ խոսում ընտրակաշառքի կամ ձայնագողության մասին: Ուստի և ոչ լեգիտիմ իշխանությունները հասարակության մոտ չունեն այդ վստահությունը և իրավունք էլ չունեն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու: Իհարկե, մենք՝ «Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանին  պետք են արմատական փոփոխություններ, բարեփոխումներ,  այդ թվում՝ նաև սահմանադրական փոփոխություններ, բայց այս իշխանությունները չեն, որ այդ փոփոխությունները կարող են անել  կամ այդ վստահությունը ունեն: Մենք միանշանակ կողմ ենք,  որ լինեն այնպիսի փոփոխություններ, որոնց պարագայում իսկապես կառավարման համակարգը կառողջանա և այդ միակենտրոնացվածությունից դուրս կգա:

Բայց այն գործընթացները, որոնք տարվում են նաև այժմ, ուղղակի ցույց են տալիս, որ իշխանությունը բացարձակ շահագրգռված չէ  այդ փոփոխությունների հարցում: Նկատի ունեմ վերջին նախաձեռնությունը խորհրդարանական ընդդիմության, երբ ներկայացվեց  հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը, որը ևս մեկ անգամ իշխանությունների կողմից մերժվեց, այն դեպքում, երբ, ըստ էության, ամբողջ քաղաքական դաշտը, բացի իշխող կուսակցությունից, կողմ էր դրան: 

Այս թեմայով

Մանուկյան. Սահմանադրական
փոփոխությունների անհրաժեշտություն չկա
(տեսանյութ)

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Մինչեւ հիմնախնդրի կարգավորումը` ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ պետք է գործի տնտեսական ռեժիմ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սահմանադրական փոփոխությունները պարզապես բլեֆ են (տեսանյութ)’