‘Արմեն Մովսիսյանը Թեհրանում քննարկել է իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու հարցը’

709

Նոյեմբերի 4-ից 7-ը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ մասնակցել է Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը:

Թեեւ այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, բայց իրանական «Թասիմ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Արմեն Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել ավարտել Իրանի հետ իրականացվող նախագծերը և կնքել նորերը՝ քննարկելով իրանական էլեկտրաէներգիան ՀՀ տարածքով դեպի Եվրոպա տարանցելու հարցը, — փոխանցում է 168.am-ը:

 «Իրանական էլեկտրաէներգիան Եվրոպա տարանցելու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել և կարիք կա հետագա երկկողմ բանակցությունների»,- ասել է Մովսիսյանը: ՀՀ և Իրանի էներգետիկայի նախարարների 3 ժամ տևած հանդիպումից հետո իրանցի նախարարը լրագրողներին հայտնել է, որ հաշվի առնելով Եվրոպայում էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացումը, Իրանը շահագրգիռ է էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով:

Այցի ընթացքում Մովսիսյանը նաև հայտարարել է, որ ինքը Թեհրանում է՝ Իրանից գազի ներկրման ծավալներն ավելացնելու շուրջ բանակցելու նպատակով: Նա նշել է, որ Իրանի նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման էներգետիկայի ոլորտում Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է:

«Թասիմը» նաև նշում է, որ 2004 թ-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը: Այն շահագործվում է 2007թ-ից: ՀՀ ներկրվող իրանական գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն առաքվում է Իրան՝ 1 խմ գազի դիմաց 3 կվատ/ժամ հաշվարկով: Պայմանագրի համաձայն՝ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան է առաքելու 36 մլրդ խմ բնական գազ: Համաձայնագիրը կարող է երկարաձգվել 5 տարով և գազի ներկրումը կարող է աճել մինչև 47 միլիարդ խորանարդ մետր: Ներկայումս Հայաստանն օրական օգտագործում է մոտ 1.25 մլն խորանարդ մետր իրանական գազ՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանն Իրանից պետք է օրական ստանար 3 մլն խմ գազ՝ հետզհետե ծավալները մեծացնելով և մինչև 2019 թ. հասցնելով մինչև 6.2 մլն խմ-ի: : Սակայն նշված ծավալները մինչ այժմ չի հաջողվել ավելացնել և հասնել թիրախին: 

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանը վավերացրեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Շանթի գործ. Իսկ օրենքի պաշտպա՞ն էր ոստիկանությունը’