‘Արմեն Մովսիսյան. Իրանի դեսպանը չի տիրապետում իրավիճակին’

1837

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է առաջարկում ավելի էժան գներով, քան Իրանը:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ օրերս Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամադ Ռեիսին ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր, թե իրանական գազը ռուսականից թանկ չէ, միեւնույն ժամանակ նշել է, որ իրանական գազատարի տրամագիծը հնարավորություն չի տալիս մեծ ծավալով գազ մղել:   Մինդեռ ավելի վաղ Արմեն Մովսիսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը Իրանից գազ չի ներկրում, որովհետեւ իրանական գազը ռուսականի համեմատ բավական թանկ է:

Արզումանյանը խնդրեց պարզաբանում տալ այս հակասության առնչությամբ:

Արմեն Մովսիսյանը նշեց, որ Իրան-Հայաստան գազատարն ունի 700 մմ տրամագիծ, կոմպրեսորային կայանը թույլ է տալիս 36 մթնոլորտ ճնշում լրացնել նրա մեջ. «Հաշվարկի խնդիր է՝ ինչքան գազ կարելի է էդ դեպքում բերել: Դա թույլ է տալիս բերելու 2,3-2,4 միլիարդ խմ գազ տարեկան: Մեր ներքին պահանջարկը երկու միլիարդից չի անցնում: Գումարած դրան՝ հնարավորություն կա լրացուցիչ կոմպրեսորային կայան դնելու: Խողովակը կառուցված է մինչեւ 45 մթնոլորտ ճնշման համար, ավելացնել եւ գազի ծավալը հասցնել մինչեւ 3 միլիարդ: Սա, նորից եմ կրկնում, զուտ հաշվարկի խնդիր է, որեւիցե դեսպան, որեւիցե այլ մարդ չի կարող սա փոխել, որովհետեւ սա փաստ է», — նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է գազի գնին, ապաը, Արմեն Մովսիսյանի խոսքով, Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններին զուգահեռ բանակցություններ եմ ընթացել նաեւ Իրանի գազի ազգային ընկերության տնօրենի, փոխնախարարի, նախարարի հետ՝ Հայաստան մատակարարվող գազի վերաբերյալ:

«Եվ պնդում եմ, որ նրանք մեզ չեն կարող ավելի էժան գազ տալ, քան այն, ինչ որ առաջարկում է ռուսական կողմը: Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարություններին՝ ես ինքս դա դեսպանի բերանից չեմ լսել, համենայնդեպս, եթե այն, ինչ որ ասել է, բառացի գրված է մամուլում, ուրեմն, դեսպանն ուղղակի չի տիրապետել իրավիճակին», — ասաց նախարարը:

Ալեքսանդր Արզումանյանն ի պատասխան նշեց, որ ԱԳ նախարարը պետք է զրույցի կանչի ԻԻՀ դեսպանին՝ բացատրելոււ համար, որ պետք չէ թյուրիմացության մեջ գցել Հայաստանի հասարակությանը:  

Տեսանյութը՝ այստեղ, սկսած 0:27:48-ից

Նախորդ հոդվածը‘Սկանդալ կաթոլիկ եկեղեցում, կամ` «Ինչպիսին իշխողն է, այնպիսին էլ կրոնն է» ‘
Հաջորդ հոդվածը‘Տարոնի «Մերսեդեսը» «մարշրուտկին» վնաս չէ’