‘
(շարքի նախորդ հոդվածները՝ մաս 1, մաս 2, մաս 3, մաս 4)
Էն որ Ադամն ու Եվան հայ են,
էտի գիտությունն ա ապացուցել:
Եթե Ադամն ու Եվան հայ են,
ո՞նց կարող ա Աբրահամն ու Իսահակը
ուզբեկ ըլնեն:
Վարդան Պետրոսյան
Ընդհանրապես, տեղաբնիկ՝ աբորիգեն են անվանում հեռու երկրների վայրի բնիկներին, որոնց հայտնաբերում, ապա նվաճում, գաղութացնում, «քաղաքակրթում» էին եվրոպական ճանապարհորդ նվաճող-գաղութարարները՝Ջեյմս Քուքը և նրա նմանները: Այսինքն, այդ բառը մի տեսակ բացասական երանգներ ունի իր մեջ, իբրև անքաղաքակիրթ, հետամնաց, երբեմն՝ մարդակեր (չէ՞ որ Քուքին, ասում են, կերել են):
Հայերը հնդեվրոպական լեզվով խոսող ժողովուրդ են: Իսկ հնդեվրոպացիների հնագույն հայրենիքը մինչև անցյալ դարի վերջին տասնամյակները սովորաբար տեղայնացնում էին Արևելյան Եվրոպայում: Դե ուրեմն, հայերի լեզվական նախնիները այնտեղից պիտի եկած լինեին: Եվ ոչ մի սարսափելի բան չկար կարծես: Թեև կարծիք կար, որ հայերենը ոչ հնդեվրոպական, տեղական լեզու է, բայց դա գիտական չէր:
Մեր երկրի պատմությունը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի: Կա հակահայ պատմագիտություն, որի նպատակը հայերի դերն ընդհանրապես նսեմացնելն է՝ և՛ հնում և՛ հիմա: Կա հակահրեականություն, կա հակաիմպերիալիզմ, հակասովետականություն, կա ուրեմն նաև հակահայկականություն: Այն, իր տեսական դրույթներով, ստեղծվել և զարգացել է Ռուսաստանում, Վրաստանում և Թուրքիայում: Հիմնական հակահայ երկիրը, իհարկե, Թուրքիան էր, իսկ հիմա նրան արդեն գերազանցում է նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը: Դե, եթե գրավել ես մեկի երկիրը, ոչնչացրել բնակչությունը, պիտի մի կերպ արդարանաս: Հայերը ներկայացվում են մոտավորապես այսպես. մի փոքրաքանակ, շատ անպետք ցեղ, որ եկավ Բալկաններից, փչացրեց Ուրարտուի հրաշալի պետությունն ու մշակույթը, բայց երբեք էլ մի կարգին պետություն չկարողացավ ստեղծել, ընդհանրապես ոչինչ կարգին բան չարեց, չստեղծեց, այլ զբաղվում էր գզվռտոցով, առևտրով, խաբեությամբ և այլ անդուր բաներով: Դրան զուգահեռ՝ հայ և այլազգի նորմալ գիտնականներն էլ գրում էին՝ ինչ որ եղել է՝ որ, ի վերջո, այնքան էլ անպետք ժողովուրդ չենք և այլն: Եվ մենք էլ ունենք մեր զենքը՝ հակաթուրք տեսակետը՝ մի վայրի, անտաշ, անլվա ցեղ, հեռավոր Միջին Ասիայից եկավ մեր երկիրն ու փչացրեց ծաղկուն քաղաքակրթությունը՝ փոխարենը ոչինչ չստեղծելով:
Մեր գալը հեռուներից՝ Բալկաններից, շատ տհաճ է հնչում, երբ ասվում է շատ ավելի ուշ եկվոր թշնամիների կողմից: Բայց հանկարծ ստեղծվում է մի նոր վարկած, որի կետերից մեկի համաձայն՝ հնդեվրոպացիների հին հայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհում և մերձակայքում: Ուրեմն, հայերի ծագման վերաբերյալ վարկածները կարելի է բաժանել «տեղաբնիկության» և «եկվորության» տարբերակների, որոնցից առաջինը «հայանպաստ» կամ «ազգանպաստ» կլինի, իսկ երկրորդը՝ «հակահայ» և «հակազգային»: Այս տեղաբնիկ-եկվոր բաժանումը և տերմինաբանությունը մինչև այժմ շրջում է Հայաստանում, ինչպես Մարքսի և Էնգելսի սիրած ուրվականը, դասավանդվում և նորանոր հետևորդներ ձեռք բերում:
Բայց գիտությունը մի բան է, իսկ քաղաքական համակրանքն ու ատելությունը՝ այլ բաներ: Ըստ այդմ, ստորև անդրադառնանք այդ հարցերին հանրագիտարանային, ժամանակակից գիտության հայտնի փաստերի մակարդակով:
Նախ և առաջ պետք է ասել, որ հնդեվրոպացիների հայաստանյան տեղայնացման վարկածը, որն առաջ էր քաշվել Թամազ Գամկրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի կողմից, ընդամենը մեկն է եղած վարկածներից: Հեղինակներն ականավոր գիտնականներ են, վարկածն էլ հետքրքիր է, բայց այն ոչ առաջ, ոչ հիմա, երբեք չի ընդունվել աշխարհի առաջատար մասնագետների կողմից: Նույնիսկ այն մասնագետները, որոնք հիացել են հեղինակների՝ մյուս հարցերի քննարկմամբ և վերլուծություններով, իրենց զարմանքն են արտահայտել հնդեվրոպական հայրենիքի այդ տեղայնացման առթիվ:
Ժամանակակից գիտակից մարդը, գիտական լեզվով՝ Homo sapiens sapiens-ը, կենսաբանական մեկ միակ տեսակ է (բոլոր ռասաները՝ սև սպիտակ, դեղին, նույն միասնական ծագումն ունեն): Բրածո նախամարդիկ՝ պիթեկանթրոպները, սինանթրոպները, նեանդերթալցիները և այլն, անհետացել են և չունեն կենդանի ժառանգներ: Ժամանակակից մարդը ձևավորվել է մեզանից շուրջ երկու հարյուր հազար տարի առաջ, Աֆրիկայի արևելքում: Այնտեղից մարդկանց որոշ խմբեր, դանդաղ տեղաշարժվելով, հազարամյակների ընթացքում կարողացել են հասնել այլ երկրներ և ի վերջո տարածվել ամբողջ աշխարհում: Այն տարածքը, որը եղել է մարդկության օրրանը, հազարամյակների ընթացքում ենթարկվել է նորանոր մարդկանց ներհոսքների, և տեղի բնակչությունը չի կարող համարվել «տեղաբնիկ»: Հնագույն մարդկանց գենետիկական հատկանիշները լավագույնս պահպանել են Հարավային Աֆրիկայի բուշմենները, բայց նրանք էլ «տեղաբնիկ» չեն, այլ հազարավոր կիլոմետրեր տեղաշարժվել են նախնական հայրենիքից: Ռասայական տարբերությունները ձևավորվել են շատ ուշ: Այսպես, առաջ բոլոր մարդիկ սևամորթ են եղել: Բաց գույնը (թույլ պիգմենտացիան) հյուսիսային, քիչ արևոտ տարածքներում բնակվելուց հետո է ձևավորվել, որպես «Դե» (D) վիտամինի առաջացմանը նպաստող գործոն:
Ժամանակակից մարդը մեր տարածքները և ընդհանրապես՝ Եվրոպա է հասել մեզանից մոտ 40 հազար տարի առաջ: Հայաստանում գիտակից մարդու հին ներկայության հետքերը քիչ են: Հնում մարդիկ բազմաքանակ չեն եղել և չէին էլ կարող լինել: Իսկ վերջին սառցադաշտային մաքսիմումի դաժան պայմաններում առավել քիչ են եղել: Ինչևէ, դրանից հետո Հայկական լեռնաշխարհը դառնում է նեոլիթյան երկրագործության առաջին օջախներից մեկը (մ.թ.ա. շուրջ 10000-6000 թ.):
Հնագույն քաղաքակրթություններն ի հայտ են գալիս, այսպես կոչված՝ Բարեբեր կիսալուսնի գոտում, որն ընդգրկում է Եգիպտոսի, Լևանտի ծովափնյա հատվածները, Հայկական լեռնաշխարհի հարավը, Միջագետքը, ներկայիս Իրանի հյուսիսային որոշ շրջաններ և հասնում մինչև Պարսից ծոց: Այստեղ են առաջացել երկրագործությունը և անասնապահությունը, առաջին քաղաքային բնակավայրերը: Նույնիսկ նեոլիթից հազարամյակներ անց, մ.թ.ա. IV-I հազարամյակներում, դեռևս այստեղ է կենտրոնացած եղել աշխարհի բնակչության ավելի քան 10 տոկոսը:
Մարդկության պատմության հին շրջանների մասին մեր տեղեկությունները գալիս են հնագիտական հուշարձաններից: Միայն վերջերս Հայկական լեռնաշխարհի ծայր հարավային շրջաններում և մերձակայքում (ներկայիս Թուրքիայի տարածքում) բացահայտվեցին մի քանի զարմանալի հուշարձաններ՝ Գյոբեքլի թեփեն, Նևալը չորին և Չայոնյու թեփեսին՝ մեզանից շուրջ տասը հազար տարի առաջ կերտված համալիրներ, որոնցից պարզ դարձավ, որ մարդկության շատ ձեռքբերումներ շատ ավելի վաղ են, քան ենթադրվել էր (այսպես, տաճարական հսկայական համալիրներ են կառուցվել մինչև հողագործության ծագումը):
Հնագույն մարդու հետքերի ներկայությունից չի բխում, որ մեր նախնիներն ապրել են մեր լեռնաշխարհում արդեն, ասենք, այդ ժամանակներից: Նշված նորքարեդարյան կառույցները լքվել են, և մարդիկ, ընդհանրապես, տեղաշարժվել են: Հայաստանի բնակչության անընդհատության մասին կարելի է խոսել թերևս միայն Նոր քարի դարի վերջերից:
Մ.թ.ա. IV հազարամյակի կեսերից մինչև երրորդ հազարամյակի կեսերը մեր տարածքներում ծաղկում է ապրում, այսպես կոչված՝ Կուր-արաքսյան վաղ բրոնզեդարյան մշակույթը (իր ամենաընդարձակ դարաշրջանում տարածվել է Դաղստանից մինչև Պաղեստին): Նրա բնորոշ հատկանիշներն են վառ արտահայտված սոցիալական շերտավորման բացակայությունը և նստակյաց, խաղաղ, երկրագործական կացութաձևը բավական զարգացած բնակավայրերում: Մ.թ.ա. III հազարամյակի կեսերից հետո սկսում են ի հայտ գալ նոր իրողություններ՝ ռազմաշունչ գաղափարախոսությամբ մարդկանց ներհոսք, սոցիալական վառ արտահայտված շերտավորում, առաջնորդների ճոխ թաղումներ, սկսվում է Միջին բրոնզի դարաշրջանը: Շուտով հիմնահատակ կործանվում է ողջ հին մշակույթը, վերանում են բնակավայրերը, և լեռնաշխարհում երկար դարեր տիրապետող է դառնում քոչվորական կենցաղը:
Վաղ բրոնզի մշակույթում, դատելով հնագիտական նյութից, աչքի ընկնող առաջնորդներ չեն եղել: Այդ խաղաղասեր հասարակությունն անպաշտպան էր Միջին բրոնզի ռազմատենչ եկվորների դեմ, որոնց առաջնորդների դամբարաններից մեծաքանակ զենք և հարստություն է հայտնաբերվում: Ի միջի այլոց, հենց այս ներգաղթողներն են, և ոչ մեզանում այնքան սիրելի «տեղաբնիկները», որ շատ առումներով համապատասխանում են հնդեվրոպացիների վերաբերյալ հայտնի պատկերացումներին (եթե հնդեվրոպացիները նվաճել և իրենց լեզուն են պարտադրել Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպա բնակվող հին ցեղերին, նրանք պիտի ունենային ռազմաշունչ գաղափարախոսություն, ռազմական առաջնորդներ և այլն, որոնք պարզորոշ ի հայտ են գալիս հնդեվրոպական ժողովուրդների առասպելներում, և որոնց հիշեցնող իրողություններ չեն երևում Վաղ բրոնզի դարաշրջանի մշակույթում): Ընդ որում, միջին բրոնզեդարյան մշակույթները ստորաբաժանվում են հետևյալ տիպերի՝ վաղ դամբանաբլուրների, թռեղք-վանաձորյան, սևան-արցախյան, կարմիրբերդյան և կարմիրվանքյան: Սրանք, ամենայն հավանականությամբ, ներկայացրել են ոչ թե մեկ, այլ տարբեր էթնիկական խմբեր:
Մի քանի հարյուրամյակի ընթացքում Միջին բրոնզեդարյան տարբեր խմբերի համահարթեցումից հետո, մ.թ.ա. II հազարամյակի կեսերից սկսվում է Ուշ բրոնզի դարաշրջանը: Ուշ բրոնզից Վաղ երկաթի դար անցման ժամանակ (մ.թ.ա. XII դար) ևս լեռնաշխարհում տեղի են ունենում նշանակալի մշակութային փոփոխություններ, որոնց գոնե մի մասը, ակնհայտորեն, պայմանավորված պիտի լիներ բնակչության տեղաշարժերով և էթնիկական կազմի փոփոխությամբ: Այսպես, լեռնաշխարհի արևմտյան շրջանները, որոնք գտնվում էին խեթական մշակույթի ոլորտում, հեղեղվում են արևելյան շրջաններից ներգաղթյալներով, որոնք փոխում են տեղի մշակութային դաշտը:
Նոր մարդկանց ներհոսքով պայմանավորված՝ մշակութային մեկ այլ մեծ փոփոխություն տեղի է ունենում Ուրարտուի դարաշրջանում (մ.թ.ա. IX-VII դդ.): Այդ պետությունը, նվաճելով համարյա ողջ լեռնաշխարհը, իր հետ բերում էր մի նոր, մինչ այդ անհայտ մշակույթ: Այն իր դրսևորումներով՝ ամրոցներ, տաճարներ, զենք, խեցեղեն և այլն, օտար էր լեռնաշխարհի՝ մինչ այդ եղած մշակույթին: Այն, անկասկած, հարավային ծագման է, ինչպես և Ուրարտուն ստեղծող և կառավարող վերնախավը: Նրանք լեռնաշխարհ էին մտել լեռնաշխարհի ծայր հարավից՝ այնտեղից, որտեղ կենտրոնացած էին նրանց մեծ աստվածներ Խալդիի և Թեյշեբայի պաշտամունքները: Ուրարտական, ինչպես և ասորեստանյան աղբյուրները հիշատակում են լեռնաշխարհի բազում ցեղերի, որոնք կարող էին բաժանվել մի քանի էթնիկական խմբերի: Բացի այդ, ուրարտական արքաները մարդկանց հսկայական խմբեր են տեղափոխել լեռնաշխարհի մի ծայրից մյուսը՝ բնակեցնելով նրանց, այսպիսով, իրենց համար օտար էթնիկական միջավայրերում:
Ուրարտուն «տեղաբնիկ» և հայկական համարող հեղինակները պետք է որոշեն, թե որն են դրանցից մերոնք՝ լեռնաշխարհի հին բնակչությո՞ւնը, թե՞ ավելի բարձր մակարդակի, բայց ուշ «եկվոր», ուրարտական պետական մշակույթի համալիրը բերողները, և եթե, ասենք, «տեղաբնիկները», ապա դրանց տարբեր խմբերից ո՞րը: Արևմուտքից արևելք բերվածնե՞րը, որոնք, ակնհայտորեն, խեթա-լուվիական աշխարհի մարդիկ էին, թե՞ արևելքից արևմուտք և հարավ տեղափոխվածները:
Այսպիսով, Հայկական լեռնաշխարհում բնակչության անընդհատության մասին կարելի է խոսել ամենավաղը Նոր քարի դարաշրջանից: Հետագայում, ակնհայտորեն, տեղի են ունեցել բնակչության կազմի նշանակալի փոփոխություններ: Կարելի է վստահաբար ասել, որ Միջին բրոնզի սկզբի և Ուրարտուի տարածման ժամանակ ի հայտ եկող եկվորները այլ ծագում ունեին և լեզվով տարբերվում էին երկրի հին բնակիչներից: Ուրարտուի դեպքում հարցն ավելի պարզ է՝ եկվորներն իրենց հետ բերում էին գիր, մի լեզվով, որ հայերեն չէ:
Ամփոփենք:
- «Տեղաբնիկ» և «եկվոր» հորջորջումները գիտական չեն: Տեղաբնիկ տերմինը, մի տեսակ, նսեմացնող է: Այդպես են ավելի հաճախ կոչում հեռավոր երկրների՝ քաղաքակրթությանը ուշ ծանոթացած ցեղերին:
- Մարդկությունն առաջացել է Արևելյան Աֆրիկայում, բայց նույնիսկ այդ սկզբնական հայրենիքի ներկայիս բնակիչները «տեղաբնիկ» չեն, այլ հետագայում գաղթածներ: Այլուրեք ևս մարդկությունը «եկվոր» է:
- Ժամանակակից մարդը Հայաստանում «եկվոր» է և հայտնվել է քառասուն հազար տարի առաջ: Բայց ժամանակից հայերն այդ մարդկանց կենսաբանական ժառանգները չեն կարող լինել: Երկրի անընդհատ բնակեցվածությունը սկսվել է Նոր քարի դարից հետո:
- Հայերենը հնդեվրոպական լեզու է: Հնդեվրոպական լեզուների նախահայրենիքի հայաստանյան տեղայնացումը ընդամենը վարկած է, եղած վարկածներից մեկը, որը երբեք չի ընդունվել աշխարհի առաջատար գիտական կենտրոններում՝ Սովետական Միությունից և հետսովետական երկրներից դուրս: Ուրեմն, ըստ գիտության մեջ առավել ընդունված վարկածների՝ հայերի լեզվական նախնիները, այսինքն՝ վաղնջահայերենով խոսող մարդիկ, Հայաստանում «եկվոր» են:
- Մ.թ.ա. III հազարամյակի կեսերից Հայկական լեռնաշխարհում, ինչպես և հարևան տարածքներում, տեղի է ունենում նոր մարդկանց ներհոսք: Կործանվում է տեղի բարձր, նստակյաց մշակույթը, և երկիրը երկար դարեր հայտնվում է քոչվորական կենսակերպի խավարում: Այդ նոր բնակչությունն է, որ, ի հակադրություն տեղի խաղաղասեր հին բնակչության, իր մշակույթով համադրելի է հին հնդեվրոպացիների հետ: Ընդ որում՝ այդ նոր բնակիչները միատարր չեն եղել, այլ ներկայացրել են մի քանի խմբեր:
- Մ.թ.ա. IX դարի կեսերից Հայկական լեռնաշխարհի հարավում ստեղծվում է Ուրարտու պետությունը, որը շուտով կարողանում է իրեն ենթարկել համարյա ողջ լեռնաշխարհը: Ուրարտական մշակույթն իր հատկանիշներով տարբերվում է տեղի հին մշակույթից, և այդ նոր մշակույթի բերողները, անկասկած, եկվորներ էին հարավից:
Քանի որ ի վերուստ «տեղաբնիկ» ոչ մի տեղ չկա, ապա «տեղաբնիկության» գաղափարի ջատագովները պետք է որոշեն, թե ո՞ր «եկվորներն» են Հայաստանում «տեղաբնիկ», և ինչքան ժամանակ է պետք այդպիսին դառնալու կամ համարվելու համար՝ երե՞ք, չո՞րս, հի՞նգ հազար տարի, թե՞ ինչ: Եվ որոշեն, թե մեր երկրի այս բազմատեսակ հին «եկվորներից» որոնք են մեր «տեղաբնիկ» հայերը:
Սակայն իրականում պետք է հրաժարվել «տեղաբնիկ» և «եկվոր» տերմինների չարաշահումից: Դա գիտական չէ:
‘