‘Արմեն Պետրոսյան. Հայը և անցյալը. Հարցեր, հարցեր ‘

3605

Եթե կույրին հարցնեին, թե ի՞նչ է տեսողությունը, նա կպատասխաներ՝ կուրությունը:

Դեմոկրիտ

 

Այս շարքը գրելիս նպատակ եմ ունեցել պարզ, մատչելի լեզվով շարադրել որոշ գիտական ճշմարտություններ մարդու ծագման, նախապատմության, հին պատմության, ժողովուրդների կազմավորման, հնդեվրոպական հայրենիքի և որոշ այլ հարցերի վերաբերյալ: Ջանալով ասելիքս մատուցել պարզ ու հանրամատչելի՝ ես խուսափել եմ խոսքի հույժ գիտական ոճից ու հղումներից, փաստերի համակողմանի քննարկումից: Խուսափել եմ նաև այլ կարծիք ունեցողներին գնահատականներ տալուց: Ինձ հայտնի է, որ համոզված մարդկանց տարհամոզել նման տեքստերով իմաստ չունի՝ անհնարին է: Իմ հոդվածների թիրախն այն մարդիկ են, որոնք ի վիճակի են կարդալ, ընկալել, փորձել հասկանալ մասնագիտական կարծիքները, և ոչ թե «ազատագրական» պատմության «գյուտարարներն» ու նրանց հավատավոր հետևորդները, որոնք ցանկացած փաստարկ ընդունում են սվիններով և ավելի ամրապնդվում իրենց կարծիքներում:

Ես կարծում եմ, որ ճիշտ ու լավ ապրելը, հայրենասիրությունը լավի ու ճշմարտության առջև ճանապարհ բացելն է, ապա նաև՝ վատի, սխալի առջև ճանապարհը փակելը: Շատ մարդիկ ծարավի են իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզ ու հասկանալի խոսք լսելու, ինչը, ցավոք, շատ քիչ է կամ չկա մեզանում: Ահա ուրեմն իմ հոդվածների իմաստը:

Այս հոդվածաշարը կարելի կլիներ շարունակել ու շարունակել, ներկայացնել այլևայլ թեմաներ, խնդիրներ ու հարցեր, բայց դրա համար պետք է կյանքը դրան նվիրել: Մինչդեռ գիտնականը զբաղված է գիտական աշխատանքով, որը շատ տարբեր է գիտա-մասսայական ժանրից: Ես ֆեյսբուքային կերպար չեմ, և ինձ համար դժվար է համացանցում պատասխանել տարբեր ոչ մասնագիտական հարցերի և անընդհատ կրկնելով՝ վերահիմնավորել գիտական պարզ ճշմարտությունները: Բայց գիտակցում եմ, որ այդպես շատ ավելի ամուր կապեր կարելի է հաստատել մարդկանց հետ, խոսել նրանց սրտի հետ, հասկանալ տալ նույնիսկ «ազատագրականներին», որ գիտական կարծիք ունենալը ինչ-որ ներքին չարամտության, դավադրության կամ հակահայկականության դրսևորում չէ:

Այս հոդվածաշարում ես չանդրադարձա շատ կրքեր բորբոքող, թերևս՝ կարևորագույն մի հարցի: Դա հայ ժողովրդի ծագման ու ձևավորման խնդիրն է: Եթե կան հակագիտական տեսակետներ, ապա գիտականն ու ճիշտը ո՞րն է: Այդ հարցի շուրջը կա մի քանի տեսակետ, բոլորը՝ վարկածային մակարդակով: Դրանք, ցավոք սրտի, ինչպես հարկն է ներկայացված չեն դասագրքերում և ծանոթ չեն հանրությանը: Եվ, ընդհանրապես, մինչև վերջերս տարբեր կարծիքների կողմնակիցները սովորաբար ներկայացրել են իրենց տեսակետը և քննադատել մյուսներին: Հայաստանում ընդունված էր հայասական վարկածը. այն, նույնիսկ առանց մյուս տեսակետները հիշելու, ներկայացված է նաև Հայաստանի պատմության ակադեմիական հրատարակության մեջ (1971): Հետագա դասագրքերում այն գնում է համարյա թե որպես «սուրբ ճշմարտություն»: ԽՍՀՄ անկումին հաջորդած տարիներին գիտությունը ևս անկում ապրեց: Հարցին քիչ թե շատ տեղյակ հին սերնդի գիտնականները մահացան, իսկ նոր կադրեր չստեղծվեցին ո՛չ մեզանում, ո՛չ արտասահմանում: Բայց թեև տեղյակ գիտնականներ արդեն չկան, Արևմուտքում, որոշ չափով՝ նաև Ռուսաստանում, մի տեսակ ընդունված է գրել ու քննադատել հայերի ծագման հայասական վարկածը՝ որպես ազգայնական և ոչ գիտական, իսկ որպես «սուրբ ճշմարտություն» հանդես է գալիս Իգոր Դյակոնովի վարկածը (որն, ի միջի այլոց, ժամանակին չի ընդունվել ոչ մի մասնագետի կողմից): Ռուսական Վիկիպեդիայում մի հսկայական հոդված կա հայ ժողովրդի ծագման վերաբերյալ՝ Этногенез армян, ներկայացված հիմնականում ըստ Վիկտոր Շնիրելմանի՝ Անդրկովկասում ազգայնականության զարգացման վերաբերյալ գրքի: Այդտեղ նույնիսկ չի հիշվում հայերի ծագման երրորդ՝ էթիունյան վարկածը: Ահա և ողջ գիտականությունը: Մարտադաշտը մնում է հայասական և դյակոնովյան վարկածների «ազատագրական» և «ոչ ազատագրական» դիրքերից համացանցում իրար վրա ցեխ նետողներին:

Վերջին երկու տասնամյակում այդ հարցերի շուրջը ես հրատարակել եմ մի շարք գիտական աշխատություններ՝ եղած վարկածների խմբավորում, նրանց քննական տեսություն, ուժեղ և թույլ կողմերի քննարկում, գիտության նոր բացահայտվող տվյալների հետ համադրություն և այլն: Այդ աշխատությունների անգլերեն և ռուսերեն հրապարակումից հետո Արևմուտքում հայ ժողովրդի ծագման հարցում հայաստանցի գիտնականների ազգայնականությունը բացահայտող հոդվածագիրների եռանդը, կարելի է ասել, նշանակալիորեն թուլացել է: Իսկ հայաստանյան գիտության մեջ նման հարցեր չեն քննարկվում. դասագրքերում գնում է այն, ինչ «պետք» է՝ հայասական վարկածի ազատագրական տարբերակը, իսկ այլուրեք գրում են՝ ով ինչպես կարող է, հիմնականում ավելի ու ավելի բարձր ազատագրականության աստիճանի: Այս ուղղության մեջ մեզանում մնացել է գիտության ոլորտում աշխատող մի քանի գիտնական: Այստեղ արժե հիշել Արամ Քոսյանի և Ռոբերտ Ղազարյանի հոդվածները «Հայկազունիներ» ժողովածուում (Երևան 2013), որտեղ առաջադրվում են գիտական փաստարկներ Հայասայի ավելի հարավ-արևելյան տեղայնացման օգտին (սրանք կարելի է դիտել որպես նոր կռվաններ հայասական վարկածի՝ Հակոբ Մանանդյանի տարբերակի օգտին):

Ես շատ պատրանքներ չունեմ, որ իմ այս հոդվածաշարը կհասնի մեր գիտությունն ուղղորդող և դասագրքերը ստեղծող մարդկանց և որևէ չափով կազդի նրանց վրա: Բայց կգա նոր սերունդ, և նրանց համար պետք է աշխատել: Ըստ այդմ, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ մասսայական ընթերցողին ևս ներկայացվեին հայ ժողովրդի ծագման վերաբերյալ եղած վարկածները: Մինչ այդ, այստեղ հղեմ իմ որոշ աշխատություններ, որոնք մատչելի են համացանցում և կարող են ավելի լիակատար պատասխանել ընթերցողների մոտ առաջացող հարցերին:

Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ եղած գիտական կարծիքները, դրանց ուժեղ և թույլ կողմերի քննարկումը, քաղաքականացվածությունը և այլն՝

Հայոց ազգածագման հարցի շուրջ. քննական տեսություն. «Հայոց ազգածագման հարցեր» գրքում, Երևան 2006, էջ 89-144: https://www.academia.edu/3656333/:

Նույնը անգլերեն՝ The Problem of Identification of the Proto-Armenians: A Critical Review. Journal of the Society for Armenian Studies. Vol. 16, 2007, pp. 25-66. https://www.academia.edu/3657764/:

Ռուսերեն՝ О происхождении армянского народа: проблема идентификации протоармян   (критичерский обзор). Армянский вестник, 2009, 2/3-1, с. 66-102. https://www.academia.edu/2941140/: Սա առավել ընդգրկուն տարբերակն է:

Հնդեվրոպական հայրենիքի վերաբերյալ, հայ ժողովրդի նախապատմության և հայերենի պատմության առնչությամբ՝

Հնդեվրոպական հայրենիքի խնդիրը և վաղնջահայերենը. Պատմաբանասիրական հանդես, 2014, 1, էջ 196-207: https://www.academia.edu/7643931/:

Հայ ժողովրդի ծագման վարկածներում առանցքային դեր կատարող հայ ցեղանվան գիտական ստուգաբանության վերաբերյալ՝

Հայ ցեղանունը. Բանբեր հայագիտության, 2, Երևան 2014, էջ 184-199: https://www.academia.edu/9378076/:

Հայոց ազգածագման, Հայաստանի հին պատմության և մշակույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ՝

«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արմեն Պետրոսյան. Կայացած ազգն իր պատմությունից չի վախենում: https://www.ilur.am/news/view/18500.html:

 Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Երվանդ Գրեկյանի հարցազրույցը Ուրարտուի վերաբերյալ՝ «Հարցազրույց Հայաստանի հետ»: Երվանդ Գրեկյան. Խալդի աստծո ստվերը. Ուրարտուի ծագումը, վերելքն ու անկումը:  https://www.ilur.am/news/view/36730.html

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երևանում սպսավում է անձրև, շրջանների մեծ մասում՝ ձյուն ‘
Հաջորդ հոդվածը‘էկոնոմիկայի նախարարի տեղակալը ազատվել է պաշտոնից’