‘Արմեն Ռուստամյան. Առաջարկում եմ հրաժարվել գործող մեծամասնական ընտրակարգից ‘

760

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

«Դաշնակցությունը կրկին հանդես է եկել Ընտրական օրենսգրքում մեկ կոնկրետ առաջարկություն իրականացնելու նախաձեռնությամբ: Այն է՝ հրաժարվել գործող մեծամասնական ընտրակարգից և անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Բոլորը հիշում են, որ այս հարցի հետ կապված՝ անցած գումարման խորհրդարանում ստեղծվեց «կոնսենսուս՝ մինուս մեկ» իրավիճակ:

Գլխավոր ընդդիմացող ՀՀԿ-ն այդ քննարկումներում իր դիրքորոշումը ներկայացնելիս նշում էր, թե սկզբունքորեն դեմ չլինելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին՝ համարում է, որ դրան դեռ պատրաստ չենք, և ընտրություններին քիչ ժամանակ է մնացել՝ փոխելու սահմանված խաղի կանոնները:
Թե ինչ խաղի կանոններ էին սահմանել իշխանությունները, և ինչ կործանարար հետևանքներ կունենար դրանց փոփոխությունը սեփական իշխանությունը պահպանելու առումով՝ ցույց տվեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները:
Հիմա հատուկ հենց կոնկրետ այս մեկ առաջարկությունն ենք կրկնել անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո: Պարզ նպատակով՝ հստակեցնելու, թե առաջարկը ներկայացնելու սխալ ընթացակարգն ու անպատեհ պայմաննե՞րն էին պատճառը, որ իշխող կուսակցությունը մերժում էր այս առաջարկը, թե՞ այն, որ առանց այս 41 բոնուսային մանդատն ունենալու և դրանց միջոցով ընտրությունների արդյունքները կանխորոշելու՝ գրեթե անհնարին է լինելու ապահովել իրենց վերարտադրումը:
Տեղեկացանք, որ կառավարությունն իր վերջին նիստում արդեն մերժել է այս առաջարկը՝ բացահայտելով հենց այս վերջին իրողությունը:
Իսկ քանի որ այլևս հնարավոր չէ անպատեհության կամ ընթացակարգային խախտումների հետ կապված պատճառաբանություններ բերել, փորձել են բերել հիմնավորումներ, որոնք բացարձակապես կապված չեն Հայաստանում տիրող իրավիճակի հետ:
Մասնավորապես, կառավարությունը կրկին անգամ փորձել է ակադեմիական բնույթի վերլուծություն ներկայացնել տարբեր ընթացակարգերի առավելությունների և թերությունների մասին: Այդ բոլորը, իսկապես, ճիշտ է և աշխատում է միայն այն երկրների դեպքում, որտեղ կա ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման ձևավորված ավանդույթ, երբ երկու ընտրակարգով էլ հնարավոր է փոխել տվյալ երկրում իշխանությունը: Հայաստանում այդպես չէ: Հայաստանում ճիշտ հակառակն է: Փաստերը պարզապես աղաղակող են:
Զորօրինակ՝
Փաստ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր երբեք իշխանությունը չի փոխվել ընտրությունների միջոցով:
Նույնպիսի փաստ է, որ ընտրակարգը չի կարող լինել ժողովրդավարական, եթե այն ապահովում է մի կողմին գրեթե 100% հաղթանակ:
Փաստ է, որ մեծամասնական ընտրակարգը վերջին երեք գումարումների Ազգային ժողովի ընտրություններում չունենալով համապետական ընտրությունների բնույթ՝ ապահովել է միայն իշխանության կամ նրա հետ եղած քաղաքական ուժերի 100%-անոց հաղթանակը:
Այսքանից հետո կառավարությունը հայտարարում է, որ մեծամասնական ընտրակարգը չի բացառում որևէ կուսակցության թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Արդեն տասը տարի է՝ հենց սա է բացառված: Էլ բացառվելը ո՞նց լինում: Ուրիշ բան, որ կառավարությունն ասեր. դուք, ինչ է, ուզում եք կտրել էն ճյուղը, որի վրա նստա՞ծ եմ: Մենք էլ ազնվորեն կասեինք՝ այո:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ չեն համընկնում Մեքսիկայի եւ ՀՀ ԱԳ նախարարների հաղորդագրությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Թումանյանի թբիլիսյան բնակարանը վերանորոգվում է ‘