‘Արմեն Ռուստամյան. ԼՂՀ ոստիկանները «ոչ համաչափ բռնություն» են գործադրել’

979

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ հունվարի 31-ին Սյունիքի եւ Արցախի սահմանին ոստիկանները «ոչ համաչափ բռնություն» են գործադրել «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության ներկայացուցիչների նկատմամբ:

 Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունները, որպես անկախ պետության ներկայացուցիչներ, պարտավոր էին ուղղակի կանգնեցնել ավտոշարասյունը, հետաքրքրվել այցի նպատակների մասին եւ թույլ չտալ մարդկանց մուտք գործել Ղարաբաղ:

«Կարծում եմ՝ այդ պահանջը միանշանակ նորմալ կընդունվեր, ու դրանով ամեն ինչ կավարտվեր: Արցախն, ի վերջո անկախ պետություն է, եւ եթե ինչ-որ քաղաքական ուժ հայտարարում է, որ գալիս է տարածքում իրականացնելու քաղաքական ակցիաներ, ճիշտը կլիներ այն, որ, ինչպես վայել է անկախ պետությանը, կանգնեցնեին սահմանի վրա, ասեին, որ մենք ձեզ թույլ չենք տալիս մտնել Ղարաբաղ, որովհետեւ դուք առանց մեր համաձայնության նպատակ ունեք քաղաքական գործունեություն ծավալելու», — լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը:

Պատասխանելով iLur.am-ի հարցին՝ Ռուստամյանը նշեց, որ ՀՀ իրավապահները չպետք է քննեն սեփական քաղաքացիների նկատմամբ բռնության այս դեպքը, որովհետեւ, ըստ պատգամավորի, դեպքը տեղի է ունեցել Արցախի տարածքում եւ պետք է քննվի ԼՂՀ օրենքներով:

Միեւնույն ժամանակ, պատգամավորի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում «Հիմնադիր խորհրդարանը»` Ցեղասպանության թեման ներքաղաքական պայքարում օգտագործելով քաղաքական նպատակների համար: Ըստ նրա՝ այս ամենը սադրանքի է նման:

«Սա թուլացնում է Հայաստանի դիրքերը, ընդհանրապես՝ հայության դիրքերը: Կարծումեմ, իրենք պետք է վերանայեն իրենց մոտեցումները: Պատկերացնում եմ, թե ինչպես թուրքերն ու ադրբեջանցիները դա կօգտագործեն», — ասաց նա:  

Ռուստամյանը նշեց նաեւ, որ նման միջադեպերի քննությանը պետք է համատեղ մասնակցեն նաեւ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական  եւ միջկառավարական խմբեր:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը ՄԱԿ-ում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված իր դիվերսանտների հարցը’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ձեր արնոտ հանդերձանքը ձեր ուսերի՛ն փռեք’