‘Արմեն Ռուստամյան. Նոր կառավարությունը կարժանանա նախորդի ճակատագրին’

977

Հայաստանի նոր կառավարությունը կարժանանա նախորդի ճակատագրին: Հունիսի 20-ին ԱԺ ամբիոմնից այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագծի մասին:

Նրա կարծիքով, Հայաստանի նոր կառավարության քայլերը չարդարացրեցին երկրի հասարակայնության հույսերը: Ստեղծված իրավիճակում ողջ խնդիրն այն է, որ կառավարությունն անտեսել է մեկ կարևոր հանգամանք. քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է իրեն պարտադրվող նոր կենսաթոշակային համակարգին: «Մարդիկ դեմ են, քանի որ չեն վստահում կառավարությանը», — հայտարարել  է նա: Պատգամավորը հարց է տվել, թե ինչու էր հարկավոր փոխել օրենքը, եթե դրա բովանդակությունը չի փոխվել, փոխվել է միայն ձևը: Ռուստամյանն ընդգծել է, որ առաջարկված կենսաթոշակային բարեփոխումն ապահովում է ոչ թե սոցիալական հարցերի լուծում, այլ ֆինանսական նպատակների իրագործում, ինչպես նաև հակասում է սոցիալական պետության սկզբունքներին , ինչպիսին է Հայաստանը: «Եթե նոր կառավարությունն աշխատանքն սկսում է նման քայլից, ապա կարժանանա նույն ճակատագրին` ինչ և նախորդը», — խոստացել է պատգամավորը:

Սակայն խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չէ այդ տեսակետին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, մասնավորապես, նշել է, թե ներկայացված օրինագծով կառավարությունը լուծել է առաջադրված խնդիրը. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը համապատասխանեցվել է ՀՀ սահմանադրությանը: Նրա պատկերացմամբ, ՍԴ հիմնական դիտողությունները վերաբերում էին այն բանին, որ հիմնական օրենքին համաձայն, պարտադիր վճարումները, հարկերը, տուրքերը պետք է ուղղվեն բյուջե, և այդ բացը լրացվել է:

Նախորդ հոդվածը‘Եվս մեկ արձան խորհրդային անցյալից. Երևանում կտեղադրվի Համազասպ Բաբաջանյանի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը ‘