‘
Հայ հեղափոխական դաշնակցությունը բացառում է կոալիցիայի ձևավորումն իշխանությունների հետ: Այս մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանական խմբակցությունների հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուց հետո ՀՅԴ-ն կոալիցիա կազմի իշխանությունների հետ: «Կոալիցիա չենք կազմելու, Վահան Հովհաննիսյանի այդ քայլը Դաշնակցությանը որևէ կերպ չի կաշկանդում, եթե անհամատեղելի քայլ առաջանա, ապա դա կհանդուրժի ոչ Դաշնակցությունը, ոչ էլ Վահան Հովհաննիսյանը»,- Ռուստամյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»:
Վերջինիս գնահատմամբ` Հայաստանը նոր գործընթացների մեջ է մտնելու, և ՀՅԴ-ն չի կարող անտարբեր լինել իր երկրի ճակատագրի հարցում։ «Պետք է լուրջ և հավասարակշռված գործողությունների ծրագիր իրականացնել»,-ասաց Ռուստամյանը:
ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հաստատել էր, որ ընդունել է Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկը: Նշվում է, որ նա կնշանակվի Գերմանիայում ՀՀ դեսպան:
‘