‘Արշակ Բանուչյան. Ընտրողներն այսօր պետք է սեւեռեն իրենց ուշադրությունը ընտրողների ձայների միավորման վրա ‘

2942

iLur.am-ի հետ զրույցում ասում է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը  

Պարոն Բանուչյան, դուք ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից եք: Լինելով համաժողովրդական շարժման ակտիվ անդամներից, նախկինում չեք եղել կուսակցության անդամ: Ինչո՞ւ եք որոշել միանալ այդ կուսակցության նախաձեռնող խմբին, ինչո՞ւ եք որոշել Հայ Ազգային Կոնգրեսը կուսակցություն դարձնել:

 

-Այո, երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: Հիմա էլ առանձնապէս կուսակցական գործչի աշխատանքը չի ձգում: Չնայած՝ խորապես հարգել եմ լուրջ, գաղափարական կուսակցականներին: Բայց կյանքը հաճախ երկընտրանքի առջեւ է կանգնեցնում: Սկզբունքներդ, նպատակներդ, կյանքն առհասարակ իմաստ է ստանում միմիայն հանրային կյանքում քո ստանձնած քաղաքացիական դիրքորոշմամբ եւ դրա հետ կապված քո արարքներով, գործողություններով: Ինչ որ է: Փորձեմ պատասխանել վերջին հարցից սկսելով: Երբ ասում եք «ՀԱԿ-ը կուսակցություն դարձնել»՝ կարծում եմ՝ նկատի ունեք «ժողովրդական շարժումը կուսակցություն դարձնելը»: Շարժումը կուսակցություն չի դառնում: Այն ինչպես կար, այնպես էլ որպես համաժողովրդական շարժում մնում է: Շարժումը հասարակությունն է, քաղաքացիական գիտակցության եկած ժողովուրդը: Այսօր, քանի դեռ մեր երկրում Սահմանադրությունը ոտնահարված է, քանի դեռ մարդկանց, քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են, քաղաքացիական ցանկացած ինքնադրսեւորում համարվելու է շարժում: Վաղը, երբ սահմանադրական կարգերը վերահաստատվեն մեր երկրում, քաղաքացու, կամ քաղաքացիների ցանկացած ինքնադրսեւորում համարվելու է սովորական, քաղաքացիական հասարակությանը հատուկ կեցութաձեւը, կենսաձեւ: Այնպես որ, մենք շարժումը կուսակցություն չենք դարձնում: Այլ է հարցը, որ իբրեւ շարժման ղեկավարներ նախընտրում ենք այսուհետ ՀԱԿ կուսակցության ամբիոնից խոսել ժողովրդի հետ: Ինչո՞ւ: Որովհետեւ նախկին ձեւաչափն արդեն իրեն սպառել է: Արդյունավետ չէ: 2008 թվականի օգոստոսի մեկին Հռչակագրի տակ ստորագրած ուժերի մի մասը համատեղ գործելու հնարավորությունները սպառել է: Իսկ մի մասը նոր ձեւաչափով` դաշինքով շարունակում է աշխատել: Եւ ուրեմն հանգիստ պետք է թողնել այսպես կոչված շարժման ամբիոնը: Այն, ինչպես ցանկացած ժողովրդական ֆորում, բաց է. թող ասպարեզ դուրս գան նոր հռետորներ, նոր գործիչներ եւ փորձեն շարժմանը նոր լիցք տալ: Մենք կշարունակենք գործել թե շարժման, թե դաշինքի եւ թե կուսակցության հարթակները օգտագործելով:

Այսօր ՀՀ-ում կա ավելի քան 70 կուսակցություն, եւս մեկ կուսակցության ստեղծումն ի՞նչ իմաստ ունի, ինչո՞վ է այն տարբերվելու նախորդներից:

— Ժամանակին ես էլ էի մտածում, տարակուսում, թե ո՞ւմ են պետք այդքան կուսակցությունները: Մեկ պատասխան գոյություն չունի: Թերեւս ինքնադրսեւորվելու հնարավորություն է: Մարդկանց իրավունքն է համախմբվել, ստեղծել հասարակական, քաղաքական կազմակերպություններ: Իսկ թե հանրային կյանքում նրանք ի՞նչ դեր կունենան կամ կստանձնեն, կախված է նրանց աշխատանքից, գործունեությունից, եւ այդ գործունեության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքից: Կուսակցությունների քանակի մեջ չէ խնդիրը: Այլ նրանց կատարած աշխատանքի: Քանիսն էլ նրանք լինեն, միեւնույնն է՝ հանրային կյանքը կազմակերպելու կոչված գաղափարախոսությունները մի քանիսն են, մեկ-երկու տասնյակից ոչ ավելի` հաշվի առնելով այդ գաղափարախոսությունները՝ աջ, ձախ, կամ այլ շեղումները եւս: ՀԱԿ կուսակցությունը ազատական գաղափարներ դավանող կուսակցություն է: Այն նորություն չէ:

Ձեր կարծիքով՝ արդյո՞ք ՀԱԿ կուսակցությունը կունենա նույն ուժը, ինչ ուներ ՀԱԿ դաշինքը:

— ՀԱԿ-ը որպես դաշինք ներկայացել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ՀԱԿ կուսակցությունն, ըստ էության, դաշինքի մաս է: Ես կարծում եմ՝ դրանք մեկը մյուսին լրացնում եւ ուժեղացնում են:

Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են: Եղան ոչ իշխանական ուժերի կոնսուլտացիաներ, նույնիսկ՝ համատեղ ցուցակով մասնակցելու առաջարկություններ, բայց արդյունքում կարծես՝ բոլորը առանձին են մասնակցելու: Այս պարագայում ի՞նչ հետեւություն պետք է անի ընտրողը:

— Ես կուզեի, որ մեր ժողովուրդը, հատկապես վերջին ընտրությունների եւ հետընտրական զարգացումներից հետեւյալ հետեւություն աներ. ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում չեն համախմբվելու: Չի բացառվում, որ ոմանք իշխանությունների հետ կփորձեն գործարքի գնալ` «քվոտա» ստանալու ակնկալիքով: Պարզ է նաեւ, որ քաղաքական ուժերի ակնկալված համախմբումը մեկ նպատակ ունի` մեկտեղել ընտրազանգվածի ձայները, որքան հնարավոր է միավորվել ռեժիմի դեմ պայքարում: Բայց, ինչպես տեսնում ենք՝ այսօր այդպիսի միավորումը գրեթե բացառված է: Ընտրողներն այսօր, կարծում եմ, ոչ թէ պետք է սեւեռեն իրենց ուշադրությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբան վրա, այլ ընտրողների ձայների միավորման: Այսինքն, վեր կանգնեն իրենց նախասիրություններից  եւ իրենց ձայնը տան քաղաքական այն ուժին, որը կարող է առավելագույն ձայներ հավաքել եւ պահել: Բոլոր մնացած քարոզները միայն հասարակության ընդդիմադիր զանգվածի ձայները տրոհելուն եւ ուրեմն իշխանության ջրաղացին ջուր լցնելուն են մղված:

 Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Անկարայի կառավարական թաղամասում պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանում հանքահորի փլատակներում 17 մարդ է մնացել’