‘«Արսենալը» դարպասապահ է փնտրում’

750

Այն, որ լոնդոնյան թիմում ամռանը բազմաթիվ փոփոխություններ են սպասվում, խոսվում է դեռևս մրցաշրջանի սկզբից: Կազմի հետ կապված փոփոխությունները «Արսենալում» տեղի կունենան թե Արսեն Վենգերի հետ, թե առանց նրա: Բացի կենտրոնական պաշտպանների, կենտրոնական հարձակվողի և մի շարք այլ դիրքերի, առաջնային է համարվում նաև հիմնական դարպասապահի հարցը:

Վերջին խաղերին Արսեն Վենգերը թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնիի փոխարեն վստահում է Լուկաշ Ֆաբյանսկիին, ով «Բավարիաի» և «Սվոնսիի» դեմ խաղերում կարողացավ սեփական դարպասը անառիկ պահել: Իրականում, հիմնական  դարպասապահի խնդիր «Արսենալում» գոյություն ունի այն պահից, երբ թիմը 13 տարվա ելույթներից հետո լքեց Դևիդ Սիմենը:

Նրանից հետո, ճիշտ է, Յենս Լեմանը մի քանի մրցաշրջանների ընթացքում անփոխարինելի էր թվում: 2006-ին նա այնպիսի մարզավիճակում էր, որ սկսեց համարվել նաև Գերմանիայի ազգային հավաքականի առաջին համարը, բայց «Արսենալում» նրա՝ «ոչ դարպասապահի» թույլ թված սխալները Վենգերին ստիպում էին հաճախ նրա փոխարեն խաղացնել Մանուել Ալմունիային, ով երբևէ բարձրակարգ դարպասապահ չի համարվել: Ինչևէ, վերջին երկու մրցաշրջաններում երիտասարդ Շեսնին բավականին հաջող ելույթներ էր ունենում և դարպասապահի հարցը Վենգերի գլխին կուտակված բազմաթիվ խնդիրներից առաջնայինը չէր համարվում: Բայց խնդիրը փոխվեց հենց այս մրցաշրջանում, երբ «Արսենալի» երկրպագուները հերթական անգամ մնալով առանց գլխավոր աստղի՝ Վան Պերսիի, թիմի  անհաջող ելույթներից հետո  դադարեցին պահպանել այն համբերությունը, որը նրանք դրսևորում էին Վենգերի ամենամյա հերթական «երիտասարդական նախագծի» հանդեպ:

Նոր սպասվող մրցաշրջանում «Արսենալի» սեփականատերերը պատրաստվում են փոխել թիմի ուղղվածությունը և «երիտասարդական նախագծից» վերածվել ավելի մրցունակ և հասուն թիմի: Պարզ է, որ այս անգամ նրանք պետք է որ սպասվածից ավելի մեծ գումարներ ներդնեն, քանի որ այլևս կազմում չունեն Սեսկ Ֆաբրեգասի կամ Վան Պերսիի կարգի թանկարժեք խաղացողներ, և այս մրցաշրջանի ավարտին ակումբից հավանական հեռացողներ Վերմալենը կամ Ուոլկոտը նման գումարներ ակումբին ևս չեն կարողանա բերել:

Այս պահին «Արսենալի» համար լավ հնարավորություն է ստեղծվել՝ ի դեմս երկու իսպանացի փորձառու դարպասապահներ, Բարսայի «կանտերանոներ» Վիկտոր Վալդեսի և Պեպե Ռեյնայի: Առաջինը տարվա սկզբին հայտնեց կատալոնցիների հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին, իսկ Ռեյնան համարվում է «Լիվերպուլի» հին գվարդիայի մասնիկ, որոնցից Լիվերպուլում դեմ չեն ազատվել:

Պարզ է, որ թե Կատալոնիայում, թե «Լիվերպուլում» ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս ավելի թանկ գումարով հրաժեշտ տան իրենց խաղացողներին: Վալդեսի դեպքում, կատալոնական մամուլի տեղեկություններով, Բարսան ցանկանում է ստանալ մոտ 20 մլն €, հակառակ դեպքում նրանք կսպասեն մինչև նրա պայմանագրի ժամկետի ավարտ:

Վերջին օրերին կատալոնական «Սպորտ» օրաթերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Արսեն Վենգերը Վալդեսին ամեն կերպ փորձում է համոզել, որպեսզի նա ճնշում գործադրի իր ներկայիս ակումբի վրա՝ փորձելով նվազեցնել իր տրանսֆերային գինը: Հակառակ դեպքում ֆրանսիացի մասնագետը պետք է մտածի այլ հնարավոր տարբերակների մասին, որոնցից մեկը Հոլանդիայի հավաքականի երկրորդ դարպասապահ Միշել Վորմն է, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում «Սուոնսի Սիթի»-ի կազմում:

Կշռայլի՞ արդյոք «Արսենալը» նոր դարպասապահի հարցում, թե՞ կնխանտրի այդ գումարները ծախսել այլ դիրքերի ուժեղացման վրա՝ կիմանանք ամռանը: Բայց դարպասապահների եռյակից՝ Ֆաբյանսկին, Մարոնեն կամ Շեսնին ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանը կսկսեն այլ թիմում:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների կողմնակիցների թիվը աճել է 1,5 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյանը՝ ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցությունների մասին. Ժամանակի կորուստ է’