‘
Եղանակը շարունակում է զարմացնել աշխարհին: Մեր երկրում իսկական գարուն է, իսկ ահա եվրոպական շատ երկրներում սառնամանիքները շարունակվում են: Ձնառատ է նաև «Մռայլ» Ալբիոնը: Օթերևութաբանները նախազգուշացրել են, որ Մանչեսթրում սպասվում են ուժեղ ձնամրրիկներ, հնարավոր է ճանապարհներին խցանումներ առաջանան, ինչպես նաև հետաձգվեն գնացքների ու ինքնաթիռների չվերթերը: Այնուհանդերձ, «Մանչեսթր Սիթին» իր ծրագրերը չփոխեց և այսօր առավոտյան թիմը գնացքով մեկնեց Անգլիայի պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հետաձգված հանդիպմանը մասնակցելու: Ընդամենը երեք օր առաջ այս թիմերը միմյանց հետ մրցել էին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում: Հերթական անգամ ցուցադրելով թույլ խաղ՝ «Արսենալը» զիջել էր խոշոր՝ 3:0 հաշվով: Այս հանդիպումից հետո «զինագործները» խստագույն քննադատության ենթարկվեցին փորձագետների, լրագրողների ու երկրպագուների կողմից: Մասնավորապես Գարի Նևիլն իր արտահայտությունների մեջ շռայլ չէր.«Ես անգամ չեմ ուզում անդրադառնալ այդ հանդիպմանը, շատ ամոթ է, «զինագործները» բացարձակապես զուրկ են բնավորությունից: Թիմի պաշտպանության կենտրոնը շատ թույլ է: Այդպիսի գոլ (խոսքը սերխիո Ագուերոյի խփած գոլի մասին է) բաց թողնելը եզրափակիչ խաղում պարզապես ամոթ է: Ռեմսին, Ջական, Օզիլը ուղղակի քայլում էին դաշտում: Դա աններելի է»: «Մանչեսթր Յունայթեդի» նախկին խաղացողի հետ չհամաձայնել հնարավոր չէ: Այնուհանդերձ, Վենգերը այդպես չի մտածում: «Ուեմբլիում» «ՄանչեսթերՍիթիից» կրած ցավագին պարտությունից հետո ֆրանսիացի մարզիչը հիշեցրել է, որ իր թիմը զիջել է բավական հզոր մրցակցի։ Նևիլի այն դիտարկմանը, թե Աարոն Ռեմսին ևԳրանիտ Ջական պաշտպանություն էին վերադառնում դանդաղ քայլքով, Վենգերը պատասխանել է. «Դուք կարող եք երկու թիմերում էլ այդպիսի դրվագներ հայտնաբերել։Բայց կարելի է նաև հասկանալ, որ մինչ այդ խաղացողը 2 էներգածախսատար ճեղքում է կատարել և պարզապես հոգնել է, կամ էլ այլևս ոչ մի ցանկություն չի ունեցել աշխատել պաշտպանությունում։Այստեղ մեծ տարբերություն կա»։
Վերջին օրերին Արսեն Վենգերը ևս խիստ քննադատության է ենթարկվում երկրապագուների կողմից: Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Արսենալի» ղեկավարությունը արդեն իսկ կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի թեկնածուներիհարցում: Ըստ TheTelegraph-ի «Արսենալը» գլխավորել ցանկացող հիմնական թեկնածուներից են «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, որն այժմ գլխավորում է «Սելթիկը», «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան, որը Պեպ Գվարդիոլայի օգնականն է «Մանչեսթեր Սիթիում», ինչպես նաև «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը:
Հիշեցնենք, որ տիտղոսային վերոնշյալ մրցավեճին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցել, քանզի այս մրցաշարին հայտավորվել էր մեկ այլ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Արսենալի» պարտությունից հետո, որոշ մեկնաբանները կարծիք հայտնեցին, որ Մխիթարյանի գավաթային մրցավեճին մասնակցելու դեպքում կարող էր բոլորովին այլ պատկեր լինել: Հայ ֆուտբոլիստի շուրջ ծավալված քննարկումները, անկասկած, տրամաբանական ավարտ կունենան այսօր կայանալիք մրցավեճից հետո: Հայ ֆուտբոլիստի դերն իրականում մեծ է ռեանշի խաղում: Նա ունի հնարավորություն ապացուցելու, որ իր հասցեին հնչած քննադատություններն այնքան էլ տեղին չեն:
Բրիտանացի փորձագետների հիմնական մասը վստահ է, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ կխաղա խաղի առաջին րոպեից: Մասնավորապես, սպասվում է, որ «Արսենալը» կրկին կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և Կոսելնին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Կոլաշինացը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ուիլշերը: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Ուելբեքը, կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Օբամեյանգը: Մոտավորապես այս մարտավարությամբ «Արսենալը» փետրվարի 3-ին 5:1 հաշվով առավելության էր հասել «Էվերթոնի» նկատմամբ: Նախորդ խաղի համեմատ, Վենգերը ստիպված կլինի մի քանի փոփոխություններ կատարել: Հավանաբար, խաղադաշտում չի լինի ձախ եզրային պաշտպան Նաչո Մոնրեալը, որը Լիգայի գավաթի եզրափակչի արդեն 25-րդ րոպեին վնասվածք ստացավ և լքեց դաշտը: Մկանային խնդիրներ ունի նաև կենտրոնական կիսապաշտպան Աարոն Ռեմսին, որը ևս փոխարինվել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճում:
Հավելենք, որ գավաթային խաղում խիստ անհաջող էր ելույթ ունեցել Օբամեյանգը: Հանդիպման սկզբնամասում գաբոնցի հարձակվողը 3-4 մետր հեռավորությունից երկու անգամ չէր կարողացել գրավել մրցակցի դարպասը և առաջ մղել իր թիմին: Եթե կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը վնասվածք չունենար, գուցե Վենգերը հենց նրան վստահեր կենտրոնական հարձակվողի դիրքը: Ցավոք սրտի, Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողը մոտ 6 շաբաթով շարքից դուրս է մնացել: Վենգերի տրամադրության տակ գտնվող Իվոբին ու Ուելբեքը այնքան էլ հաջող չեն խաղում կենտրոնական հարձակվողի դիրքում, ուստի ֆրանսիացի մասնագետը ստիպված կլինի կրկին անգամ մեկնարկային կազմում ընդգրկել Օբամեյանգին:
Նախորդ հանդիպման ընթացքում «Մանչեսթր Սիթին» նույնպես կորուստ ունեցավ. վնասվածք ստացավ Ֆերնանդինյոն և «Էմիրեյթս»-ում նա հաստատ հանդես չի գա: Այդ իսկ պատճառով, պաշտպանության կենտրոնում հնարավոր է տեսնենք Գյունդողան-Դե Բրույնե-Սիլվա եռյակին: Խոսեփ Գվարդիոլան չի կարող հայտավորել նաև Մենդիին և որակազրկված Դելֆին: Այս հանգամանքով պայմանավորված, մարզչի առաջ խնդիր է դրված, թե ո՞վ հանդես կգա պաշտպանության ձախ եզրում:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը այսօր կայանալիք, Անգլիայի պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» դեմ խաղի մասին ասել է.
«Մենք հիասթափված ենք եզրափակչում պարտվելուց հետո: Պարզապես պետք է վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ խաղին: Հարկավոր է օգտագործել ստեղծված գոլային պահերը: «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին չի մասնակցի Նաչո Մոնրեալը, իսկ մյուս ֆուտբոլիստները պատրաստ են: Ֆուտբոլիստներին մոտիվացնելը մեր աշխատանքի մի մասն է:
Մենք պետք է պայքարենք հաղթանակի համար: Պետք է փորձենք դրական արդյունքի հասնել անկախ ամեն ինչից»,-ասել է Վենգերը:
‘