‘
Թանկացումների թեմայով ԱԺ լսումները,-ուշադրություն,-ՀՀԿ-ի միտինգն է։ Ինքնին պարզ է, որ լսումներն իրավիճակը չեն փրկելու։ «Ելքը» այդ միտինգում պարզապես ընդունել է ելույթ ունենալու հրավերը։ Տեսեք, գրեթե ամբողջ իշխանությունը խորհրդարանում հաշիվ է տալիս, թե ինչու է կարագը թանկացել։ Այսինքն, բոլորը բիրիքով մեկ օրում ուզում են փակել թանկացումների թեման։
Ամբողջ կառավարությունն ասեց, որ թանկացումները նորմայի մեջ են։ Պարզ է, չէ՞, որ եթե նորմայի մեջ են ու ժողովուրդն էլ փողոց դուրս չի գալիս, ուրեմն, ՀՀԿ-ն ու «Ելքը» խաղում են միմյանց հետ։ Նրանք խաղում են քաղաքական ուժ։ Պարտադիր չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն իմանան այս մասին։ Երբ Աստված ստեղծում էր աշխարհը, ինքը նաեւ 2018-ի հունվարի 23-ն է նկատի ունեցել։ Երբ «Ելքին» մտցրեցին խորհրդարան, նաեւ այս օրվա նրա դերը նկատի ունեին։ Որովհետեւ «Ելքն» ասել է, չէ՞, ԱԺ ընտրությունները լեգիտիմ էին։ Իսկ ժողովու՞րդը։ Ժողովուրդն արդեն այլ թեմա է։ Եվ ինքն իր դերն ունեցել է դեռ ընտրություններից առաջ։ Թանկացումների հեղինակային իրավունքը ՀՀԿ-ն դրել է ժողովրդի վրա՝ իսկ ո՞վ էր ընտրակաշառքները վերցնում։ Այսինքն, ես՝ Հանրապետականս, արժեզրկում եմ քեզ, քեզանից ջնջում եմ քաղաքացիականությունդ, դու նույնիսկ քո աչքին դառնում ես ոչ մեկը, առանց վաղվա օրն աչքիդ առաջ ունենալու վերցնում ես 10 հազար դրամը ու դրանով ստորագրում թանկացումները։ Ոչ թե այն իմաստով, որ փող բաժանած իշխանությունն այդ գումարը պետք է հետ բերի, այլ, որ իր անպատժելիությունն այլեւս խոչընդոտ չունի։
Թանկացումների թեման կեղծ օրակարգ է։ Ահա ինչու փողոց դուրս եկող չկա։ Քաղաքական ի՞նչ հարց են լուծում խորհրդարանական լսումները։ Բացարձակապես ոչ մի։ «Ելքը» սա չգիտի՞։ Այլապես ինչու՞ է այդ խմբակցության ղեկավարը թեման հեգնում՝ գառան միս չկա, սխտոր կերեք։ Ամբողջ խորհրդարանում չկա մեկ հոգի, որ կարողանա քաղաքական խոսք ասել։ Այսինքն, մարտահրավեր ձեւակերպել։ Այսինքն, բանաստեղծի նկատած Ապոկալիպսիսը պարզաբանել։ Թե չէ ցանկացած տնեսագետ էլ սեւով սպիտակի վրա կապացուցի, որ ինչքան ապրանքը թանկ, այնքան բյուջեի մուտքերը շատ։
Կարագի գնի բարձրացման հետ կապված ԿԲ նախագահի պարզաբանումն ընդհանրապես հուշեց, որ այս լսումները ընդհանրապես միտինգ են, այսինքն, դատարկ հռետորաբանություն՝ բժիշկներն ապացուցել են, որ խոլեստիրինի առաջացման համար կարագի մեղքը չափազանցված է, մարդիկ սկսեցին կարագ ավելի շատ առնել ու գինը թանկացավ։ Հասկացա՞ք։ Մոտավորապես ինչպես գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էր բացատրում, թե ինչու է Նժդեհի արձանը նման Պետրոս Առաջինին՝ արձանի հեղինակը սովորել է Սանկտ Պետերբուրգում, էդ պատճառով էլ նման է։
Իսկ ի՞նչ անենք, որ երբ թանկացումներ են լինում, պատասխան տվող լինի։ Տարբերակ չկա։ Որովհետեւ ամբողջ իշխանությունն է ձեւավորված պատասխանատվության բացակայության սկզբունքով։ Եվ իսկապես՝ որեւէ մեկի պատասխանատվությունը ցնցում է բուրգը, անիմաստ է դարձնում սցենարը, գրեթե արժեզրկում է իշխանություն ձեւավորելու հանցավոր մեխանիզմը։ Նիկոլ Փաշինյանը սա կարող է չիմանալ, ինքը էս մեխանիզմի մեջ Աշոտ Մանուչարյան է՝ կառավարելի «պամեխա»։ Ինքը աղմուկ կհանի, կզվարճացնի, այս ամենը թույլատրելի է։ Եվ, ընդհանրապես, որպեսզի կարողանանք խոսել թանկացումներից, պետք է մատով ցույց տանք՝ իսկ արժեքավոր ի՞նչ կա երկրում, որն ապականված չէ։
‘