‘Արսեն Գրիգորյան. Առողջ մտքի կապիտուլացիան’

6938

Ուրիշ ի՞նչ կարող է անել իշխանությունը, որ ՀՀ ամենաանտարբեր քաղաքացին անգամ հասկանա՝ ինքը գոյություն չունի։ Կարծես Աստված այս իշխանություններին անձամբ երաշխիքներ տված լինի, որ առաջիկա տարիներին նույնիսկ Հայաստանի իսպառ ոչնչացումը ՀՀԿ-ին չի սպառնա։ Էդուարդ Շարմազանովի քծնանքը «սիրո» ազատ անկումն է։ Ալիկ Սարգսյանը հենց տեսախցիկի առաջ է ասում՝ ի՞նչ եք ուզում մեր նախագահից, թողեք թող մնա։

Դուք նկատե՞լ եք, թե ինչ թեմաներ են եկել լրատվական կայքերի առաջին պլան՝ հեսա Ադրբեջանը կհարձակվի։ Գտնում են միջազգային երկրորդական ինչ-որ փորձագետների, որոնք հորանջի ու քնի արանքում հայտարարում են, որ պատերազմի հավանականությունը մեծ է, ու սա դառնում է առաջին լուր։ Հիշու՞մ եք՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարն էր ասում երկու օր առաջ՝ անվտանգությունը գերադասելի է ժողովրդավարությունից։ Հավատացնում եմ՝ սահմանային զոհերը անհրաժեշտություն են, որպեսզի քաղաքացին ուրիշ ոչնչի մասին չմտածի, այլ հենց՝ անվտանգության։ Եվ անմիջապես հետո էլ հայտարարում են՝ մենք թուրքի ջարդը կտանք։ Այսինքն, թույլ չեն տալիս մտածել խաղաղության մասին, այլ հենց՝ գերազանցության։ Այստեղ առողջ միտքը կապիտուլացված է։ Հայաստանը անվտանգության զառանցանքի գերին է։ ՀՀԿ-ն այսօր ուղղակի բրազիլական դիմակահանդեսի հրավառություն է սարքել Ղարաբաղի անունից իշխանություն պահելը։

Իսկ նկատե՞լ եք, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Քառօրյա նիստերն ավարտվում են  մեկ-երկու օրում։ Որպեսզի ներքին քաղաքական թեմաները հնարավորինս քիչ աչք ծակեն։ Առավելեւս այն մթնոլորտում, երբ այդպիսի թեմաներ գրեթե չկան։ Այսինքն, էդ գրեթե եղած թեմաներն անգամ աչք չծակեն։ Այս իմաստով անվտանգությունը եկել է առաջին պլան, որպեսզի ներքին ոչ մի մարտահրավեր չաշխատի։ Սահմանադրական փոփոխությունները չափազանց բաց տեքստ էին, որպեսզի մենք այս ամենը չնկատենք։ Քաղաքական մի ուժ ընտրություններին հենց միայն դա էր ասում՝ անվտանգությունը փաթաթելու են ձեր վզին։ Իսկ մեր խնդիրն անվտանգություն չէ, այլ՝ խաղաղությունը։ Ասել, որ ոչ ոք չհասկացավ, ճիշտ չէ։ Խորհրդարանի ընտրությունները կեղծվեցին։ Սակայն, երբ այդ կեղծիքը մարսվեց հենց հաջորդ օրը, արդեն պարզ էր, որ այլեւս ոչ մի խոչընդոտ չկա, որ ՀՀԿ-ն ուղղակի կատարելացնի Հայաստանի ապականումը։

Այսօր խոսել անվտանգությունից, նշանակում է ոչինչ չասել։ Խաղաղությունն այլեւս թեմա չէ։ Որովհետեւ հենց ասում են խաղաղություն, սազանդարներն անցնում են գործի՝ մենք դեմ ենք ամեն գնով խաղաղությանը։ Այսինքն, ստորանալ պետք չէ։ Իսկ ստորանալու մասին ո՞վ է խոսում։ Կամ ստորանալն ուրիշ ինչպե՞ս է լինում, եթե ոչ միայն անվտանգությունից խոսելով։

Մեր խնդիրը Հայաստանի կամ Ղարաբաղի անվտանգությունը չէ։ Որովհետեւ անվտանգությունը օրվա խնդիր է, ինքը ավազի վրա տուն սարքել է։ Եվ չի կարելի իշխանություն հանդուրժել հենց միայն անվտանգության հույսով։ Որովհետեւ այդ իշխանությունը վաղը պատերազմի դեպքում կարող է ասել, որ խաղաղություն երբեք չի խոստացել, իսկ անվտանգությունը հաստատուն բան չէ։ Անվտանգությունը նույնիսկ պայմանավորվածություն չէ, այլ սառը պատերազմ։ Ի վերջո, հարեւան Ադրբեջանն էլ իր քաղաքացիներին խաղաղություն չի խոստանում, բայց այնտեղ գոնե խոսում է վիրավորվածի ինքնասիրությունը։ Ապրիլյան պատերազմից հետո անվտանգությունը դարձնել իշխանությունը չթողնելու հավատամք՝ նշանակում է քաղաքացիներից յուրաքանչյուրի մեջ տեսնել էսօր-վաղը արտագաղթողին, քանի որ մնացողին խաղաղություն է պետք։ Եվ պատերազմից հետո դեռ անվտանգությունից խոսելը նշանակում է պետական պաշտոնական դոկտրին սարքել «սպասեք տեսնենք գլխներիս ինչ է գալիս» ոչինչ չասող ասույթը։  

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ժողովրդական կուսակցության 2017 թվականի տարեկան հաշվետվությունը’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանի պարտվեց նաև Վլադիմիր Կրամնիկին’