‘
Երեխա լինելը երեխայություն չէ: Ինքը աշխարհի գույները չունի: Ինքը գալիս է իր գույներով: Գալիս է իր բառերով, որոնք մեզանից ոչ մեկի բառերը չեն:
Ինքնին երեխա լինելն իմաստ չունի, եթե նրա հետ մանկացող չկա:
Ինքնին հեքիաթն իմաստ չունի, եթե այն երեխայից չի սկսվում:
Երեխան առաջին երեւակայությունն է: Առաջին շինարարը: Առաջին բանաստեղծը: Ինքը առաջինն է, որովհետեւ աշխարհն էլ է երբեւէ եղել առաջինը:
Աշխարհն արարված չէ, եթե այն մանկության ձեռագիրը չունի: Վագրը սոսկ վագր չէ, այլ գրեթե սյուրռեալիզմ, գրեթե կուբիզմ: Ամեն ինչ, ինչից սկսվում են բոլոր ուղղությունները: Որովհետեւ նրա քաշած գիծը հաջորդ աշխարհի բովանդակությունն է:
Երեխան վագրի ախորժակից գաղափար չունի: Իր վտանգների աշխարհում փրկությունը կանխիկ է, թեպետ չի ձեւակերպվում: Իր վտանգների աշխարհում երեխան կարող է խոսել նաեւ վագրի հետ: Նա ազգությունների աշխարհից հեռու է: Երեխան հայ, թուրք կամ ադրբեջանցի չի լինում: Սակայն մարդանալու համար առանց ազգության հնարավոր չէ:
Ուստի սովորում է մարդանալ: Ինչպես աշխարհից քամում են նավթը: Ինչպես ձեռքը սովորում է վերցնել անաշխատ փողը: Այսինքն, անել բաներ, որոնց համար ազգություն ունենալը պարտադիր չէ: Այսինքն, ապականվում է արարչությունը՝ երեխան հերթի է կանգնում մյուսներից մեկը լինելու պատասխանատվության շքերթում:
Սկսվում է ճիշտ բառի արտասանությունը: Որը միայն բառ չէ: Որը հենց դրեցիր բանաստեղծության մեջ, երեխան կփլվի: Բայց այդպես կյանքը դառնում է առավել հասկանալի:
Երեխան առասպելներ չունի: Նա ունի միայն իրականություն: Առասպելը գալիս է հետո: Երբ երեխան չկա: Ամեն ինչ տիեզերք է նրա համար, քանի դեռ տիեզերքը ցույց չես տվել:
Այն, ինչ բաղդատում է մանուկը, սկսվում է մտքի համից: Ահա ինչու նա ամեն ինչ տանում է բերանը: Նա սոսկ իր բնազդները չէ: Նա ոչնչով չապականված սեր է, որտեղ անվանված է ամեն ինչ: Այդ սերը չարից եւ բարուց անդին է: Այդ սիրո մեջ բաղդատվում է զուգահեռ իրականությունը: Որն այլեւս չկա մեզանից ոչ մեկի աշխարհում:
Աշխարհն այնպիսին չէ, որտեղ հնարավոր է երեխա լինել: Այստեղից էլ աշխարհի եւ երեխայի փոխադարձ «каприз»-ները միմյանց հանդեպ:
Սովորել գուցե երեխային պետք է: Այսպես թե այնպես աշխարհը վերաբերվում է նրան: Այսպես թե այնպես նա պետք է ապրի մի իրականությունում, որը պարտադրված է: Այսպես թե այնպես ոչ մի երեխա աշխարհի առանցքը չէ եւ մի մարդը միշտ մյուսի դեմ է: «Մարդանալու» ակունքներն այստեղ են: Պատերազմները, դիցուք, նույնքան մանկական իրադարձություն են, որքան՝ երեխայի 39 աստիճան ջերմությունը: Մանկությունը մեռնում է, երբ այդ ամենն ունի բացատրություն:
Կատվի հետ դաժանաբար վարվող երեխան իր սկիզբը չունի: Այսինքն, «ձեռքի» տակ արարչագործության վրձիններ չի ունեցել, անձամբ չի անվանել ոչինչ: Ամեն ինչ արվել է ի հեճուկս նրա: Այդպիսով սնանկացվել է սերը, որը ի ծնե է: Որն ամեն օր լրացվում է կամ պետք է լրացվի փոխադարձաբար:
Իրականում սովորեցնում է միայն սերը: Որովհետեւ սերն ազատություն է: Եթե երեխան հագնվում է ոչ իր ընտրությամբ, մի օր կատու էլ կճղի: Այսինքն, կուրանա մորը՝ փոխարենը չառաջարկելով ոչինչ:Եթե երեխայի թոթովախոսությունը խոսքի իրավունք չէ եւ նա անպայման պետք է ասի հարկավոր բառը, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, դրա արձագանքները կլսվեն աշխարհի ապականման մեջ:
Մանկությունը մեռնում է ճիշտ բառի, ճիշտ աշխարհի մեջ:
‘