‘ Արսեն Գրիգորյան. Ընկերուհուս հետ…’

12346

Ընկերուհուս հետ խոսում էի բռնապետությունների ծագման մասին: Հին աշխարհից դեռ հայտնի է, որ իշխանությունը վերցնում են ճանապարհին առաջացած խոչընդոտները մաքրելով: Սովորաբար «նմանն զնմանին կմաքրե»: Իրենք իրենց լավ գիտեն:

Դավադիրը սպանում է պոտենցիալ հակառակորդներին, հետո ոչնչացնում է նրանց, ում դեմքով էլ չգիտի: Դավադրություններով պարզապես իշխանություն չես վերցնի, դավադրություններով վերցնում ես բացարձակ իշխանությունը: Որովհետեւ դավադրությունը իշխանության վրա չի քնում, այն շարունակվում է իշխանության մեջ: Այսինքն, դավադիրը պետք է մաքրի ոչ միայն պոչերը: Այլեւ ապագա թիմակիցներին: Հենց ապագա թիմակիցներն էլ ստեղծում են բռնապետին:

Իշխանությունը, նախ` հարմարավետություն է: Դա պահանջում է, որ դու միշտ համաձայն լինես դավադիրի հետ, քեզ թույլատրված է ընդարմանալ իշխանության մեջ, չընդարմանալ` նշանակում է լինել զգոն, լինել զգոն` նշանակում է տեսնել ոչ միայն դավադիրի արթուն աչքերը, այլեւ հասարակ ժողովրդի անմխիթարությունը: Նշանակում է նաեւ տեսնել, թե ովքեր կարող են հավակնել քո տեղին: Չընդարմանալ` նշանակում է լինել պոտենցիալ դավադիր: Մինչդեռ քո նվիրվածությունը չպետք է սահմաններ ճանաչի: Նշանակում է, որ դու քո հերթին պետք է դադարես լինել անինքնուրույն: Այս պահից դու սկսում ես դավադիրին բռնապետ դարձնելու գործընթացը, ինքն իրենով երբեք բռնապետ չի դառնա: Թեպետ բռնապետն օրինակներ է ցույց տալիս` իր իշխանության առաջին ամիսներին ոչնչացնում է նրանց, ումից վտանգ է զգում: Ու դու հասկանում ես` եթե ուզում ես ապրել, պետք է լինեն մարդիկ, որոնք չեն ապրելու: Բռնապետն իրենից ներկայացնում է քմահաճույքներ: Մտահոգիչն այն է, որ երբեք չես կարող իմանալ, թե ինչ քմահաճույքներ են դրանք:

Ինչպե՞ս ընդդիմանալ, երբ կայսրն ուզում է, որ իր ձին դառնա սենատոր: Ուգանդայի բռնապետ Իդի Ամինն իրեն հռչակել էր Բրիտանական կայսրության նվաճող: Ոչնչացրել է 3 միլիոն մարդ «կամոքն Աստծո, որն իրեն երեւացել է երազում»: Բռնապետության աշխուժության համար անհրաժեշտ է, որ նա անընդհատ խոսի: Ի՞նչ է ասում նա: Սուդանի բռնապետ Օմար Ալ Բաշիրն ասում է` դեմոկրատիան, որ չի կարող կերակրել ժողովրդին, արժեք չունի: Երբ Միջազգային քրեական դատարանը նրան մեղադրեց իր ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրագործելու մեջ, Սուդանի ժողովրդի մի հսկա զանգված դուրս եկավ փողոց «Առաջ, Ալ Բաշիր», «Դարֆուրի ցեղախումբը ձեր հետ է» լոզունգներով: Ալ Բաշիրն անձամբ հայտարարեց` նրանք կարող են վերցնել այդ նույն դատարանի օրդերն ու ուտել: 3 միլիոն մարդ ոչնչացրել է Կամբոջայի բռնապետ Պոլ Պոտը (1975-1979): Եվ հընթացս հայտարարել է. «Նայեք ինձ` մի՞ թե ես նման եմ դաժան մարդու: Իմ խիղճը մաքուր է»:

Դիկտատորի առաջին պահանջը սերն է: Նա չի ուզում, որ սիրեն իրեն, նա համոզված է, որ արդեն սիրում են: Ուստի զարմանում է, երբ չեն սիրում: Ստալինի իշխանության օրոք ամուսիններն իրենց ննջասենյակում սիրով էին զբաղվում անկողնու գլխավերեւում Առաջնորդի դիմանկարի ներքո: Բռնապետը համոզված է, որ իր ողորմածությունն  է մարդկանց ապրելու ուժ տալիս: Հենց այդ պատճառով էլ սիրում են իրեն: Դիկտատուրան կառավարման մի ձեւ է, երբ բռնապետը նվաճում է մարդկանց սրտերը՝ այդպես էլ տեղ չգտնելով նրանցից ոչ մեկում: Կարելի է իշխանության գալ իբրեւ մտածող, բայց իշխանությունը վերցնելիս բռնապետը միայն գործում է: Եվ հընթացս իրեն համարում լավագույն մտածողը: Ֆրանսիական բուրժուական հեղափոխության լիդերներից մեկը` Մաքսիմիլիան Ֆրանսուա Ռոբեսպիերը, գրողներին անվանում էր ծախու: Որովհետեւ հեղափոխության գաղափարները, որոնք իրենն են, անբեկանելի են: Իսկ գրողները միշտ չէ, որ մտածում են ըստ ինչ-որ մեկի պատկերացրած հեղափոխականության: Այդպիսի գրողներից էր Եսենինը: 1925-ին ուզում էր փախչել Ֆինլանդիա: Արդեն խնդիր է` ինչու՞ էր ուզում փախչել, եթե ազատ երկրի բնակիչ էր: Ի՞նչ արեցին: Սպանեցին: Ուրեմն, ըստ բռնապետի, գաղափարներն անբեկանելի են, մարդը` ոչ: Հենց այս պատճառով արդեն 20-րդ դարում բռնապետների լոզունգները դուրս են գալիս փողոց, դրանք համընդհանուր ճշմարտություններ են: «Փառք ԽՄԿԿ-ին» «Մենք անապատը կդարձնենք ծաղկուն երկրամաս» կամ «Ճանապարհ տաղանդներին»: Տոտալիտարիզմի լոզունգները սովորաբար չեն քննարկվում: Չկա հարցը` ինչու՞ փառք տանք ԽՄԿԿ-ին, եթե փառքն, ասենք, Աստծունն է, ինչպե՞ս ծաղկեցնել անապատը, կամ ո՞վ է խանգարում տաղանդներին: Եվ ընդհանրապես, թերթ կամ կայք չկա՞, որպեսզի ձեր ծրագրերը կարդանք կայքերում եւ արձագանքենք` հնարավո՞ր է դրանք իրագործել, թե ոչ:

Լոզունգներն իրականում ներկայացնում էին ավելի էական մի բան` կյանքը փոխել հնարավոր չէ, որովհետեւ փողոց դուրս բերված լոզունգները չեն փոխվում: Որովհետեւ չի փոխվում առաջնորդը: Որովհետեւ նա անփոխարինելի է, նրան այլընտրանք չկա: Լոզունգները կարող էին լինել նախընտրական կարգախոսներ, որոնք փողոց են դուրս բերվում ընտրություններից առաջ եւ անհետանում ընտրություններից հետո: Իսկ երբ ասում ես` փառք ԽՄԿԿ-ին, այսինքն, երբ քո բոլոր հեռուստաընկերությունները լուսաբանում են միայն ՀՀԿ «Բազե» ճամբարի, «Միասին»-ի միջոցառումները, նշանակում է` դու ուզում ես, որ ամբողջ երկիրն ասի` Փառք ՀՀԿ-ին, իսկ եթե` փառք, նշանակում է` ընտրություններ չեն լինելու: Իսկ երբ ընտրություններ չեն լինում, դու ամեն կերպ «դոշ ես տալիս» այն կեղծիքների համար, որոնք քեզ թույլ ես տվել «ընտրություններ» կոչվածի ժամանակ: Ի՞նչ է «պատմում» մարտի 1-ը: Այն իշխանության կատաղի շարադրանքն էր բոլոր նվաճումների, որոնք չի ուզում տեսնել ընդդիմությունը: Որպեսզի ընդդիմությունը տեսնի նվաճումները, չտեսնողները պետք է մեռնեն: Իսկ քանի որ նվաճումները կան, չտեսնողներն անվանվում են անջատողականներ, ահաբեկիչներ, թալանչիներ եւ բոմժեր: Ուստի չի կարելի թույլ տալ, որ իշխանություն վերցնեն:

Մի ժամանակ ընկերուհուս հետ խոսում էի բռնապետությունների ծագման մասին: Այսօր նա հարցեր չունի: Ապրիլի 2-ից հետո նա ինձ լսելու ցանկություն էլ չունի: Մի քանի օր առաջ հարցրեց՝ Կանադա չես ուզու՞մ գնալ:

 

Նախորդ հոդվածը‘Թեհրանի ահաբեկչությունը. Իրանը մեղադրում է Սաուդյան Արաբիային’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկարժեք թիմը «Մանչեստեր Յունայթեդն » է’