‘Արսեն Գրիգորյան. Իշխանությունը երե՞ս է առնում’

3949

Նախկինում կառավարության դիմաց բողոքի ցույց անող առեւտրականները, տաքսիստները եւ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք քթածակով էին զգում, թե ինչ փորձանք է բերում իրենց գլխին այս կամ այն օրինագիծը, սպառնում էին արտագաղթով: Եվ արտագաղթում էին: Որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ բոլոր օրենքները շարքային քաղաքացու դեմ էին: Դե, շարքային քաղաքացին ինքնապաշտպանվում էր փախուստով, որպեսզի խուճապը չուտի իրեն:

Երեկ գրավատների աշխատակիցները, «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների հոտն առնելով՝ հավաքվել էին կառավարության դիմաց եւ ասում, որ եթե էդ փոփոխություններն ընդունվեն, իրենք կարտագաղթեն: Փոփոխություններով գրավատների տարեկան 100 հազար դրամ պետական տուրքը հասցվում է 6 միլիոն դրամի: Այսինքն՝ պետական տուրքը բարձրանում է 60 անգամ: Ես չգիտեմ, թե պետությունը ինչու է որոշել տուրքը բարձրացնել հենց 60 անգամ: Գուցե էս մարդկանց կամ նրանց ներկայացուցիչների հետ նախապես քննարկելու կարիք կար: Գուցե արդեն քննարկել են, այլապես ինչու՞ պետք է նրանք հավաքվեին կառավարության դիմաց: Բայց մտահոգիչը նախահեղափոխական սպառնալիքն է՝ կարտագաղթենք: Այսինքն, իրենք պետության մեջ բոլոր փոփոխություններն ընդունում են, միայն թե դրանք իրենց չվերաբերեն: Այսպես են մտածում նաեւ ծխողները:

Պետք է ընդունել, որ հեղափոխությունը գուցե ինքնին այդքան ցավոտ բան չէ, հատկապես եթե առանց զոհերի է հասնում արդյունքի, բայց ինքը հեղափոխություն է հենց փոփոխությունների մղումով: Երբ դու՝ քաղաքացիդ, էդ փոփոխություններին դիմադրում ես արտագաղթով, ի՞նչ ես անում իրականում: Դու ուզում ես ասել, որ քո պետությունը գրավատու՞նն է: Վաղն էլ ատամնաբույժը կհայտարարի, որ իր պետությունը ատամնաբուժարանն է, ու սա կդառնա մասնագիտական գետտոների պետություն:

Խնդիր, իհարկե, կա: Կառավարությունը, մասնավորապես՝ ֆինանսների նախարարությունը, ձեր տեսակետների հետ հաշվի չի նստել: Օրենքը փոփոխում են ագահի տրամաբանությամբ: Պետությունը բյուջեից ներքեւ հայացք չի գցել, որ հասկանա, թե ինչ է անում, եւ ինչպես սա կանդրադառնա գրավատնային տնտեսության վրա: Կարճ ասած՝ ձեր բողոքն արդար է: Ինքս տնտեսության գուրու չեմ, կարող եմ միայն հասկանալ ձեր վրդովմունքը եւ իշխանության տնտեսական բլոկի «տապոռային» վարքը: Բայց, ի սեր, Աստծո, ազատեք մեզ արտագաղթի սպառնալիքներից: Գուցե ոմանք դեռ կարիք ունեն սովորելու երկխոսել քաղաքացու հետ: Եվ գուցե դուք իրավունք ունեք իշխանության հետ խոսելու նախկին լեզվով:

Անձամբ ես համաձայն եմ, սիրով եւ համերաշխությամբ երես տված եւ երես առած իշխանությունը գուցե կորցնի իրականության զգացումը: Դրա համար կան քաղաքացիները: Բայց գուցե չբացառենք, որ այնտեղ վերեւներում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Եթե, իհարկե, ձեռքերն իրենք չեն պայմանավորվել միմյանցից բեխաբար լինել:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳ նախարարը Պոռոշենկոյին մեղադրել է ընտրողներին կաշառելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի գրոհայինների կանայք հուսահատ են’