‘Արսեն Գրիգորյան. Հայը’

15684

‘

Հայ լինելը հարաբերական բան է: Ամենակարեւորը՝ դրա համար հաշիվ չես տալիս:

Հայը հայտարարագիր չէ: Այն, ըստ էության, ոչինչ չի նշանակում, եթե համակեցության կանոններից առաջ ու հետո քո միակ հոգսը դու ես:

Հայ է, ասենք, մեր թաղի Վարդանը, որը կարատե է պարապում, բայց մեր բակի Գրիգորին սպանում է դանակով: Մեր հարեւան Գալինան նույնպես հայ է՝ հանրապետականների անունը լսել չի ուզում, սակայն ոչ մի ընտրակաշառք բաց չի թողել:

Հայ է մեր շենքում ապրող տաքսիստ Գուրգենը: Նա խաղի ոչ մի կանոն չունի վճար սահմանելիս՝ միշտ 300 դրամ ավել է վերցնում: Օրերս ասաց՝ չէ, ախպեր, ճիշտը Ռուսաստան թռնելն է: Իմ փիլիսոփա ընկեր Վարուժանն էլ է հայ: Պաշտում է Ժան-Պոլ Սարտրին: Կամ նրա կնոջը՝ Սիմոնա դը Բովուարին: Կուզեր երկուսի տեղն էլ լիներ՝ ամուսնանալ եւ ամբողջ օրը քարշ գալ սրա ու նրա հետ:

Հացթուխ Ռոմանը կիսով չափ լեհ է, հենց չի իմանում՝ ինչ ասի, ասում է՝ սաղ հրեաներն են մեղավոր: Որդուն ընդունեց դպրոց ու դարձավ Հանրապետական: Ասում է՝մի կտոր հացի համար: Հետո շարունակում է՝ Միցկեւիչն էլ է հայ: Հայ է հատկապես սիրահարված Գարունը: Երեք ամսում գրեց 100 բանաստեղծություն, բոլորն էլ՝ ռուսերեն: «Գրազով»,-ասում է Գարունը: Նշանդրեքը դրանից հետո անխուսափելի էր: Տղայի մայրն այդ օրն հնչեցրեց իր ամենասրտառուչ հարցը՝ Գարուն ջան, «ռադ էղիր»-ը ռուսերեն ո՞նց կասես: Գարունը նույնիսկ չկանաչեց հարցից՝ «катис отсюда, мама»:

Սորբոնից վերադարձած Սամվելը դեռ այնտեղ էր հայ: Բոլորից վերցնում էր լավագույն գիտելիքները, իսկ կոնյակը խմում էր մենակ: Վերադառնալու հաջորդ օրն ինձ ասում է՝ ախպեր, սեւ Սորբոն կբերեմ ձեր գլխին, եթե գործ չգտա: Հայ է Անդրանիկի մոտ ազգական, 23 տարվա գործազուրկ Յուրան: Արդեն 55 տարեկան է: Մի օր ասաց՝ ճիշտը Նժդեհի հեռավոր ազգական լինելն էր: Գերեզմանափոր Արմենն էլ է հայ, ատելով ատում է, երբ մեռելի հասակը մեկ ու հիսունից պակաս է: «Էդ բոյի համար կնգադ ծոցից դուրս գաս ու փո՞ս փորես»,-բարձրաձայն խորհում է նա: Հայ է դիահերձող Վիգենը, որի միակ սրտխառնոցը եղել է կնոջ հղիության ժամանակ:

Բանակից փախած Տպարանի Գագոն երեւի ամենահին հայերից է, թեպետ 40 տարեկան էլ չկա: Քայլում է՝ ջրհեղեղի օրերից մինչեւ հիմա հայոց բոլոր հարցերն ասես վտիտ ուսերին առած: Մի օր կատակով ասացի. «Կեսը տուր, ես կշալակեմ»: Զարմանում է՝ ի՞նչը: Հայոց հարցերի կեսը: «Շատ խնդալու է,-հենց նոր սկսած կյանքի ամբողջ անհուսությամբ ասում է նա,-ում սիրեցի, գեներալի կամ գնդապետի աղջիկ դուրս եկավ»: Հայ է բնիկ երեւանցի Թադեւոսը: Ասում է՝ մեկ էլ գազանանոցի քյոսա ուղտն է էս քաղաքում բնիկ երեւանցի: Հայ է մորմոն Վաղինակը, որը ասում է. «Աստծուն մեռնել չկա, իսկական հայ»:

Ջութակահար Սամսոնը նոր հայ է, մի քանի օր առաջ Գլենդեյլի իր բարեկամին սկայպով բղավում էր՝ Մոցարտի «Ռեքվիեմի» տակ աճեցրած սունկ ունեմ, մորթում է: Բարեկամն այնտեղից շշնջում է. «Այսինքն, առանց անձրեւի՞»: «Հարազատ, անձրեւը մի նոտա է, դրա աճացրած սունկն ի՞նչ պիտի լինի»: Բարեկամը շարունակում է շշնջալ. «Իսկ Վագների «Մահվան տանգոյի» տակ փորձե՞լ ես»: «Հարազատ,-բղավում է Սամսոնը,-էդ սունկերը զոքանչիս համար չեմ աճեցնում»: Հայ է գյուղապետ Գրիշան: Նոր է վերադարձել Փարիզից: Այնտեղ ինչ-որ թաղամասում նա անձամբ է կտրել խաչքարի բացման ժապավենը: Սեւամորթ կասկածելի մեկը նրան հարցրել է. «Désolé, Arméniens musulman?» (Կներեք, հայերը մահմեդակա՞ն են): Գրիշան ոչինչ չի հասկանա: Նա կժպտա եւ հենց նոր յուրացրած միակ ֆրանսերենով կասի. «Oui, oui» (Այո, այո):

Շուտով Հայաստանում նույնիսկ անիմաստ կդառնա անեկդոտը, որովհետեւ հայ լինելն արդեն ուրախացնում է: Ու դեռ ցուցակում բացակայում են Գալուստ Սահակյանն ու Լեւոն Իգիթյանը:  

‘

Նախորդ հոդվածը‘Ջանֆրանկո Ձոլա. «Բուֆոնն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին»’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարի հետեւանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող. 7-ի վիճակը ծանր է ‘