‘
Եթե այցելեք Արցախ, ուշադիր նայեք ընկուզենիներին: Այդ ծառերը իրենք իրենցով բնավորություն են, ճարտարապետություն եւ հմայք: Նրանք սովորաբար մեծ տարածքներ են զբաղեցնում, խոշոր են, բայց ոչ՝ տիրական: Տպավորություն է, որ Արցախի ընկուզենիները մի անձեռակերտ հսկայամոլության արդյունք են: Բայց դա տպավորություն է:
Ինքը՝ արցախցին իր բնության բազմաթիվ գեղեցկություններ ցույց կտա, բայց դուք ընկուզենուց մի հեռացեք: Դրանք աներեւակայելի ուրիշ են: Այդ ծառերը խոնարհում չունեն այն պահից, երբ փարթամանում են, բայց դա ի հաշիվ նրա, որ «էսթետներ» են:
Արցախի բնական միջավայրը Հայաստանի սանտիմետրերով հաշված տարածքը չունի։ Այստեղ ամեն ծառ ու թուփ ինքն է ստեղծում իր բնական միջավայրը։ Ընկուզենիները Արցախում մի տեսակ նման են իրենցով զբաղվող գեղեցկուհիների: Իրենց առանցքի շուրջ ճյուղերի սփռվածությունը ճշգրիտ է: Այդ ծառերն ասես աճեն հայելու դիմաց, որպեսզի որեւէ սխալ չլինի իրենց կերպարում: Սակայն ամենատպավորիչը այդ ծառերի հսկայականությունն է
Արցախը Հայաստանից փոքր է, բայց բնության համար բավարար հող ունի։ Արցախում նախ հող կա, հետո մնացած ամեն ինչը: Մարդիկ այստեղ դեռևս հողի հետ ավելի հաշտ են, քան՝ հաջորդ օրվա։ Այս ժողովուրդը չի կարող թշնամի ունենալ, բայց եթե ունի, այդ թշնամին կարող է հավակնել հողին: Դա ցանկացած նվաճողի բնական հավակնությունը չէ: Այս հողը կարծես իր կենսունակության սերմերով էժանացնի այլ միջավայրերը, որտեղ մարդիկ շատ են եւ հատկապես՝ առանց հողի: Այս հողը իրենից դուրս եկող ամեն ինչ դարձնում է գեղեցիկ, այն ամենը, ինչ անում է հողը, գեղեցիկ է անում: Ընկուզենիները Արցախի հողի հնարավորությունների թագուհին են: Եվ վայ նրան, որը որոշեց, որ այս հողը պետք է իրեն ծառայի: Արցախն իրենից դուրս է մղում բոլորին, որոնք ապրելիս հողը նկատի չունեն։ Թվում է այդպիսիք կան նաև Հայաստանի գյուղերում։ Կան՝ տավուշցիները, որոնք ղարաբաղյան արմատ ունեն և սյունեցիները, որոնք խոսում են գրեթե նույն լեզվով։
Արցախցին հողի արժանապատվությունն է, քանի որ այդ հողը այլ հենակետ չունի։ Արցախը քաղաքներ ունենալու բնական միջավայր չէր, այն քաղաքներ չէր ենթադրում։ Քաղաքները միշտ լրացնում են ճաղատությունը։ Արցախը ճաղատ ոչինչ չունի։ Ինքը կարող է լինել միայն ճաղատ ներաշխարհի զոհը։ Պետք է ենթադրել, որ ինչ-որ ձեռք Արցախը վարակել է քաղաքներով: Հետևանքներն անխուսափելի են, բնաշխարհը պիտի սպասարկի նրանց։ Բնությունը դա պիտի նկատի ունենա։ Ինքն իր աշխարհն այլևս չունի, դա մարդկանց աշխարհն է և այս դեպքում ի՞նչ տարբերություն՝ հայերի՞, թե ադրբեջանցիների։
Ընկուզենիների մեծամոլությունը խաբկանք է, նրանք պարզապես խանգարող չունեն, «տակը» փորող չունեն։ Արցախի ընկուզենին ասես երաշխիք է ուզում, որ իր հմայքը կողմնակի ոչ մի բանով չի խաթարվի: Գնացեք Արցախ եւ համոզվեք, որ նա այդ երաշխիքը ստացել է ի տարբերություն ասենք, Մեղրիի ընկուզենիների: Թվում է, թե ընկուզենիները փոքր չեն լինում։ Հայաստանում լինում են։ Հայաստանը չափազանց մանրամասն է զբաղեցված մեր ախորժակի «պտուղներով», որպեսզի ընկուզենին հսկա լինի։ Բացի դրանից, «արցախցի» ընկուզենին չի վախենում իր բնաշխարհի ճարտարապետը լինել։
Հայաստանում այդ բնաշխարհը միայն ընկուզենու համար չի նախատեսված։ Հայաստանի բնական ճարտարապետությունը հաշվարկվում է ուտող բերանով։ Արցախցին վախենում է տրակտորը մտցնի անտառ, հայաստանցին չի վախենում։ Հայաստանցու քիթն արդեն նախագծեր ունի բոլոր այն տարածքների հետ կապված, որոնք իրենից վերև են։ Արցախցու քիթն այդքան վերև չի նայում, նրա քթից վերև սիրաբանվում են ընկուզենու դալար ճյուղերն ու քամին։ Իսկ դա ղարաբաղցու գործը չէ, սիրո համար դժվար այդ ժողովուրդը վաղուց սիրո մեջ է: Դա հողն է, որը «ծնել» է արցախյան ընկուզենի:
‘