‘
Յուրաքանչյուր հասարակություն «վայելում» է իր Արմագեդոնը՝ «աշխարհի վերջը»:
19-րդ դարի կեսերին Ռուսաստանն այդ Արմագեդոնը տեսավ Դոստոեւսկու աչքերով: 20-րդ դարի 17 թվականին ռուս մարդը ստացավ այդ Արմագեդոնը: 30-ականներին խորհրդային ժողովուրդը արդեն «վայելում» էր Ստալինին:
19-րդ դարի 80-ականներին Նիցշեն գրում էր «Այսպես խոսեց Զրադաշտը»: Լեւ Տոլստոյն արդեն հասկանում էր, թե ուր է տանում այս հանճարեղ գիրքը, որը մերժում է մարդկային ամեն ինչ: Ամբողջ Եվրոպան «վայելեց» ֆաշիզմը: Թեպետ այն բացառապես ամեն ինչի մասին էր: Ֆաշիզմը յուրացրեց հենց ստեղծագործության «արմագեդոնային» շեշտադրումը:
Արմագեդոնը նույնն է, ինչ քառանիվ սայլը: Եթե այն հայտնագործեցիր, այլեւս հետդարձ չկա, հաջորդը հեծանիվն է, ավտոմեքենան, հրթիռը եւ տիեզերանավը:
Կամ՝ քարը: Վաղը դա կացին է, մյուս օրը՝ նետ, երրորդ օրը՝ փամփուշտ, հաջորդ օրը՝ գնդացիր, հետո՝ տանկ, հետո՝ Իսկանդեր, հետո՝ ատոմային ռումբ: Մարդը միշտ «արարում» է մահվան գործիքներ: Նույնիսկ ամենալավ նպատակներով: Գրքով անգամ կարելի է մարդ սպանել: Գրչով՝ ավելի հեշտ: Կարեւորը նպատակային հարվածն է եւ ոչնչացման մղումը: Այդպես սպանում էր Ռասկոլնիկովը: Կարեւորը՝ թե ինչ խնդիր ես դրել քո առաջ: Բոլոր նպատակների մեջ Արմագեդոնը կա, քանի դեռ ոչ ոք նույն նպատակը չունի եւ չի էլ կարող ունենալ:
Ինչ հիմնավորումով էլ ձեւակերպվի նպատակը, արյունը պիտի թափվի: Որովհետեւ ինքն իրենով մարդը չի հերիքում ոչ մի նպատակի համար: Հետեւաբար, մեկը պիտի պակասի: Եվ մարդը պակասում է Ռուսաստանի կայունության անունից, Ղարաբաղի անվտանգության անունից, Ամերիկայի առաջնորդության անունից: Մարդը պիտի պակասի, որպեսզի նպատակի համար տեսադաշտ եւ տարածք բացվի: Այլ մարդ չկա, քան ոչնչացնողը կամ պակասողը:
Մենք ամեն ակնթարթ մյուսի «աշխարհի վերջն» ենք: Մենք ամեն ակնթարթ մահվան ուրվականն ենք, որը միշտ այցելում է կոնկրետ զոհի: Այսինքն, ինքնին մահվան ուրվական չէ, կա միշտ մահվան ուրվական իմ, քո, նրա եւ մյուսի համար: Ինչպես ինքնին մահ գուժող զանգ չկա: Այն միշտ գուժում է քո, իմ, նրա կամ մյուսի մահը:
Արմագեդոն է համարվում այն համընդհանուր «խցանումը», որ կա մտքի, վարքի, սիրո, մի խոսքով՝ մարդու մեջ:
Արմագեդոնը մարդուն ազատում է պատասխանատվությունից, քանի որ ինքն է միակ իշխանությունը, իսկ իր մեջ պատասխանատվություն չկա եւ իմաստ էլ չունի: Չէ՞ որ քիչ հետո ամեն ինչ վերանալու է: Արմագեդոնի մեջ կա միայն տվյալ ակնթարթը ապրելու հրամայական: Իսկ դա նույնպես ենթադրում է անտարբերություն հանդեպ դիմացինը:
Աշխարհի վերջն այն միջավայրում է, որտեղ տեղի ունեցող անկումը քո խնդիրը չէ: Ավելին, այդ միջավայրում անկում էլ չկա, քանի որ ընկնում են բոլորը, վերանում է անկման զգացումը: Դու մյուսներից արագ կամ դանդաղ չես ընկնում:
Եվ այդ միջավայրում ոչ ոք չի վերընթերցի Դոստոեւսկուն կամ Նիցշեին: Ողորմածությունը գալու է հրեշից, որին դեմքով չգիտես կամ գիտես սոսկ նրա հեղինակությունը: Անցյալ դարի 30-ականներին ստալինյան մահաբեր «քառյակներին» իրենց բնակարաններում սպասողները չէին ապավինում Պուշկինին, Չարենցին, Աստծուն կամ Շեքսպիրին: Նույնիսկ ԳՈՒԼագ-ում դատապարտված որդի ունեցող Աննա Ախմատովան էր ապավինում Ստալինին: Բայց նա Պուշկինին ձեռքից չիջեցրեց: Ինչու՞: Որպեսզի դիմակայի իր միջի Ստալինին:
Արմագեդոնը շղթայական ստալինակերպությունն է, երբ յուրաքանչյուրը մեթոդաբանորեն վերածվում է Ժողովուրդների հոր եւ սպասում իր «աստեղային» ժամին: Այսպիսիների մասին Ժան-Պոլ Սարտրն ասում էր՝ դժոխքն ուրիշներն են: Էժեն Իոնեսկուն ավելի լավ էր տեսնում՝ անդիմադրելի է մարդու ռնգեղջյուրացումը:
Որովհետեւ Ստալին լինելու համաճարակը Պուշկին կամ Չարենց կարդալ չէ: Այդտեղ նախնական բնազդները բավարար են: Նախնական բնազդները սպասում են բարբարոսներին, որպեսզի ճանաչեն իրենք իրենց:
Մեր Արմագեդոնը այսօրն է:
Մեր բարբարոսներն արդեն տեղ են հասել: Նրանց բնակության վայրը յուրաքանչյուրի ճոխ ամայությունն է: Չկա ինքն իրենով բարբարոս, եթե այն արդեն ես չեմ: Բարբարոսը պարարտ է մեր «հյուրընկալությամբ»: Նա պարարտ է մեր դատարկությամբ, որտեղ լցվում է: Ընտրակաշառքը Բարբարոսի «միտքն» է, որը վերածվում է կենցաղի: Հետո նա դառնում է առօրյայի մաս, որում մարդն արդեն չկա: Նա արդեն բարբարոսի պատկերով եւ նմանությամբ ընկած մի սուբյեկտ է, որին վիճակված է անգոյությունը:
Օլիգարխի կամ նախարարի ամենօրյա հիմարությունները մեր «մարդու» ամեն ինչն են՝ գրականությունը, փիլիսոփայությունը, դետեկտիվը, սիմֆոնիան, քաղաքականությունը: Նա նկարիչն է, որն արժեզրկում է վրձինը, փիլիսոփան, որը փաթեթավորել է միտքը, գրողը, որը հերքում է լեզուն, երաժիշտը, որն առաջարկում է զռռոց: Նա նոր խոսքն է, որը ոչ թե չի հնչում, ոչ թե համրին էլ է հասկանալի, այլ կանչն է ամայության:
Մեր Արմագեդոնում ոչինչ տեղի չի ունենում, որովհետեւ այն ինչ-որ իմաստով արդեն ավարտված փաստ է՝ ոչ ոք ավելի ընկնել չի կարող, ոչ ոք ավելի բարբարոս լինել չի կարող նույնիսկ ինքն իր հանդեպ: Մեր Արմագեդոնը ամենաամային է բոլոր Արմագեդոններից, քանի որ այն մինչեւ վերջ ոչնչացրել է հոգին, մինչ «մարդը» անվնաս է: Այդ անվնաս «մարդը» չգիտի՝ ինչ է անվտանգությունը, նա այլեւս թշնամի չունի:
Նա ոչ թե չի հիշում Չարենցին կամ ժամանակակից հայ հանճարին,-նա ավելի հեռու է գնացել,-չգիտի, որ նրանք եղել են կամ կան: Չգիտի, որ լինելու են, որովհետեւ իր սեփական զգացումն ինքը չունի: Նա այլեւս չունի իրենից առաջ ընկածին:
Նա չի կարող վկայել տականքության «դրաման»: Նա չի կարող «գործ տալ» դիմացինի վրա, չի կարող ծախել կամ ոչնչացնել դիմացինին: Մեր «մարդը» Արմագեդոնից անդին է՝ նա միաժամանակ աննման է եւ ոչ մեկը:
‘