‘
Կայքերից մեկին երեկ տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին ապականել է «Մարտի 1-ի» գործի փիլիսոփայությունը։
Այս մարդը նույնիսկ ներքին ձայն չունի, որ ասի՝ սպանել ես, հասկացանք, գիտես խի ես արել, վեր ընկի տեղդ, կկարողանան ապացուցել՝ լավ, չեն կարողանա, ավելի լավ։ Այս մարդը դատարանին եւ իշխանություններին կոչ է անում մարտի 1-ի գործով իրեն հանգիստ թողնել, զբաղվել 10 հոգուն սպանողներով։ Մի կերպ է իրեն զսպում, որ ասի՝ ուչաստկովի չունե՞ք։ Ցանկացած անբարոյականության հիմքում ուրիշներին ապուշի տեղ դնելու կանխավարկածն է։ Բայց կա նաեւ ապուշություն, որն անբարոյական չէ, ուղղակի ուղն ու ծուծով ապուշություն է, ոչ մի այլ արատ էդ «սեւ խոռոչի» մեջ չի մտնի։
Հիմա տեսեք, այս մարդն ասում է՝ ինձ հանգիստ թողեք, զբաղվեք 10 հոգու վրա կրակողներին գտնելով, ներառյալ՝ թե ովքեր են սպանել ոստիկաններին։ Խելք եմ ասել։ Հլը պատկերացրեք, նյուրնբերգյան դատավարության ժամանակ Ռիբենտրոպն ու Գերման Գյերինգն ասում են, թե ինչի՞ եք մեզ դատում հրեաների ցեղասպանության համար։ Գնացեք գտեք գազախցիկների աշխատողներին, նրանց էլ դատեք։ Իսկ նրանց հենց դրա համար էլ դատում էին, որովհետեւ, ասենք, հենց ֆաշիստական կառավարություն կազմելու համար չէին դատի, ինչքան չլինի՝ գաղափարախոսություն էր։ Նյուրնբերգը տեղի ունեցավ եւ Ռիբենտրոպն ու Գյերինգը դատապարտվեցին մահվան (Գյերինգը «հաջողացրեց» ինքնասպան լինել)։ Իրականում նրանք այդպես էլ ասում էին՝ մենք տեղյակ չենք եղել գազախցիկներից։ Սակայն հարյուրավոր ցուցմունքներն ու փաստաթղթերն ապացուցեցին, որ Վերմախտի վերնախավը իրականացրել է ծրագրված հանցագործություն՝ «աշխարհն առանց հրեաների» տրամաբանությամբ։
Բայց հրեաները դրանով չբավարարվեցին։ Նրանք հետագա տարիներին անձամբ էին հետապնդում Հոլոքոսթի գլխավոր դահիճներին՝ Էյխմանին եւ մյուսներին, որովհետեւ նախ դա իրենց հարցն էր, երկրորդ, չէին կարող ապավինել այն երկրների իշխանությունների հետ համագործակցությանը, որտեղ գտնվում էին գլխավոր դահիճները։ Մի քանիսն, իհարկե, պլստացին, ինչպես այս պահին պլստում է մարտի 1-ի հիմնական մեղավորներից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Եվ քանի որ պլստում է, ինքն արդեն հասկանում է, որ հանցագործ է, այլապես ծերուկն անձամբ կներկայանար։
Ռոբերտ Քոչարյանի պարագան այլ է, նա անձամբ ներկայացել է, բայց «ազնվորեն» համոզված է, որ «սահմանադրական կարգի» պահպանումն ու 10 հոգուն սպանելը տարբեր բաներ են։ Ի տարբերություն Գյերինգի եւ Ռիբենտրոպի, նա իր անմեղության մասին հոխորտում է ազատության մեջ։ Ավելին, քաղաքականություն վերադառնալու հույս ունի։ Մինչդեռ տեսեք, թե ինչ է ասում այս մարդը (նույնիսկ դժվար է երեւակայել, որ նման տրամաբանության հեղինակը նախագահ է եղել)։ Նա ասում է՝ գտեք բոլոր մեղավորներին, ինձ հանգիստ թողեք։ Այստեղից մեկ քայլ է դեպի հաջորդ լոգիկան՝ բոլորի անունը տամ, թե ում ինչ հրահանգ եմ տվել, ով ինչպես է կատարել, սպանությունների սցենարն ինչպես է գծվել եւ ովքեր են կոնկրետ հրաման տվել, բայց ինձ հանգիստ թողեք։
Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, իր ծրագրած հանցագործությունների հեղինակներին մղում է ինքնախոստովանության, որովհետեւ իրենք էլ կարող են նրա պես մտածել՝ ախպեր, եկեք պատմենք ամեն ինչ, մեզ հանգիստ թողեք, մենք հո ինքնուրույն չե՞նք որոշել 10 մարդու գլուխ ուտել, եղել է անպատժելիության երաշխիք եւ այլն։ Ահա քեզ քոչարյանական «քաղաքական» հաշվարկ։ Այդ մարդը մարտի 1-ի մեջ թաթախված բոլորի ձեռքերն ազատ է արձակում։ Եվ հույս ունի, որ վերստին պետություն է ղեկավարելու։
‘