‘Արսեն Գրիգորյան.Պատերազմի ուրվականն ու ուրանի «տեսիլքը»’

11334

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բանակը հասարակության հայելին է: Նախկինում եւ այսօր էլ բանակն ընտրություններին քվեարկում էր եւ է՛ հրահանգավորված եւ սպաների աչալուրջ հայացքի տակ: Այսօր այդպիսին է հասարակությունը: Բայց այսօր հասարակությունն է բանակի հայելին:

Առաջին անգամ ընտրություններին աշխատեց հրահանգը: Մարզերի մեծ մասում ուղղորդված քվեարկությունը վերահսկվել է «օգնողների» աչալուրջ ներկայությամբ: «Ազգ-բանակ» կոնցեպտը այս տեմպերով շուռ կգա եւ կդառնա «Բանակ-ազգ» կոնցեպտ:

Վայքում մի քանի օր առաջ փորձում էինք հասկանալ գործազրկության վիճակը: Գրեթե ոչ ոք դժգոհ չէր: Զրուցակիցների մի մասն ասում էր՝ մոտերքում զորամաս կա, մի մասս էնտեղ է աշխատում: Վայքի բնակիչների մյուս մասն աշխատում է սպասարկման ոլորտում: Սպասվում է, որ մի հատված էլ կսկսի աշխատել առաջիկայում բացվելիք հանքերում, որտեղից արդյունահանելու են ուրան եւ ոսկի: Հյուրանոցներից մեկի տնօրենը ողբում է իր քաղաքի այսպիսի հեռանկարից: Ասում է՝ հողն անտեր է մնացել: Գետը մեր քաղաքի միջով է հոսում, իսկ հողն անտեր է, մի մասը զորամասում է, մի մասը՝ ռեստորաններում, մի մասն էլ Գնդեվազի հանքերում: Հարցնում եմ՝ կարո՞ղ եմ ձեր ողբը ձայնագրել: Ասում է՝ չէ, ախպեր, ի՞նչ գործ ունեմ:

Զորանոցներն անհրաժեշտություն են թշնամու ուրվականով ապրող երկրի համար: Դրանք անհրաժեշտություն էին նաեւ Սպարտայում, որը կեցության այլ եղանակ չգիտեր: Ու՞ր է Սպարտան: Բայց զորանոցները երաշխավորված աշխատավարձեր են: Հողն ամայանում է, որովհետեւ կերակրողը պատերազմի ուրվականն ու ուրանի «տեսիլքն» են: Այսինքն, մեր այսօրն ուրվականն է, մեր վաղը՝ «տեսիլքը», այսինքն՝ ճառագայթահարումը: Մի կտոր հողը պետք է պաշտպանվի, որպեսզի ճառագայթահարումը դառնա անխափան: Սա պատասխանն է այն հարցի, թե ինչու՞ են Հայաստանում պակասել ծնունդները:

Ի՞նչ է բանակը՝ հրաման եւ կատարում: Ի՞նչ է վերջին հույսի աշխատանքը՝ հրաման եւ կատարում: Ի՞նչ է կուսակցությունը՝ հրաման եւ կատարում: Վայոց ձորի գյուղացիներից մեկն ասում է՝ ես աշխատում եմ փրկարար ծառայությունում, էդ պատճառով դարձել եմ հանրապետական: Հասկանու՞մ եք: Մարդու կուսակցական լինելու «ստեղծագործական» պատճառն այն է, որ պետական ոլորտում աշխատանք ունի: Սա է բանակը: Ինքը ոչինչ չի քննարկելու, հլու-հնազանդ անելու է իր գործը, որովհետեւ որպես հանրապետական է փրկարար, որպես հանրապետական է ուսուցիչ, որպես հանրապետական է հանցագործ: Ինքը շտապել է ապահովագրել իրեն, շտապել է ցույց տալ, որ վերահսկելի է, որ կուսակցությունն իր հետ կարող է հույսեր կապել: Անցյալ դարի երեսնականներին մարդիկ այդպես դառնում էին «ստուկաչ»: Եվ դա անդառնալի էր: Բոլորն ուզում էին հանդես գալ իրենց «լավագույն» որակներով: Միլիոններ էին նրանք: Հանդես էին գալիս, որպեսզի զոհաբերվող մյուս միլիոններից մեկը չլինեին: Ըստ նրանց, այսպես թե այնպես՝ մեկը մեռնելու է, ավելի լավ չէ՞, որ դա իրենք չլինենք: Ծանոթ ձեւակերպում չէ՞: Ի՞նչ վարակ է ուղեկցում ընտրողին, որի ամբողջ «ունեցվածքը» քվեն է՝ այսպես թե այնպես՝ ընտրությունները կեղծվելու են, ինչու՞ Հանրապետականին չտանք մեր քվեն: Սա կոչվում է «ռադիացիա»՝ ճառագայթահարում: Որովհետեւ «ռադիացիան» այնտեղ է, որտեղ բանականության հատիկ չկա: Որտեղ դիմադրություն չկա:

Հայաստանի քաղաքացին անխափան ճառագայթահարման տակ է: Նա ընդունել է իրերի վիճակն այնպիսին, ինչպիսին դրանք այսօր կան: Ճառագայթահարումն ինքն է ստեղծում իրերի վիճակը՝ ապականումը, գերեզմանը: Ամենասարսափելին, սակայն, այն է, որ սա արդեն միայն հասկանալով չէ: Դե ինձ էլ՝ ինչ կտաք՝ կտաք (այստեղ՝ մռայլ ժպիտ):

 

Նախորդ հոդվածը‘Հարձակում Լոնդոնում’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Պետրոսյանը նոր ռեկորդ է սահմանել Հայաստանի հավաքականի պատմության մեջ’