‘Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանը եւ գիրքը’

7665

Ռոբերտ Քոչարյանը չէր էլ պատկերացնի, թե ազատության մեջ գիրք կարդալ չսիրելն ինչ օյիններ կխաղա իր գլխին։ Նա դա չի անելու նաեւ անազատության մեջ։ Բայց փոխարենը գիրք է գրում կալանավայրում՝ որտեղ, ինչպես վստահեցնում են ԶԼՄ-ները, կխոսվի նաեւ մարտի 1-ի «իրական» պատճառների մասին։

Ինչու՞ հիշեցինք գիրքը։ Որովհետեւ չէր կարելի հայտարարել, թե «ես գիրք կարդալ չեմ սիրում» եւ համոզված լինել, թե ոչ ոք չի հավատալու, որ մարտի 1-ի 10 զոհերի արյան հետ ինքը կապ չունի։ Դրանք ուղղակի պատմում են այդ մասին։ Դրանք ենթադրում են միմյանց։ Այս իրողությունը զվարճալի չէ։

Գիրքն այդպիսի բան է, ինքը կարող է «բթացնել» ճակատագրի սուր կողմերը, ինքը կարող է լինել պակասող փոխզիջումը երիտասարդ թոշակառուի եւ բանտարկյալի միջեւ։ Ինքը դեռ կարող էր մտածել իշխանությունը բռնի զավթելու մասին, կարող էր նույնիսկ սպանությունների մասին մտածել, բայց եթե մի քիչ գեղարվեստական գրականություն կարդացած լիներ, կհասկանար, որ խոսքն ի վերջո սեփական հարազատներին սպանելու մասին չէ, խոսքը Հայաստանի սահմանների անվտանգությունը պահպանելու մասին չէ, եւ նույնիսկ Ռամիլ Սաֆարովին ոչնչացնելու մասին չէ։ Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, որոնք անձամբ իր անվտանգությանը չէին սպառնում։ Եվ, ընդհանրապես, ոչ մեկին չէին սպառնում։

Գիրքն այդպիսի բան է, դու ի վերջո պատասխան ես տալիս ոչ այն բանի համար, որ բռնությամբ սահմանադրական կարգ ես տապալել, մարդ ես սպանել, այլ՝ որ գիրք չես կարդացել։ Պարզապես գուցե տարիներ հետո ես հասկանում, որ առաջադրված քրեական մեղադրանքը չէր լինի, եթե հասկանայիր, որ իշխանությունից ավելի կարեւոր բաներ կան, որ ի վերջո մյուս մարդիկ նույնպես ապրելու կամ իշխանություն ունենալու իրավունք ունեն, որ «քվե» ասվածը հենց այնպես չեն հորինել, հորինել են, որպեսզի լեռների օրենքով մարդիկ իրենց համար ճանապարհ չբացեն դեպի իշխանություն։

Եվ եթե գիրք չես կարդում կամ կարդալ չես սիրում, բացառված չէ, որ այդպես էլ չես հասկանա, թե ինչքան հարաբերական է ամեն ինչ հենց թեկուզ այն պատճառով, որ մեռնելիս իշխանությամբ չես մեռնում։ Գիրքն այդպիսի բան է, ինքը հենց մահկանացուների համար է՝ գրված այլ մահկանացուների ձեռամբ։

Գիրքը նույնիսկ մարդու ֆիզիոլոգիական աշխարհն է փոխում, ուր մնաց՝ հոգեկանը։ Այո, չես ասի, որ աշխարհի ամենահմայիչ մարդիկ են ընթերցողները, բայց գիրքը հմայքի բացակայության եւ ցանկալի լինելու միջնորդն է։ Ոչ մեկն աշխարհում չի ծափահարի ընթերցողի կալանավորումը։

Բոլոր միամիտները կասեն՝ իսկ կարդացած մարդասպաններ կամ բռնապետեր չկա՞ն։ Կաստրոն Մարկես էր կարդում եւ բազմաթիվ քաղբանտարկյալների մահվան պատճառ է դարձել։ Սերժ Սարգսյանին էլ վերջին ընթերցող չես ասի։

Խնդիրն այն է, որ երբ չես սպանում, մարդուն թողնում ես հնարավորություն դրսեւորվելու հաջորդ անգամ, նույնիսկ եթե նա կրկին ձախողվելու է։

Կարդացած մարդասպաններ եղել են։ Նույնիսկ Մակեդոնացին կարդացած մարդասպան էր։ Հիտլերն էլ պակասը չէր։ Նա նույնիսկ հասցրեց գիրք գրել։ Լենինն ուղղակի հրեշ էր, բայց նրա տարերքն էր կարդալը։

Նրան է պատկանում հետեւյալ հրեշավոր միտքը՝ եթե ես Բեթհովեն լսեմ, կմոռանամ հեղափոխության մասին։ Իսկ Բեթհովենը «գիրք» է։

Բոլոր այս մարդասպանները ընթերցող չեն եղել, նրանք եղել են սպառող։ Ընթերցողը գտնում է մարդուն, որին օգնելու կարիք կա, սպառողը հենց մարդուն է սպառում։

 

Նախորդ հոդվածը‘Իտալիայի առաջնության խաղերի տոմսերի գները շարունակում են աճել Ռոնալդուի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանն ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին’