‘Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանի գաղտնի զենքերը’

7428

‘

ՀՀԿ-ի թթվածինը հիմա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Բայց, ըստ իս, իսկական կանիբալիզմ է՝ օգտվել կիսահանգուցյալի օդից: Թեպետ բացառված չէ, որ վերջինս էլ ՀՀԿ-ին է ընկալում իբրեւ արհեստական շնչառություն: Երիտասարդ թոշակառուից մինչեւ ընդդիմության նոր առաջնորդ դառնալու ճանապարհին նա այդ արհեստական շնչառության կարիքն ունի:

Իրականում ո՞րն է ՀՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի հույսը: Հեղափոխությունը դեռեւս սոցիալական ոչ մի երաշխիք չի առաջարկել ոչ մեկին: Հատկապես միջին եւ ավագ տարիքի մեր քաղաքացիները սա հաշվի են առնելու: Մեկ տարի հետո սա կհիշեցնեն Նիկոլ Փաշինյանին՝ չմոռանալով, որ հեղափոխության մեջ իրենց դերը ամենագլխավորը չէր: Բայց իրենց երեխաները հո՛ դեր ունեցան: Միջին բիզնեսը, հատկապես՝ սպասարկման ոլորտը, հեղափոխությունից հետո արագորեն մտավ նոր հարկերի տակ: Եվս մեկ խաղաքարտ իր կալանավորմանը սպասող Ռոբերտ Քոչարյանի ձեռքին, որը դեռ առիթ կունենա ասելու, որ միջին բիզնեսի հետ այսպես վարվելը «հարուստներին ավելի հարուստ է դարձնելու»:

Ռոբերտ Քոչարյանը չափազանց բծախնդիր է հաշվելու հեղափոխության չիրացված հնարավորությունները: Իսկ ՀՀԿ-ն այդ հաշվապահության մեջ կարող է դառնալ այդ մարդու «կենսունակության» վառելիքը: Որովհետեւ շատ լավ գիտի, որ մի «մինուճար» Ռոբերտ Քոչարյան կարող է հավակնել մարդկանց մեջ ինչ-որ նոստալգիկ տրամադրություններ արթնացնելուն, մինչ ինքը՝ կուսակցությունը, նման հույսեր չի կարող ունենալ: Կուսակցությունն, ի վերջո, Հայաստանի հերն անիծել է նաեւ երկրորդ նախագահից հետո: ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին կարող է առաջարկել իր խորհրդարանական մահակը: Այսինքն, այս կուսակցությունը երկրորդ նախագահին ասում է՝ գոնե սաբոտաժներ կարող ենք ձեռնարկել խորհրդարանում, որով կկազմալուծենք ԱԺ աշխատանքները: Հենց սա է երկրորդ նախագահի պատկերացրած արհեստական թթվածինը: Պարզ է, որ Քոչարյանն այսպիսի նվերներից չի հրաժարվի: Առջեւում ձմեռ է, եւ պետք է սպասել, որ որոշ ապրանքներ շարունակելու են թանկանալ:

Եզրափակիչ հարվածը կալանավայր մտնելուց առաջ պարոն Քոչարյանը մտադիր է հասցնել բյուջեի քննարկումների ժամանակ: Կարծես թե իշխանությունից ազդակներ չկան, որ թոշակներ ու աշխատավարձեր են բարձրացվելու մյուս տարի: Այլ հարց, որ բարձրացնելու համար անհրաժեշտ փողը իշխանությունը չի գտնում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Ալեքսանդր Սարգսյանի, ոչ էլ մյուս օլիգարխների ու կոռումպացված պաշտոնյաների ընտանեկան կամ նույնիսկ բանկային գաղտնարաններում: Եվ հենց դա է դառնալու նոր իշխանության մեծագույն փորձություններից մեկը՝ որտե՞ղ են այն միլիարդավոր թալանված դոլարները, որոնց մասին մոտ 20 տարի թմբկահարում էին Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմադիր այլ գործիչներ: Պարզ է, որ այս կառավարության վստահության պաշարը փողոց եւ ընդունելի որեւէ ամբիոն չունեցող Քոչարյանի հարձակումներից շատ չի տուժի, սակայն երկրորդ նախագահի գաղտնի զենքերից է մնում այն, որ ինքը կառավարության աշխատանքները կազմալուծի ներսից՝ ինքն իրենով կիսահանգուցյալ այս քաղաքական գործիչը փորձելու է կաշառել դատավորների, փորձելու է իրեն հայտնի եղանակներով կաթվածահարել հանրային կյանքը, ինչպես դա այս ամիսներին առանց աչք թարթելու անում են «Սանիտեկը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Փորձելու է այս ամենին մասնակից դարձնել Լեռնային Ղարաբաղին: Թերեւս, այս մարդը Հայաստանում երեւի միակն է, որ իր իրական տեղը հանրային կյանքում չգիտի:

Վճռաբեկ դատարանը մեզ օգնական:

‘

Նախորդ հոդվածը‘Այսօր տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Անկարգություններ Գերմանիայի արևելքում’