‘
ՀՔԾ-ն կարճել է ՍԱՍ-ի ձայնագրության փաստով քրեական գործը: Որովհետեւ հանցակազմ չկա: Իսկ հանցակազմ չկա, որովհետեւ էդ ձայնագրության արդյունքում ոչ ոք չի մեռել:
Սա շատ նման է Հրազդանի քաղաքապետի որդուն տրված պարգեւին, բայց հակառակ ծայրից՝ մարդ մեռել է, բայց հանցակազմ չկա: Որովհետեւ Հայաստանում մի բան սահմանված չէ՝ հանցագործությունը: Մարդ չգիտի՝ սպանելը լա՞վ է, թե վատ: Մեկնաբանելու հարց է՝ եթե ես եմ սպանում, վատ է, եթե իշխանությունն է սպանում, լավ է: Դիցուք, եթե ես Արեւմուտքից դրամաշնորհ եմ ստանում ու քննադատում եմ իշխանություններին, դա վատ է, կարելի է նույնիսկ քրեական գործ հարուցել: Եթե ոստիկանությունն է դրամաշնորհ ստանում ու զինվում ընդդեմ հանրահավաք անող ժողովրդի, դա լավ է: ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը օրենքի ուժով միացավ այն մարդկանց, որոնց ամեն ինչ կարելի է: Լավն ու վատն արդեն նրան չի վերաբերվում, ինքը լավից ու վատից անդին է:
Եթե իշխանության սափրագլուխը ջարդում է լրագրողի տեսախցիկը, դա լավ է, եթե լրագրողը գրում է սափրագլխի հանցագործությունների մասին, դա վատ է: Հասկանու՞մ եք: Սա արդեն մածունը «սեւ» հայտարարել չէ: Բայց պետք է հիշել, որ ՍԱՍ-ում հարյուրավոր աշխատողներ կան, որոնք շատ սպառիչ հասկացան, որ ստրուկ են: Պետությունն սկսվում է ստրկության այդ ամրագրումից: Բոլորը դա հասկացան: Ցանկացած աշխատող հիմա արդեն գիտի, որ իշխանության հետ կոնֆլիկտ չունեցող գործատուն ստրկատեր է: Իսկ ստրկությունը տուն-տունիկ չէ: Ստրկատերը խցանումներ չի ճանաչում, որպեսզի հաշվի նստի մեկ-երկու րոպե գործից ուշանալու փաստի հետ: Ստրկատերը նույնիսկ իրավացի էլ չէ ստրուկի հանդեպ: Նա պարզապես ստրկատեր է՝ Աստված ճիշտ կամ սխալ չի լինում, նա պարզապես անքննելի է: ՍԱՍ-ի Արտակն անքննելի է:
Սա արդեն անպատժելիություն էլ չէ: Անպատիժ կարող է լինել ոչ թե հովանավորյալը, այլ օրենքի վրա թքած ունեցողը: Հովանավորյալ գուցե չիմանալ էլ, որ գոյություն ունի օրենք, իսկ թքած ունեցողը գիտի: Անպատիժ կարելի է լինել միայն գոյություն ունեցող օրենքի մեջ: Իսկ ո՞ր օրենքով է ՍԱՍ-ի Արտակը հանցագործ՝ ոչ մի: Որովհետեւ, եթե օրենքն առաջին տեղում չէ, ինքը օրենք չէ: Գուցե պատվիրան է, գուցե երանի է, գուցե «հորս արեւ» է, գուցե սխոդկայի բանավոր հրահանգ է, բայց օրենք չէ: Օրենքը մարդու համար է: Ես չգիտեմ մի կովի, որի վրա օրենք է տարածվում: ՀՔԾ-ն այսօր հայտարարեց, որ քրեական օրենսգրքի հոդվածները Արտակ Սարգսյանի վրա չեն տարածվում: Այսինքն, չեն տարածվում նաեւ նրանից տուժողների վրա: Պետության համար այսպիսի արարքը հետաքրքիր նախադեպ է: Դու բազմաթիվ ինստիտուտներ ունես՝ դատարան, խորհրդարան, մամուլ եւ այլն, իսկ մարդ չունես: Սա նեյտրոնային ռումբին զոհաբերված պետություն է, երբ արհավիրքը ոչնչացնում է միայն մարդուն, բայց ուրիշ ոչ մի շինության կամ անշունչ որեւէ բանի չի վերացնում:
Մնում է Հայաստանի գործող Հանրապետությունում դեմքով իմանալ նրանց, որոնք թեկուզ հայելու առաջ կանգնելով կասեն, որ իրենք մարդ են: Եթե նրանք հաճո չեն իշխանությանը, դա դեռ չի նշանակում, որ օրենքի հարվածի տակ են, որովհետեւ նրանց պատժելու է իշխանության քմահաճույքը, ոչ թե՝ օրենքը: ՍԱՍ-ի Արտակը օրենքից դուրս չէ, նա պարզապես անօրեն է: Նույնպիսի անօրեն է նաեւ իշխանությանն անհաճո մարդը: Անօրեն միջավայրը այլ իրականություն է՝ այնտեղ կան քննելիներ եւ անքննելիներ, նրանց համար կան իմիտացիաներ՝ արվեստի իմիտացիա, բարոյականության իմիտացիա, բանակցության իմիտացիա, խաղաղության իմիտացիա, դատապարտման իմիտացիա, խրախուսման իմիտացիա, Հայրենիքի իմիտացիա եւ այլն: Իմիտացիան չհայտարարվող «արժեք» է: Նույնպիսի չհայտարարվող «արժեք» է սպառնում լինել Հայաստանի գործող Հանրապետությունը:
‘