‘
Իրականում ես սարսափով եմ մտածում, որ ՀՀԿ-ն կմտնի խորհրդարան թեկուզ հինգ տոկոսով: Սարսափում եմ ոչ այն բանից, որ նրանք կարող են հավակնել իշխանության, ոչ էլ այն բանից, որ կլինեն անպետք ընդդիմություն:
Ես սարսափում եմ այն մտքից, որ նրանց ընդդիմադիր կեցվածքը թույլ չի տալու իշխանությանն առաջ նայել, այլ որ ՀՀԿ-ի ամեն քննադատությանը անընդհատ պիտի հակադարձեն` բա ձեր իշխանության օրոք ինչի՞ սա չէիք անում, նա չէիք անում: Ես սարսափում եմ այն մտքից, որ հանձին ՀՀԿ-ի՝ իշխող ուժը կարող է մատնանշել իր ձախորդությունների քավության նոխազին: Ես ուրախ եմ, որ այս կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, բայց շատ կուզեի, որ այն խորհրդարան չանցներ: Ես չեմ ուզում, որ իշխանության տապալումն անցյալի բերանը լեզու դնի: Չեմ ուզում, որ լինեն մարդիկ, որոնք կապրեն ռեսթարթի զգացողությամբ: Իսկ ՀՀԿ-ի խորհրդարան անցնելը միշտ կայուն է պահելու էդ զգացումը բոլոր նրանց մոտ, ովքեր քաղքենու չթարմացվող բնազդներ ունեն:
ՀՀԿ-ն պետք է հեռանա նույնիսկ, եթե անելիք ունի: Ինձ նույնիսկ ԲՀԿ-ի անցնելը չի ուրախացնի: Կամ` «Լուսավոր Հայաստանինը»: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ տեսել ենք նրանց իշխանություն կամ ընդդիմություն լինելը, այլ այն պատճառով, որ նոր մարտահրավերների համար նրանք չափազանց հին են, կարճ ասած` ոչ թե գաղափարախոսության ներկայացուցիչ են, այլ` բարքերի: Նրանք վստահություն չեն ներշնչի, կամ, եթե նույնիսկ ներշնչեն, նրանք չեն ընդգրկում նոր Հայաստանը, նոր Հայաստանը խորթ է նրանց բնությանը: Նոր Հայաստանը փիլիսոփայություն է փոխում, իսկ նրանք արդեն մի անգամ թաթախվել են իշխանության հետ լեզու գտնելու ճահճի մեջ: Նրանք, իհարկե, ՀՀԿ չեն, սակայն ՀՀԿ-ն հասցրել է թունավորել իշխանություն ունենալու նրանց պայքարը:
Ես սարսափում եմ ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ի իզութոզն էլ պիտի չերեւար էս ընտրություններին, այլ որ դիսկուրսը երբեք հեղափոխությանը թույլ չի տալու լիցքեր հավաքել: Նրանք թռիչքի պահին դառնալու են ոտքից քաշողներ: Մինչդեռ նոր Հայաստանում թռիչքի պահին ընդդիմադիր լինելու մեկ ձեւ կա՝ համընթացքը, որը կարող է արագացնել ընթացքը: ՀՀԿ-ն մի ընդդիմություն է լինելու, որի կողմը նայելն իմաստ չի ունենա, ի՞նչ պետք է ասի մի քաղաքական ուժ, որը Հայաստան է ձախողել: Եվ խնդիրն այն է, որ մեզ պետք չէ մի ընդդիմություն, որին կարելի է անլուրջ վերաբերվել: Իսկ ՀՀԿ-ին անխուսափելիորեն անլուրջ ենք վերաբերվելու: Էդ քաղաքական ուժն այլ վերաբերմունքի ոչ միայն տեղ չի թողել, այլեւ խայտառակ պարտվածի զգացումը նրանց թույլ չի տալու ընկալել իշխանության որեւէ մտահղացման հեռանկարայնությունը:
ՀՀԿ-ի խորհրդարան անցնելը վտանգավոր է նույնիսկ այն իմաստով, որ նրանցից որեւէ մեկը կարող է իշխանության հետ լեզու գտնել կրկին իշխանություն ձեռք գցելու համար: Նույնիսկ եթե տապալվի, տհաճ է սա հենց նույն իշխանության համար: Այնպես որ՝ այս կուսակցության անդամների համար էլ լավ կլինի խորհրդարան չանցնելը: Իրենք դեռ բարոյականություն կուտակելու կարիք ունեն: Գուցե մի 20 տարի էլ դրա համար պահանջվի: Հետո ստիպված կլինեն դառնալ քաղաքական գործիչներ:
‘