‘Արսեն Գրիգորյան. Փտած Հայաստանը’

23082

«Մի բան է փտել Դանեմարքայում»: Շեքսպիրի «Համլետում» Մարցելոսը սա ասում է Հորացիոյին Ուրվականի հայտնվելուց հետո: Այսօր Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ ինչ-որ պաշտոնյայի: Դեմքի ժպիտը պարարտ է: Դա փտած բանի տեղն իմացող մարդու ժպիտ է, անձամբ այդ բանը փտեցրած մարդու ժպիտ է:

Մարցելոսը կանխազգում է, Դավիթ Լոքյանը գիտի: Վարչապետ Կարեն Կարապետյանը գիտի, թե ինչն է փտել, Սերժ Սարգսյանը՝ նույնպես: Փտած է ամբողջ Հայաստանը: Բոլոր այս մարդիկ լայն ու անպատասխանատու ժպիտ ունեն: «ճշմարտությունն» իմացողի ժպիտ: Իսկ ճշմարտությունն այն է, որ այս մարդիկ իրենց ապահովագրել են փտածի վարակից: Այս մարդիկ Հայաստանից փախչելու տեղ ունեն: Այսպիսի անպատժելիություն, այսպիսի բացառիկ անպատասխանատվություն, կարծում եմ, նույնիսկ Հյուսիսային Կորեայում կամ Թուրքմենիայում չկա:

Ժողովրդավարության իմիտացիան սարսափելի է բռնապետությունից: Որովհետեւ բռնապետությունը մարդու հանդեպ սեւեռվածությունն է, ժողովրդավարության իմիտացիան՝ ուղիղ հակառակը: Բոլոր պաշտոնյաները գիտեն, որ ոչնչի համար պատասխանատու չեն: Աչք էլ չեն թարթում: Որովհետեւ մամուլի աչքին հասանելի անպատասխանատվության բոլոր անցքերը փակ են: Փոխարենը հրապարակային է անպատժելիությունը: Հենց այս անպատժելիությունից ես հասկանում, որ սրանք Ղարաբաղի հարց լուծող չեն: Դատավորներն արդեն հասկացել են՝ մամուլին պետք է հեռու պահել դատարաններից: Նույնքան անվրդով:

Երկրորդական պաշտոնյաների հայտարարագրերը ուղղակի հասցեավորված կոռուպցիա են: Նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի գերադաստանը պարզապես դիպլոմներ է բաժանել: Վիեննայի պետական հեռուստաընկերությունը հայ լրագրողին հարցնում է՝ իսկ դա ի՞նչ արձագանք ունեցավ Հայաստանում: Ի՞նչ ասի հայ լրագրողը: Ասի, որ աշխարհը դրախտ դարձնելու բոլոր ծրագրերն անցնում են Հայաստանո՞վ: Հայաստանը բացառիկ երկիր է, նրա մեռած մարմինը դեռ ենթակա է «մարգարեության»: Բոլոր չինովնիկները ծրագրեր են ներկայացնում, մեկ տարվա մեջ Սարգսյան Տիգրանից ավելի հետեւողականորեն Հայաստանը զրոյացրած վարչապետն ասում է, թե ինչեր է անելու առաջիկա տարիներին: Ժպիտով: Հատկապես ժպիտով: Բառերն էլ չի ասում, շպրտում է: Գործն արած մարդու ինքնավստահությամբ:

ՊԵԿ նախագահը մի քանի օր առաջ այնքան անվրդով է ասում՝ չեք ուզում՝ էս երկրում ներդրում չենք անի: Դրանից հետո նա մեկ օրում պետք է հինգ հրաժարականի դիմում գրեր: Բոլոր հեռուստաընկերությունների «աչքի» առաջ ասաց դա: Մարդը խոսում էր իր որդիների բիզնեսի մասին եւ դա ներկայացնում որպես լավություն:

Այսպիսի Հայաստանը նորություն է, սրան դեռ պետք է սովորել, դեռ պետք է հարմարվել սեփական փտածությանը: Դուք նկատե՞լ եք, թե ինչքան են շատացել պաշտոնյաների գործուղումները: Դրանք իշխանական կայքերի առաջատար լուրերից են, դրանք գործուղումներ չեն, այլ մաքուր օդի զբոսանք: Միայն հիմա է բացահայտվում, որ ինչ-որ մեծահարուստներ Կարմիր գրքում տեղ գտած կենդանիներ են ոչնցացրել Խոսրովի արգելոցում: Կարծում եք սխալ բա՞ն են արել: Որպեսզի սա սխալ համարենք, պետք է «դեմքով» իմանայինք պատասխանատվությունը: Կենդանիները փտել են մարմնով, իսկ մեր մեջ փտել է պատասխանատվությունը: Իսկ պետական պաշտոնյաների դեմքից չի իջնում ժպիտը: Ինչու՞: Որովհետեւ մարդ չեն սպանել: Հայաստանում սա է հանցագործությունը: Երբ մեռելը կա: Իսկ այն, որ առողջ մարմնում կարող է փտած հոգի լինել, իրերի կարգի մեջ է: 

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Գիտության հրամանը կկատարե՞ք»’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ պարզաբանումը Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ’