‘Արսեն Գրիգորյան. Ֆյուրե՞ր, Դո՞ւչե, թե՞ կաուդիլիո’

4420

Հայաստանում սահմանադրական փոփոխություններով սահմանափակվեց ամենաէականը՝ ընտրությունը։ Ինչու՞ է ընտրությունը կարեւոր։ Որովհետեւ մեզ հայտնի խորհրդարանական  կառավարում ունեցող կայացած ժողովրդավարական երկրներից ոչ մեկին մոտ էլ չենք։

Եթե սահմանադրական փոփոխություններով պետության նոր տեսլականը Գերմանիան, Իտալիան կամ Իսպանիան էին,-ֆաշիզմ տեսած երեք երկիր,-ապա մեր փորձությունները զիջում են նրանց, մենք նրանց դիկտատորները չենք ունեցել։ Մինչդեռ նրանք դիկտատուրայից հետո շատ արագ ոտքի կանգնեցին բոլոր առումներով։ Մենք ոչ միայն մոտ չենք նրանց։ Հայաստանում քաղաքական կամք չկա մոտ լինելու ժողովրդավարական որեւէ ընկալման։ Ընտրությամբ նույնպես մոտ չէինք։ Ավելին՝ քվեարկությունից քվեարկություն միայն արժեզրկվում էր ընտրությունը։ Գուցե հիշյալ երկրները Ղարաբա՞ղ չունեին։ Իսպանիան ունի։ Իտալիայի հարավը հյուսիսի հետ յոլա չի գնում, իսկ Գերմանիան Կալինինգրադի կողմը չի էլ նայում։ Էլ չեմ ասում, որ մի ամբողջ Էլզաս-Լոթարինգիա Ֆրանսիայում է։ Այսինքն, այս երկրները մեծ հաշվով խորհրդարանական կառավարում են ընտրել դիկտատուրայի «ինադու»։ Գերմանիան փորձեց բացառել Հիտլերին, Իտալիան՝ Մուսոլինիին, իսկ Իսպանիան՝ Գերնիկան հողին հավասարեցրած Ֆրանկոյին։

Այնպես չէ, որ այդ երկրներում այսօր էլ իշխանության ձեւավորումը բացառում է նոր բռնապետի ծնունդը։ Բայց մինչ այդ իր խոսքն է ասում ժողովուրդը։ Պետությունները հաշվի են նստում ժողովրդի ընտրության հետ։ Բայց մենք ի՞նչ արեցինք։ Մենք Սահմանադրություն ենք փոխում առանց պետության ղեկավարին փոխելու հնարավորության։ Մենք աշխարհին հասկացնում ենք, որ խելքի չենք գալիս թղթի կտորի պատճառով, ոչ թե՝ ընտրություններ կեղծելու։ Մենք սահմանադրական փոփոխություններով, ինչպես պազվում է, «դիկտատոր» չենք փոխում։ Եվ եթե իշխանության փոփոխություն տեղի չի ունենալու, վաղը մենք սահմանադրական փոփոխություններով կարող ենք սահմանել «Տիեզերքի չխամրող աստղի» տիտղոս ու դա խորհրդարանով շնորհել երկրի անփոփոխ ղեկավարին։

Իրականում մենք շատ ծիծաղելի վիճակում ենք հայտնվել։ Եվ այս կատակերգությունն ամենեւին էլ աշխարհի գործը չէ։ Մենք նույնիսկ մի սովորական հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տակից դուրս չեկանք։ Ոչ այդ հարաբերությունների կարգավորմանը գնալիս մեր կարիքը հաշվի առան, ոչ էլ՝ չեղյալ համարելիս։ Սա պետության վարք չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայեցակարգի մասին նախընտրական որեւէ խոսք չի հնչել։ Ու քեզ հռչակում ես հաղթող։ Իսկ դու փակ ես խաղացել՝ որտեղի՞ց ծլեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Նմանապես՝ որտեղի՞ց ծլեց, որ այդ հարաբերությունները կարգավորելու կարիք չկա։

Այսպես չի լինում, եթե բոլոր ապացույցներն ունես, որ քո պետության մեջ ապրողների գերակշիռ մասը բանական արարած է։ Էդ մարդիկ գոնե հիմա պիտի խոսեին։ Որովհետեւ դրա փոխարեն արտագաղթում են, համաձայնում են ընտակաշառքին, որի հարցերը իշխանությունը լուծեց ընտրության գլուխը կտրելով՝ չկա ընտրություն, չկա ընտրակաշառք։ Եվ երբ քաղաքական համակարգ ես փոխում առանց իշխանության փոփոխության, ի վերջո քաղաքական առաջնորդից կարող ես ստանալ ֆյուրեր, դուչե կամ կաուդիլիո, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի իզ ու թոզն էլ չմնա։

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ 2. Շարմազանով. Երբ ասում ենք անփոխարինելի’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Քարոզչամեքենայի նոր թեզը` «Խաղաղությունն անհասանելի է»’