‘
«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան թիմը հաղթահարել է ճգնաժամը:
«Մենք ճնշված էինք «Մանչեսթեր Սիթիից» կրած երկու պարտություններից հետո: Վստահությունը վերադարձնելու համար ժամանակ էր պետք: Բայց մեր խաղացողները հոգեբանորեն ուժեղ են: Ճգնաժամն անցել է: Թիմերին գնահատում են ճգնաժամերից դուրս գալու ունակությամբ: Այդ իմաստով, կարծում եմ, մենք մեզ գերազանց դրսեւորեցինք: Ճնշում կա, բայց դա ֆուտբոլից անբաժանելի է»,- Վենգերի խոսքը մեջբերում է skysports-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիին» 0:3 հաշվով պարտվեց Անգլիայի գավաթի խաղարկությունում եւ ավարտեց պայքարը, այնուհետեւ նույն հաշվով Գվարդիոլայի գլխավորած թիմին պարտվեց նաեւ Անգլիայի առաջնությունում: Դրանից հետո «Արսենալը» 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Հաջորդ չորս հանդիպումներում Վենգերի գլխավորած թիմը միայն հաղթանակ է տարել:
‘