‘Արվեստաբան. Երբ աղմուկն անցնի, Արտակ Բուդաղյանին 8-ից 10 տարով կդատապարտեն’

1562

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստաբան Լևոն Մութաֆյանը խոսեց կինոյում, թատրոնում եւ իրական կյանքում կրիմինալի դրսևորումների մասին:

Նրա կարծիքով՝ իրական կյանքը ներկայացնելը սերիալներում ինքնին վատ բան չէ, սակայն բացասական կերպարն ու արատավոր երևույթները պետք է քննադատորեն ներկայացվեն: Այնինչ, ըստ բանախոսի՝ իրականում սերիալներում զբաղված են կրիմինալ տարրն ու երևույթները փառաբանելով:

Լևոն Մութաֆյանը վստահ է, որ նույն այդ կրիմինալը առկա է մեր կյանքում, ավելին՝ դրա անմիջական կրողները հենց իշխանություններն են, քանի որ կրիմինալից բացի՝ ոչ մի այլ լծակ չունեն վերարտադրվելու համար:

Արվեստաբանը հիշեցրեց մեկ տարի առաջ «Հարսնաքարում» տեղի ունեցած հանցագործությունը, որից հետո, ըստ նրա՝ հիմնական կասկածյալը՝ Ռուբեն Հայրապետյանը, հրաժարական տվեց:

Անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ հանած Գորիսի դեպքերին՝ արվեստաբանը կարծիք հայտնեց, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քավության նոխազ դարձնելն իր պատճառներն ունի:

Նրա համոզմամբ՝ դրանով մարդկանց փորձում են  շեղել գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներից, երկրի վարչապետի ու Նավասարդ Կճոյանի օֆշորային բացահայտումներից:

«Ես համոզված եմ, որ երբ աղմուկն անցի՝ Արտակ Բուդաղյանին  8-ից 10 տարով կդատապարտեն զինված ավազակային հարձակում իրականացնելու համար»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով՝ մեկին քավության նոխազ դարձնելը  նոր երևույթ չէ, նույնը տեղի ունեցավ նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

«Ինչ է, կրիմինալի մեջ սերտաճած ուրիշ մարզպետներ չկայի՞ն, թե՞ Վարդան Ղուկասյաի 13 տարվա ապօրինությունները նոր են նկատում»,- ամփոփեց Լևոն Մութաֆյանը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է ԲՀԿ-ին առնչվող որոշ լուրեր’
Հաջորդ հոդվածը‘Մաքսային լրացուցիչ միջնորդավճարը բողոքի ալիք է առաջացրել ջավախահայերի շրջանում’