‘«Արտագաղթ». Վանաձոր. Հենց իրավիճակը փոխվեց՝ վերառառնալու եմ Հայաստան’

755

Եթե այս հարցազրույցը լիներ 5 տարի առաջ, ապա ես ձեզ միանշանակ կպատասխանեի, որ չեմ պատրաստվում արտագաղթել երկրից, սակայն, ցավոք սրտի, հիմա նույնը ասել չեմ կարող. պայմանները փոխվել են: iLur.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի բնակիչ Սահակ Մանուկյանը, ով պատրաստ է յուրաքանչյուր հարմար առիթ օգտագործել արտագաղթելու համար: «Ես չեմ ասում, որ մենք հինգ տարի առաջ լավ էինք ապրում, եթե այսպես լիներ, հաստատ չէինք հեռանա, բայց հիմա ուղղակի անհնար է այսպես շարունակելը. գազը, ջուրը թանկացրել են, հիմա էլ խոսակցություններ կան այն մասին, որ պատրաստվում են շուտով լույսը թանկացնել: Մեր ընտանիքում հինգ մարդ է ապրում, բայց աշխատում ենք ես ու 18-ամյա տղաս, իսկ ամբողջ աշխատածն էլ ամսական 200 հազար դրամը չի անցնում: Դուք ասեք, ես ի՞նչ անեմ»,- նշեց Սահակ Մանուկյանը:

Վերջինիս խոսքով՝ իր ընտանիքը այս տարի պատրաստվում է տեղափոխվել Ռուսաստան, որտեղ ապրելով հնարավոր կլինի գոնե օրվա հացի փողը հոգալ: «Ես շատ եմ սիրում իմ երկիրը, իմ տունը, իմ հարազատներին, հարեւաններին, բոլոր այն մարդկանց, որոնք ինձ շրջապատել են կյանքիս 46 տարիների ընթացքում, սակայն երբ կանգնում ես ընտրության առաջ, էլ տարբերակ չի մնում: Եւ ես միակը չեմ. իմ ընկերների 90 տոկոսը արդեն իսկ տեղափոխվել են Հայաստանից, ոմանք ապրում են Ռուսաստանում, մյուսները՝ Ամերիկայում, Ֆրանսիայիում, Վրաստանում եւ այլն: Այդ փաստը իրոք ցավալի է ինձ համար, քանի որ ես միշտ քննադատել եմ նրանց, միշտ չեմ կարողացել մտնել նրանց դրության մեջ, սակայն այսօր հասկանում եմ բոլորին, քանի որ նույն իրավիճակում եմ հայտնել՝ ինչ նրանք»,- ընդգծեց Սահակ Մանուկյանը՝ հավելելով, որ իր ցանոթների մեծամասնությունը արդեն իսկ հաստատվել է մի շարք երկրներում եւ կարողանում է հոգալ ծախսերը:

«Գիտեմ, որ դժվար է լինելու: Գիտեմ, որ հայտնվելու ենք մի օտար շրջապատի մեջ, որտեղ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, մեր նման չեն մտածում: Շատ դժվար է լինելու համակերպվելը, բայց ինչ արած: Ես էլ չէի ուզենա հայտնվել նման իրավիճակում: Մի բան էլ ասեմ. ես ինքս ինձ խոստացել եմ, որ հենց Հայաստանում իրավիճակը փոխվի հետ եմ գալու, ու խոստմանս տերը կլինեմ: Իմ երեխաները պետք է մեծանան իրենց երկրում, Հայաստանի ավանդույթներով ու հենց Հայաստանում է ընտանիք կազմեն: Ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- եզրափակեց Վանաձորում բնակվող Սահակ Մանուկյանը:

Մարիամ Մուրադյան, iLur.am

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է արդյո՞ք Կարլես Պույոլի վերադարձը մեծ ֆուտբոլ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ» -«Գրանադա»՝ 9:1(տեսանյութ)’