‘Արտակ Բուդաղյանը հրավիրվել է հարցաքննության, բայց հրաժարվել է ցուցմունք տալ’

1054

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել (նշենք, որ խոսքը չի գնում համացանցում տարածված հայտնի տեսանյութի մասին, այլ՝ իրավապահների ձեռքի տակ գտնվող տեսանյութի, որն ըստ տուժող կողմի, ավելի ընդգրկուն է-iLur.am)»:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը, փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:

23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, Բուդաղյանների շահերի պաշտօան Հայկ Ալումյանը Panorama.am-ին հայտնել է, որ Արտակ Բուդաղյանը այսօր պաշտոնապես հարցաքննության չի հրավիրվել:

«Երեկ պարոն Բուդաղյանը՝ սկսած ժամը 15:00-ից, հարցաքննվել, ցուցմունք է տվել մոտավորապես երկու ժամ` առողջապես գտնվելով ոչ բարվոք վիճակում, դրանից հետո էլի մոտավորապես երկու ժամ այդ տեսանյութի վերաբերյալ փորձաքննությանն է մասնակցել, որը բավականին երկար պրոցես է. տեսանյութը նայել ենք, եզրակացությանն ենք ծանոթացել: Դա Բուդաղյանի համար բավական երկար պրոցես էր, որովհետև մի քանի անգամ ինքը կադրերը նայել է: Դրանից հետո երբ երեկոյան ժամը ութը դարձավ, պետք է գնար հոսպիտալ վիրակապվելու, ջերմությունն էլ բարձրացել էր, հանկարծ իրեն հայտարարեցին, որ հինգ հոգու հետ պետք է առերեսվել: Բայց մենք ասացինք, որ ճիշտ պահը չէ, կառերեսվենք, բայց ոչ այսօր ժամը ութին: Բայց տարածել այդ ամենը այնպես, ինչպես իրենք են այսօր տարածել, դա ոչ այլ բան է, քան իրականության խեղաթյուրում»,- ասել է փաստաբանը: 

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Դիլիջանում. 18 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Այօրվանից թույլատրվում է սիրողական որսը (որսի համար թույլատրված կենդանատեսակների ու թռչունների ցանկ)’