‘Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել. Փաստաբանը «աբսուրդի ժանրից» է համարում այն’

1035

«Բուդադյանների փաստաբան Հայկ Ալումյանը «աբսուրդի ժանրից» է համարում Արտակ Բուդաղյանի նկատմամբ երեկ առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքը։ «Դեպքից հետո զինդատախազի հարցազրույցից արդեն հասկանալի էր, թե դատախազությունն ինչ աճպարարության էր փորձելու անել։ Հուսով էինք, որ հարցը դրան չի հասնի, բայց այդպես էլ եղավ»,– aravot.am–ին ասել է պարոն Ալումյանը։ Նա արդեն գիտի, թե մեղադրանք առաջադրելուց հետո ինչ քայլեր են հաջորդելու. «Փորձելու են այս մեղադրանքի վրա հիմնվելով՝ առաջ քաշել այն վարկածը, որ այս կողմը նրանց կյանքի համար վտանգավոր սպառնալիք է ներկայացրել, նրանք էլ պաշտպանվել են։ Բայց ես, մեր կողմը ամեն ինչ կանենք, որ նրանց մոտ դա չստացվի»։

Փաստաբանը դեռ չի ցանկանում բացել փակագծերն ու հայտնել, թե ով էր Բուդաղյաններին թիկունքից կրակողը։ Նա չցանկացավ նաև իր հետագա քայլերից խոսել. «Կանենք՝ նոր կասեմ, նախապես չեմ ասում՝ ինչ ենք պատրաստվում անել»։ Բուդաղյանին ներկայացված մեդադրանքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով կամ առավելագույնը երկու ամիս կալանք կամ էլ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,– գրում է թերթը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Արտակ Բուդաղյանը  հրավիրվել էր Ստեփանակերտի կայազորային քննչական բաժին, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին, ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

 Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախորդ հոդվածը‘Որտեղից Սերժ Սարգսյանին 80 մլն դրամ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԴԱՀԿ պետը նաև հսկի՞չ է. Մամուլ’