‘Արտակ Զեյնալյան. Աղբյուրը չբացահայտելը լրագրողի պարտականությունն է’

1256

‘

Աղբյուրը չբացահայտելը ոչ միայն լրագրողի իրավունքն է, այլ նաեւ պարտականությունը: Այս մասին այսօր «Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը Հայաստանում. օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: «Միջամտել կարելի է միայն այն դեպքում, երբ սահմանված է օրենքով. խոսքը մի իրավական ակտի մասին է, որը ընդունվել է Ազգային ժողովի կամ հանրաքվեի միջոցով: Պետք է ճշտել նաեւ, թե արդյո՞ք միջամտությունը հետապնդել է այն նպատակը, որը նշված է եղել օրենքում եւ երրորդ կետը, որը ամենակարեւորն է՝ արդյո՞ք այն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը:

Ըստ միջազգային իրավունքի՝ միջամտությունը կարող է իրականացվել մարդկային կյանքին վտանգ սպառնալու դեպքում, ծանր հանցագործությունը կանխելու եւ ծանր հանցագործության մեջ մեղադրվողին պաշտպանելու նպատակով: Անդրադառնալով iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի գործին, որով դատարանը լրատվամիջոցներին պարտավորեցնում էր բացահայտել նյութի հրապարակման աղբյուրը, Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը այդ որոշումը կայացրել է փակ դատական նիստի ընթացքում՝ առանց լրատվամիջոցներին տեղյակ պահելու, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Ավելին՝ դատարանը ոչ թե իրավաբանական անձին էր պարտադրել բացահայտել աղբյուրը, այլ կայքին: «Դե գնացե՛ք, կատարե՛ք ձեր ակտը: Մենք բողոքարկելու ենք թե՛ Սահմանադրական դատարան, թե՛ Եվրոպական դատարան»,- նշեց Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այս գործի դեպքում նույնպես Վճռաբեկ դատարանը անդրդրվելի է գտնվել եւ վարույթ չի ընդունել բողոքը:

Իրավապաշտպանը հայտնեց նաեւ, որ աղբյուրի բացահայտումը բացասաբար է անդրադառնում ինչպես լրատվամիջոցի հեղինակության, այնպես էլ հասարակության անդամների վրա, որոնք հանդիսանում են հավանական աղբյուրներ: 

‘

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Հայաստանի մի շարք համայնքներում 2015թ.-ի մայիսի 17-ին հայտարարված հանրաքվեների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ցորկն ընդունել է, որ «Բորուսիա»-ն տրանսֆերային սխալ քաղաքականություն է վարել’