‘Արտակ Խաչատրյանի եղբորը հայտնի են առևանգողների ավտոմեքենայի գույնը, պետհամարանիշները’

1853

«Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ անդրադարձան Արտակին ծեծի ենթարկելու դեպքին,  բայց ՀՀԿ-ն չարձագանքեց՝ տպավորությունն է, որ տեղյակ չի , կամ էլ նորմալ է համարում այս երևույթը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է առևանգված և ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե այս գործը չբացահյատվի, այն ամբողջությամբ ընկնում է իշխանության վրա։

Hraparak.am-ի հաղորդմամբ, Արտյոմը տեղեկացրել է, որ իր ձեռքում ունի նոր ի հայտ եկած ապացույցներ՝ ավտոմեքենայի գույն, պետհամարանիշներ, տեղանքը, այս ամենը իրավապահներին տրամադրելուց հետո չեն կարող չբացահայտել։ Խոսելով Արտակի առողջական վիճակի մասին եղբայրը նշել է, որ դեռևս Արտակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․«Վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց դրական փոփոխություններ կան և այսօր հավանաբար Արտակը ցուցմունք կտա»:

Նշենք, որ քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արտակ Խաչատրյանը հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել  է որպես տուժող: Երեկ քննիչները՝ բժիշկների ցուցումով Խաչատրյանին հարցաքննելու հնարավորություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Տոլստոյի փողոցից դիմակավորված և զինված անձինք առևանգել էին ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին և նրան ծեծի ենթարկել։ Արդյունքում Արտակին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատության են ենթարկել։

Նրան առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան:

Նախորդ հոդվածը‘Բերձորի միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր. ԼՂՀ ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Հակախմբագրական. Հանրապետականների ուղերձը դավաճան ՀՀ քաղաքացիներին ‘