Արտակ Հարությունյան. Երբեք խնդրի մեղքն ուրիշի վրա չբարդեց

1059

Արտակ Հարությունյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«Նորանկախ Հայաստանում՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում, ոչ մի ղեկավար չի բախվել էնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսիքին բախվեց առաջին ու հիմնադիր Նախագահը։ Ներկայիս ղեկավարն էլ է լուրջ խնդիրների բախվել։ Պարզապես եթե ներկայիս ղեկավարը բախվում է իր իսկ ստեղծած խնդիրներին, որոնցից կարող էր խուսափել, առաջին Նախագահը բախվում էր իրեն ժառանգված ու անխուսափելի խնդիրների։

Դրանք խնդիրներ էին, որոնք լուծել էին պետք, ոչ թե դրանցից բողոքել։ Ու առաջին Նախագահից երբեք տրտնջոց չլսվեց։ Երբեք խնդրի մեղքն ուրիշի վրա չբարդվեց։ Նախկինների ժառանգության համար երբեք նախկինները չմեղադրվեցին։

Կա խնդիր, պետք է լինի լուծում։ Էդպիսին էր բանաձևը։ Կա պարտադրված պատերազմ, պետք է գտնել սպառազինություն, պետք է դիվանագիտորեն հիմնավորել քո քայլերը, պետք է գտնել դաշնակիցներ, պետք է չեզոքացնել քեզ մեղադրողներին։ Գործ, որն արվում էր անշեղորեն։ Արդյունքում հաղթանակ, հրադադարի հաստատում ու խնդրի կարգավորման հիմքի ստեղծում։

Կա աղետի գոտի, պետք է աստիճանաբար այն բնակեցնել. էսօր քչերն են պատկերացնում թե էդ դժվարագույն, աղքատ, մեկուսացված տարիներին ինչ ահռելի գործ ա արվել աղետի գոտին վերականգնելու համար. անշուշտ լրիվ չհաջողվեց։

Կա տոտալ շրջափակում, պետք է գտնել ուղիներ պարեն բերելու, ապրանք բերելու։ Իհարկե աղքատ ու դժվար տարիներ էին, բայց ի՞նչ կլիներ, եթե լուծումների փոխարեն լացեին։

Կար էներգետիկ ճգնաժամ, ԽՍՀՄ իշխանության կողմից կանգնեցված ատոմակայան, պետք էր գտնել դիվանագիտական լուծում հասնելու ատոմակայանի վերագործարկմանը՝ դառնալով աշխարհում առաջին նախադեպը, երբ կանգնած ատոմակայանը վերագործարկվում է, հաղթահարվում էներգետիկ պարտադրված ճգնաժամը։

Ու էսպես ցանկացած խնդրի դեպքում։ Օրնիբուն աշխատանք ու խնդիրների հաղթահարում։ Լացուկոծի ու նոր խնդիրներ ստեղծելու փոխարեն։

Դրա համար է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իմ մտքում է ամեն օր՝ երախտիքի խոսքերով։

Պարոն Նախագահ՝ Ձեր խոսքին կարոտած, բայց լռությունն ըմբռնող երախտիքով Ձեր կենացը»։

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա
Հաջորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 49. Լեւոն Տեր-Պետրոսյան – Ելույթ Հայոց Համազգային Շարժման 9 րդ համագումարում (13 հուլիսի, 1997թ.)