‘Արտակ Նազարյանի գործով դատախազի բացարկի միջնորդությունը մերժվեց ‘

880

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում  դատավոր Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.05.2013թ.-ին կայացրած դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, ինչպես նաև գործով ամբաստանյալ սպաների բողոքների քննարկումը:   

Նիստի սկզբում տուժող կողմը բացարկի միջնորդություն հայտնեց մեղադրանքը պաշտպանող  զինվորական դատախազ Հարություն Հարությունյանին:   

«Դեռ Առաջին ատյանում տուժող կողմը հայտարարել է, որ Նազարյանի գործով կատարվել է կեղծ նախաքննություն, իսկ այն հսկել է դատախազ Հարություն Հարությունյանը», բացարկ ներկայացնելու հիմքերը ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, ով ասաց, որ նախաքննության ու դատավարության  ողջ ընթացքը խոսում է այն մասին, որ հսկող դատախազ Հարությունյանն ունեցել է անձնական շահագրգռություն և չի պահանջել լրացնել բացթողումները:   

Մարտիրոսյանը մատնանշեց բազմաթիվ հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում դատախազի ներկայացրած «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքը.   

«Նազարյանի մոտ հայտնաբերվել է այնքան փամփուշտ որքան նա ստացել էր, այդ դեպքում ինչպե՞ս է նա կրակել, եթե փամփուշտները տեղում էին: Զենքի վրա չեն հայտնաբերվել նաև մատնահետքեր, ինչպե՞ս կարող էր Արտակը ողջ օրը լիներ այդ զենքով, սակայն մատնահետքեր չհայտնաբերվեին», այս և այլ կարևոր հանգամանքներ ներկայացրեց Մարտիրոսյանը` նշելով, որ ոչ նախաքննական մարմինը և ոչ էլ Առաջին ատյանի դատարանը որևէ քայլ չեն ձեռնարկել այս կարևորագույն հանգամանքների պարզաբանման համար, իսկ հսկող դատախազ Հարությունյանը միայն խոչընդոտել է արդարադատության իրականացմանը:   

Տուժող կողմի ներկայացուցիչներն ասացին նաև, որ դատախազը ճնշում է գործադրել վկաների վրա և մշտապես դեմ է հանդես եկել նոր հանգամանքների ու փաստերի բացահայտմանն ուղղված փորձաքննություններին ու այլ միջնորդություններին:   

«Մենք միջնորդել էինք, որ Հարությունյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, նա դատարան է բերել չբացահայտված սպանություն և իրավունք չունի այստեղ մեղադրանք պաշտպանել», տուժող կողմի դիրքորոշումը վերահաստատեց Ռուբեն Մարտիրոսյանը:   

Բացարկին միացան  բոլոր ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Գործով հիմնական մեղադրյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Արմինե Ղասաբօղլյանն ասաց, որ գործով ի սկզբանե քննարկվել է միայն ինքնասպանության վարկածը և բոլոր աշխատանքները տարվել են դա հաստատելու ուղղությամբ , այնինչ առնվազն երեք վարկած կարող էր լինել:   

Փաստաբան Գևորգյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել մինչև դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն ստանալը և փաստորեն քննիչն ինքն է ուղղորդել փորձագետին:   

Ի պատասխան ներկայացված մեղադրանքների` դատախազ Հարություն Հարությունյանն ասաց, որ ներկայացված պատճառաբանություններից ոչ մեկն էլ իրականության չի համապատասխանում, սակայն մանրամասն անդրադառնալ դատախազը չցանկացավ. «Ես պարտավոր եմ իմ աշխատանքը կատարել, ես սովոր եմ բացարկներին»:   

Այդուհանդերձ, դատախազ Հարությունյանը, դատավորների պնդմամբ, ստիպված եղավ որոշ հանգամանքներ պարզբանել: Նա ասաց, որ Նազարյանին տրված փամփուշտներն իրոք նույնությամբ գտնվել են, սակայն զենքի պարունակը կարող էր և մեկով ավելի փամփուշտ տեղավորել: Մատնահետքերի վերաբերյալ դատախազն ասաց, որ մատնահետքեր եղել են, սակայն դրանք նույնացման համար պիտանի չեն եղել:   

Քննարկելով դատախազին բացարկ հայտարարելու միջնոդությունը` դատարանը որոշեց, որ  բացարկի  համար ներկայացված հիմքերը կրկնում են վերաքննիչ բողոքում բերված պատճառները և այս փուլում դրանց գնահատման համար հիմքեր չկան, ուստի դատարանը պետք է մերժի միջնորդությունը:   

Շարունակությունը՝ այստեղ

JFHR.am

Նախորդ հոդվածը‘Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը՝ Տարոն Մարգարյանի դեմ հակակոռուպցիոն դիմումի մասին’
Հաջորդ հոդվածը‘Դուբայի բնակիչներն ավելորդ քաշից կորցրած յուրաքանչյուր կգ-ի դիմաց կստանան ոսկի’