‘Արտակ Նազարյանի մահվան գործով դատը մտել է փակուղի՞. Մամուլ’

1060

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը հերթական անգամ չկայացավ: Նշենք, որ չէին կայացել նաեւ նախորդ՝ դեկտեմբերի 11-ի եւ դեկտեմբերի 18-ի նիստերը: Դեկտեմբերի 25-ի նիստը, որ պիտի սկսվեր ժամը 11-ին, մեկ ժամով հետաձգվեց: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հեռախոսով դատարանին տեղեկացրել էին, որ շուտով Իջեւան, դատարան են հասնում:

Կեսօրին նիստը վերսկսվեց: Ներկա չէին ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մանացականյանը: Դատավոր Սամվել Մարդանյանը նրանց պաշպանյալներին հարցրեց, թե նրանց բացակայությամբ կարո՞ղ են դատ անցկացնել: Հարութիկ Կիրակոսյանն ասաց, որ կարող են: Դատավորն առարկեց՝ առանց պաշտպանների նիստ չեն կարող անցկացնել: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանին հարցրեց, թե այդ դեպքում ինչու է դատավորը այդ հարցը տալիս: Դատավորն ասաց, որ ամբաստանյալները հնարավոր է, որ հրաժարվեն իրենց պաշտպաններից: Սակայն ամբաստանյալներն ասացին, որ նման մտադրություն չունեն:

Դատավորը անհարգելի համարեց պաշտպաններ Շահբազյանի եւ Մնացականյանի բացակայությունը: Դատը հետաձգվեց, դատավոր Մարդանյանը հաջորդ նիստը նշանակեց 2013թ. հունվարի 15-ին:

Մինչ Ս. Մարդանյանը հայտարարում էր հաջորդ նիստի ժամկետի մասին, քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը հաջորդ նիստին չի մասնակցելու՝ պահանջելով արտագնա նիստեր անցկացնել Երեւանում:

Սակայն դատավորն առանց արձագանքելու հեռացավ դահլիճից»,- գրում է «Առավոտը»:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը թաքցնում է դաժան իրականությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’