‘Արտահանված իշխան ձուկը վարակվել է տեղափոխման կամ իրացման ժամանակ ‘

4423

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայութունը լաբորատոր ստուգումների է ենթարկել հայկական իշխան ձկնատեսակի՝ դեպի Ռուսաստան ներկրումն արգելած ընկերությունների ապրանքը և որևէ խախտում չի արձանագրել: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության պետական ծառաըութան աշխատակից Բաբկեն Պիկոյանը:

«Բացի այն ընկերություններից, որոնց արգելվել է ներկրում իրականացնել ՌԴ, այսօր բազմաթիվ ընկերություններ շարունակում են արտահանում իրականցնել մեր տված փորձաքննության հիման վրա:  Իսկ խախտում արձանագրած ընկերություններում աշխատանքներն ավարտվել են, կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք մոտ օրերս կուղարկվեն Ռուսաստանի Դաշնություն: Իսկ թե այդ ընկերությունները կդիտարկեն որպես զրոյից արտահանող, թե նախնական թույլտվություն ունեցած ընկերություններ, դա կարող է ասել միայն ռուսական կողմը», — տեղեկացրեց Պիկոյանը:

«Այնունամենայնիվ, մենք երբեք ռուսական կողմի փորձաքննությունները կասկածի տակ չենք դրել, իրենք էլ՝ մերը: Բազմից հայտարարել ենք, որ այն խնդիրը, ինչն արձանագրել է ռուսական կողմը, հեշտությամբ կարող է առաջանալ տեղափոխման կամ իրացման ժամանակ:  Եթե այստեղ չի նկատվել հիվանդություն, դա դեռ չի նշանակում, որ դա  չի կարող առաջանալ սահմանն անցնելուն»,- ասաց Բաբկեն Պիկոյանը՝ նշելով, որ փաստացի՝ արտահանման թույլտվություն ունեն 30 ընկերություններ, իսկ վերջին ամսում ևս 5 ընկերություն ստացել է թույլտվություն: Այսինքն՝ իրականում արտահանումը չի տուժել»:

iLur.am-ը տեղեկցարել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն՝ հայկական իշխան ձկնատեսակում աղիքային ցուպիկերի խմբի մանրէներ են հայտնաբերվել, և  ձուկը ՌԴ ներկրող մի շարք ընկերությունների արգելվել է իշխանի հետագա ներկրումը: 

Նախորդ հոդվածը‘Ինչպես հաղթել Իտալիային’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի տարածքը գնդակոծվել է Գազայի հատվածի կողմից’