‘
Արտաշատի 17/02 տեղամասում իրավիճակը լարված է: Hetq.am-ը հայտնում է, որ հանձնաժողովիի աշխատանքները կաթվածահար է եղել, քանի որ տեղամաս են մտել 20-ի մոտ անհայտ անձինք, ովքեր ագրեսիվ են իրենց պահում, իսկ ոստիկանները որևէ կերպ չեն միջամտում և ընտրատեղամասից չեն հեռացնում այդ մարդկանց:
Մինչ այդ, ըստ նույն աղբյուրի, ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվման գործընթացի ժամանակ պարզվել է, որ քվեատուփի վրա աջ կողմի կնիքը բացակայում է: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչյա Հովհաննիսյանը դեպքի առթիվ մեկնաբանել է, թե իրենց հատկացրել են ընդամենը երկու կնիք. մեկով կնքվել է հիմնական, մյուսով` շրջիկ քվեատուփը: Այդ պատճառով յուրաքաչյուրի վրա առկա է մեկական կնիք` ասաց նա:
Բայց մի ուշագրավ իրողություն: «Հետքի» օպերատորը նկարահանել է` ինչպես են քվեատուփից հանվում հավասար դարսված քվեաթերթիկների տրցակներ, բոլորը` առանց բացառության քվեարկած Սերժ Սարգսյանի օգտին: Արդեն ութերորդ այդպիսի տրցակն է հանվում քվեատուփից:
Իսկ երբ քվեատուփից հանվել են խառը դասավորված քվեաթերթիկները, ձայների գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանինն է: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հր. Հովհաննիսյանը Պատասխանեց, որ չի կարող որևէ մեկնաբանություն տալ, թե ինչու են հավասար դարսված քվեաթերթիկները բոլորը Սերժ Սարգսյանի օգտին:
«Առավոտ»-ը փոխանցում է, որ Էջմիածնի թիվ 19/18 ընտրատեղամասում 1997 ընտրողից ընտրությանը մասնակցել է 919 քաղաքացի: Թեկնածուներից առաջատարները երկուսն են: Սերժ Սարգսյանը ստացել է 302 քվե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 513:
Քաղաքացի Գեւորգ Սլոյանը «Ֆեսբուքում» գրում է, որ 13/18 -ում ծեծում են ակտիվիստ ՐԱՖՖԻ Հովհաննիսյանի վստահված անձ Սեդա Մելիքյանին, Սասունցի Դավիթ 2, թիվ 6 դպրոց:
‘